Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածով՝ կառավարությունը որոշել է առաջարկել ՀՀ ԱԺ նախագահին՝ 2005թ. դեկտեմբերի 15-ին, ժամը 12.00-ին գումարել ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան՝ ՀՀ կառավարության հավանությանն արժանացած շուրջ չորս տասնյակ օրենքների նախագծերի քննարկման եւ ընդունման նպատակով: Հանձնարարվել է ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգի վերաբերյալ լրացուցիչ առաջարկները ներկայացնել երկօրյա ժամկետում: «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ինչպես նաեւ Ծննդյան տոների եւ Ամանորի տոնական օրերի կապակցությամբ, կառավարությունը որոշել է 2006թ. հունվարի 3-ի աշխատանքային երեքշաբթի օրը տեղափոխել հունվարի 8-ի կիրակի օրը: