Շատերը կհիշեն 2001թ. Քրիստոնեության 1700-ամյակի առթիվ «Կասկադ» համալիրում բեմականացված «Գրիգոր Լուսավորիչ» ռոք-օպերան: Ստեղծագործական խումբը` ոգեւորվելով պետական եւ միջազգային մի շարք մրցանակաբաշխությունների արժանացած երաժշտական այդ գործի ձեռքբերումներով, Մուշեղ Իշխանի «Մեռնելը որքան դժվար է» պիեսի հիման վրա ստեղծել է մեկ այլ՝ «Վերջ» ռոք-օպերան, որը հովանավորների բացակայության պատճառով մինչ օրս դեռ բեմականացված չէ: Միայն երկրպագուների համար վերջերս քիչ քանակությամբ բազմացվել է ձայնասկավառակը: Ռոք-օպերայի ձայնագրմանն աջակցել է Մշակույթի նախարարության Երիտասարդության հարցերով վարչությունը: Դերերգերը կատարում են վոկալիստներ Արման Էլբերտը, Անահիտ Շարյանը, Սարգիս Մանուկյանը, Արմեն Ադամյանը եւ ուրիշներ: Երաժշտության եւ լիբրետոյի հեղինակն Արամ Սուքիասյանն է, որի հետ էլ զրուցեցինք «Վերջ» ռոք-օպերայի մասին:
– Մեկ տարի առաջ ավարտված ստեղծագործությանը հաջորդել են մի շարք պայմանավորվածություններ. Պարոնյանի անվան եւ Համազգային թատրոններից առաջարկվել է ռոք-օպերան բեմադրել իրենց բեմերում, բայց քանի որ այն ծավալուն է եւ նախատեսում է մոտ 80 դերասանով ներկայացում եւ, միաժամանակ լուրջ ծախսեր, մեր գնահատմամբ՝ շուրջ 100.000 դոլար, ես նրանց առաջընթաց չգնացի: Իմ պատկերացմամբ, այսօրինակ գործի համար ամենահարմարն Օպերայի եւ բալետի թատրոնի բեմն է, սակայն կարծիք կար, որ համապատասխան ֆինանսական միջոցների դեպքում դրանք առաջնահերթ կհատկացվեն դասական, «Ալմաստ», «Դավիթ Բեկ» օպերաների բեմականացմանը, որի հետ չհամաձայնել չեմ կարող:
Ունենք նաեւ ինտերնետային կայք, որի միջոցով բազմաթիվ նամակներ եւ առաջարկություններ ենք ստանում: Հոլանդիայի երաժշտական կինոարվեստի ներկայացուցիչների կողմից մեկ միլիոն դոլար բյուջեով համատեղ ֆիլմ նկարահանելու հետաքրքիր եւ ոգեւորիչ նախագիծ կա: Բայց քանի որ խոսքը 70/30 հարաբերությամբ ֆինանսավորման մասին էր, ներկա պայմաններում հնարավոր չեղավ իրականացնել այդ մտահղացումը:
«Վերջ» ռոք-օպերայի հիմքում ընկած է Հայոց ցեղասպանության թեմատիկան:
– Դուք մշակույթի կառավարման մասնագետ եք: Ինչպե՞ս եք գնահատում մեզանում իրականացվող մշակութային քաղաքականությունը:
– Մեզանում նման հասկացությունները վերամբարձ են հնչում: Ցավոք, համապատասխան մարդիկ չէ, որ կառավարում են համապատասխան ոլորտները՝ մասնավորապես Մշակույթի նախարարությունում: Քաղծառայության նոր համակարգի ներդրմամբ զբաղեցրած պաշտոնների նշանակումը նույնպես չարդարացրեց իրեն, որովհետեւ հարցաշարերը չեն առնչվում մշակութային քաղաքականությանը, այլ առնչվում են պետական կառավարմանն ընդհանրապես: Սակայն մշակույթն ամենազգայուն ոլորտներից է եւ առնչվում է ազգային անվտանգությանը: Ոլորտում պաշտոնավարողը, ստեղծագործող անհատ լինելուց բացի, պետք է նաեւ պետական կառավարումից բանիմաց լինի: Օրինակ՝ մշակույթի ներկա նախարար Հովիկ Հովեյանը բանաստեղծ է, թե ինչ որակի՝ դա այլ հարց է, բայց որքանո՞վ է նա տիրապետում առկա մշակութային դաշտին, մասնավորապես նորարարություններին եւ նոր կադրերին՝ դժվարանում եմ ասել: Այսօր այն մշակույթը, որ մենք ներկայացնում ենք հանրությանը՝ պատմամշակութային է: Հայաստանի պետական մշակութային օրեր են տեղի ունենում տարբեր երկրներում: Մոտ ժամանակներս Հայաստանի նմանատիպ օրեր սպասվում են նաեւ Ֆրանսիայում: Հետաքրքիր է, այսօրվա ստեղծագործություն, այսօրվա արվեստ կցուցադրվի՞ այնտեղ: Սովորաբար նման փառատոներին մերոնք ներկայացնում են մատենագրություններ, օպերային դասական արվեստի, հիմնականում` 19-րդ դարավերջի ստեղծագործություններ: Սրանց զուգահեռ` պետք է ներկայացնել ժամանակակից ստեղծագործություններ եւ ստեղծագործողներին, որպեսզի համաքայլ լինենք աշխարհին:
Այսօր Մշակույթի նախարարությունն ունի բազմաթիվ երկրների, անգամ` Չինաստանի հետ կնքած համագործակցության պայմանագրեր, բայց համաշխարհային մակարդակի որեւէ դրամաշնորհային ծրագիր չի իրականացնում:
– Իսկ որեւէ նախագիծ ներկայացրե՞լ եք:
– «Վերջ» ռոք-օպերան ներկայացվել է թե՛ նախկին, թե՛ ներկայիս նախարարին: Խոստումնալից պատասխաններ են եղել, գործնականում ոչինչ չի արվել: Այնուամենայնիվ, նախարարության Երիտասարդության վարչությունն ինչ-որ չափով օժանդակել է: Բայց ռոք-օպերային արվեստը մշակութային երեւույթ է, այն երիտասարդական ակցիա չէ, «Բազե» համահայկական ճամբար չէ:
Մենք կորցրել եւ կորցնում ենք ստեղծագործող եւ կատարող բազմաթիվ կադրերի: Ազգային օպերայի եւ բալետի ստեղծագործողների զգալի մասը դրսում պատիվ է բերում այս կամ այն օպերային թատրոնին: Հաճելիորեն նկատում եմ, որ ներկա երիտասարդությունը նաեւ ռոք արվեստի կողմնակից է, եւ մշտապես ողջունում եմ այն ստեղծագործողներին, ովքեր ունեն քաղաքացիական կեցվածք: Թե չէ՝ կան բազմաթիվ երգիչներ, ովքեր հայրենասիրական երգեր կատարելով հանդերձ՝ երկու դրվագ անգամ չգիտեն հայոց պատմությունից: Պարզունակ բաներ չգիտեն, բայց իրենց աստղեր են անվանում: Հայաստանը աստղեր չունի: Մենք ունենք ընդամենը ասուպներ, որոնք ենթակա են մարելու:
– Միգուցե դա կապված է մեր երկրի տնտեսական «խեղճությա՞ն» հետ:
– Նկատե՞լ եք, թե մեկ ամսվա ընթացքում քանի երաժշտական տեսահոլովակ է նկարահանվում, ինչն ամենեւին տնտեսապես խեղճ երկրի նկարագիր չէ: Յուրաքանչյուր տեսահոլովակ իրենից արժեք է ներկայացնում՝ միջինը 1500-2000 ԱՄՆ դոլար: Իմ օպերայում մասնակցում են երգիչներ, որոնք միգուցե այսօր շատ հանրաճանաչ չեն, բայց համոզված եմ, որ Հայաստանի դեմքն են:
– Բայց չի կարելի հանրությանը պարտադրել` տարբեր հեռուստաալիքներով անընդհատ ունկնդրել միեւնույն երգչի կատարումները:
– Համաձայն եմ, բայց հեռուստատեսությունը կոմերցիոն երեւույթ է: Տեսաերիզներ կան, որոնց վրա դրոշմված է՝ «Հանրային ցուցադրումն արգելված է»: Ինձ թվում է, որ կան «աստղեր» կոչվածներ, որոնց մեջքին նույնպես պետք է դաջել այդ արտահայտությունը:
Պետությունը պետք է որդեգրի պետական պրոդյուսերական մոտեցում եւ անհատ ստեղծագործողների վրա ներդրում կատարելով՝ նրանց դարձնի համաշխարհային երեւույթ: Մինչդեռ շատ անգամ պատահական մարդիկ են Հայաստանը ներկայացնում այս կամ այն միջազգային փառատոներում՝ հաճախ օգտագործելով իրենց անձնական կապերը: Այստեղ է, որ դերակատարում պետք է ունենա Մշակույթի նախարարությունը:
– Նորաթուխ երգիչ-երգչուհիները մոդայիկ են դարձրել պարտադիր կերպով ժողովրդի անունից հանդես գալը:
– Զավեշտ է, ինչպե՞ս կարող է 21 տարեկան աղջիկը, որն ընդամենը երկու երգ է կատարում, որոշի, որ ինքն այլեւս արվեստագետ է: Արվեստագետը կատեգորիա է: Չի կարելի ասել՝ «Այո, իմ ժողովուրդ»: Վազգեն Առաջին կաթողիկոսը երբեւէ իրեն թույլ չի տվել ասել՝ «Իմ ժողովուրդ»: Նա ասում էր. «Ազգ հայոց», բայց նա կաթողիկոս էր: Բառերն ինքնակոչ արվեստագետների շուրթերին կորցնում են իրենց կշիռը: