Արցախյան պատերազմի կամավորականների անունից` գեներալ-մայոր, Արցախի բանակի հրամանատար Արկադի Թադեւոսյանը, Արցախի բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը եւ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը երեկ բաց նամակ են հղել Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլուն: «Մտահոգիչ են վերջին շրջանում Ջավախքից եւ վրացական պետության մյուս հայաբնակ շրջաններից ստացվող լուրերը: Դրանք վկայում են այն մասին, որ վրացական կառավարությունը որդեգրել եւ գործադրում է տեղի հայ բնակչությունը իր բնօրրանից դուրս մղելու ծավալուն ծրագիր: Հանդիպելով հայ բնակչության բնական հակազդեցությանը, իշխանությունը արդեն մի քանի անգամ փորձել է անցնել ուժային մեթոդների: Վրացական պետության տարածքում հակահայ գործողությունների հետագա ծավալումը լրջորեն կվնասի հայ-վրացական հարաբերություններին, որոնք, ցանկության դեպքում, կարող էին շատ ավելի բարեկամական լինել: Սթափության կոչ ենք ուղղում պաշտոնական Թբիլիսիին եւ զգուշացնում, որ ուժային մեթոդները, ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, կարող են առաջացնել ոչ ցանկալի զարգացումներ»: