– Ի՞նչ պլաններ ունեք առաջիկայում:
– Ես այս տարի ուզում եմ նշել իմ բենեֆիսը: Իմ մշակույթի կենտրոնն արդեն 10 տարեկան է, «Պարի եւ հոգու» թատրոնը` 13 տարեկան եւ, վերջապես, ես արդեն 38 տարի բեմում եմ: Համերգը կազմակերպում ենք մեր լավ ընկերների ու ընտանիքի անդամների հետ միասին: Բնականաբար, Զարուհին (Սոֆի Դեւոյանի հարսը՝ ճանաչված երգչուհի Զարուհի Բաբայանը.-Ս. Ա.) եւս կմասնակցի համերգին: Համերգացանկում կլինեն անակնկալներ: Այս անգամ ես կերգեմ ամուսնուս` Մարտիրոսի հետ, մի հետաքրքիր պար նվիրելու եմ տղայիս: Մի խոսքով, ստացվում է այնպես, որ ընտանեկան «կլանով» համերգ ենք կազմակերպում:
– Առաջին անգամ, երբ Ձեր մասին գրեցին ու խոսեցին, ի՞նչ զգացում ունեցաք:
– Առաջին անգամ իմ մասին գրեց Կամո Մկրտչյանը: Ես այն ժամանակ «Ղարաբաղի եղնիկ» էի պարում: Նա մի շատ հետաքրքիր հոդված գրեց ու ասաց, որ պարուհին մեծ սկիզբ է դնում, եւ, որ այդ սկիզբը դեռ շարունակություն կունենա ու մեծ բարձունքների կհասնի: Մի քանի ամիս առաջ Կամոն ինձ ասաց. «Քանի որ առաջինը ես եմ քեզ հետ հարցազրույց ունեցել, ես էլ ուզում եմ քո մասին գիրք գրել»: Հաճելի է, երբ մարդիկ սիրում ու գնահատում են իմ արվեստը: Իսկ ես պարում եմ ու դեռ կպարեմ:
– Կանացի բնավորության ո՞ր գիծն եք կարեւորում:
– Ես երբեւիցե իմ առջեւ նպատակ չեմ դրել, որ աստղ դառնամ: Պարզապես ունեցել եմ ցանկություն, որին հասել եմ աշխատանքով: Ճիշտ չեմ համարում այն մոտեցումը, թե սեփական ցանկությունների իրագործման համար պետք է անցնել ամենքի ու ամեն ինչի վրայով: Ես այդպիսին չեմ կարող լինել: Ես բնավորությամբ մեղմ, հանգիստ մարդ եմ ու ընդհանրապես հիշաչար չեմ: Ինձ հասցված վիրավորանքը մոռանում եմ` լուսամուտի մոտ մինչեւ տասը հաշվելով:
– Ձեր կարիերայի ճանապարհին ինչ-որ զոհաբերությունների գնացե՞լ եք:
– Միգուցե իմ բախտը բերել է: Ունեցել եմ լավ ընտանիք, սեր` ընտանիքիս անդամների ու մտերիմներիս կողմից: Եթե զգայի, որ պիտի ինչ-որ մի բան զոհաբերեմ, ապա անպայման կնախընտրեի ընտանիքս: Չեմ գտնում, որ մեկ ամսով հյուրախաղերի մեկնելը զոհաբերություն է, թեկուզ մեկ ամսով զրկվում ես երեխայիդ գուրգուրելու հաճույքից: Ես հետո դա լրացնում էի:
– Տղամարդիկ ցանկանում են, որ իրենց կողքին գտնվող կինը լինի խոհանոցում` տիրուհի, հյուրասենյակում` թագուհի, անկողնում` սիրուհի: Կինը կարո՞ղ է համատեղել այս ամենը:
– Կարծում եմ, որ դա դժվար չէ: Այս կյանքում իդեալ փնտրել-գտնելը դժվար է: Դա հաճախ հիասթափեցնում է եւ տղամարդկանց, եւ կանանց: Պարզապես ընտանիքում պետք է տիրի փոխադարձ հասկացողության մթնոլորտը: Զիջելու եւ միմյանց հասկանալու դեպքում է ներդաշնակություն ստեղծվում:
– Մի տան մեջ երկու կրակը շատ չէ՞` նկատի ունեմ Ձեզ եւ Զարուհուն (ի դեպ, այս հարցին պատասխանելիս, ներկա էր Սոֆիի ամուսինը, որն իր կողմից ասաց՝ «Նայած, թե ինչ հրշեջ ես»:
– Մենք շատ համերաշխ սկեսուր ու հարս ենք: Զառան շատ կենսուրախ աղջիկ է, որի համար ես շատ ուրախ եմ: Մեր տանը միշտ ուրախ մթնոլորտ է տիրում: Խոսակցության թեմաները հիմնականում նոր նախագծերն են, համերգներն ու տեսահոլովակները:
– Սոֆի տատիկը Սոֆի թոռնիկին երես չի՞ տալիս:
– Ոչ: Եթե մայրն ասում է՝ ոչ, ուրեմն՝ ոչ, եթե հայրն ասում է՝ չի կարելի, ուրեմն՝ չի կարելի: Երեխաներն առաջին հերթին իրենց ծնողների երեխաներն են: Այլ բան է, երբ ծնողները երեխաների կողքին չեն, տատիկն ու պապիկը երես են տալիս:
– Ո՞րն է եղել Ձեր կյանքի նշանաբանը:
– Երբեք չհուսահատվել ու ամեն օր ապրել ինչպես տոն:
– Իսկ ճաշ պատրաստել սիրո՞ւմ եք:
– Ժամանակ ունենալու դեպքում հաճույքով եմ դա անում: Չնայած, մեր ընտանիքում ուտելիքի հարցում քմահաճ մարդ չկա: