Համաշխարհային առեւտրի ու զարգացման ասպարեզում առաջնորդող դիրքեր ստանձնելու ժամանակը

14/12/2005 Ջոն Մ. ԷՎԱՆՍ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

Հիմա, երբ աշխարհի տարբեր երկրների առեւտրի նախարարները հավաքվելու են Հոնկոնգում` մասնակցելու Առեւտրի համաշխարհային կազմակերպության նախարարական վեհաժողովին, կարեւոր է, որ հիշենք, թե ինչ է դիտարկվում այս բանակցություններում. բախտախաղի է դրված ոչ այլ ինչ, քան մի բացառիկ հնարավորություն, որ սերունդներին կարող է ընձեռվել միայն մի անգամ, մասնավորապես` հնարավորություն է ընձեռվում վերացնել համընդհանուր աճին, տնտեսական հեռանկարներին ու աղքատության մեղմացմանը խոչընդոտող առեւտրային արգելքները:

Այս եւ այլ ներդրումներից բխող զարգացումներից առավելագույն շահաբաժիններ ստանալու համար` առեւտրի նախարարները Հայաստանից ու ԱՀԿ անդամ ավելի քան 145 երկրներից պետք է օգտագործեն այս շաբաթ Հոնկոնգում կայանալիք հանդիպումը` բանակցությունները խորացնելու ու արդեն իսկ 2006թ. վերջին գյուղատնտեսության, ապրանքների ու ծառայությունների ոլորտում նշանակալի արդյունքներ ապահովելու համար կայուն հիմքեր ձեւավորելու նպատակով:

Ըստ Համաշխարհային բանկի` հաջող բանակցությունները կարող են օգնել, որ տասնյակ միլիոնավոր մարդիկ կարողանան հաղթահարել աղքատությունը: Սակայն դրական հետեւանքները սահմանափակված կլինեն, եթե չլինեն սակագնային մեծ կրճատումներ, որոնք էլ կբացեն նոր շուկաներ ու կապահովեն նոր եւ իմաստալից կոմերցիոն հնարավորություններ: Նպատակասլացություն ու համակողմանի մոտեցում է անհրաժեշտ բոլոր երեք առանցքային ոլորտների առաջընթացի համար, որպեսզի կյանքի կոչի Դոհայի վեհաժողովի ժամանակ աշխարհի աղքատներին տրված խոստումը:

ԱՀԿ յուրաքանչյուր անդամ պատասխանատու է, որպեսզի համաշխարհային առեւտրի ազատականացման վերաբերյալ Դոհայի բանակցությունները հաջողությամբ պսակվեն: Հաշվի առնելով ԱՀԿ շրջանակում ու ներկայումս ապրանքների առեւտրի ասպարեզում կիրառվող պաշտոնական սակագնային տարբերությունները` սակագնային խոր կրճատումներ պետք է լինեն, որպեսզի դա անդրադառնա համաշխարհային տնտեսության վրա ու բարելավի կյանքի որակը: Հաշվի առնելով մեր տնտեսությունների տարբերությունները` այս գործարքը պետք է լինի համակողմանի, եթե իսկապես կամենում ենք գտնել բավարար շփման եզրեր համաձայնության գալու համար:

Միացյալ Նահանգները պատվախնդիր առաջարկներ է կատարել բանակցությունների բոլոր հիմնական ոլորտների վերաբերյալ` առաջարկելով վերացնել գյուղատնտեսական սակագները, արտահանման սուբսիդիաներն ու առեւտուրը խաթարող ներպետական աջակցությունը. կրճատել արդյունաբերական ապրանքների բարձր սակագները. վերացնել խոչընդոտները ծառայությունների առեւտրի ասպարեզում: Մենք պատրաստ ենք փակուղուց հանել գյուղատնտեսությանը վերաբերող բազմակողմ բանակցությունները: Մենք պատրաստ ենք կատարել իմաստալից փոփոխություններ մեր տնտեսական քաղաքականության մեջ: Մենք կոչ ենք անում, որ մեր այդ նկատառմանը համահունչ` մյուսներն էլ հանդես գան իրենց համարձակ առաջարկներով:

Զարգացող երկրների համար հատկապես կարեւորվում է շուկաների մատչելիության մեծացումը գյուղատնտեսության ոլորտում սակագները կրճատելու ճանապարհով: Օրինակ` աֆրիկյան երկրներում ամենախոշոր գործատուն գյուղատնտեսական ոլորտն է, որտեղ կենտրոնացած է աշխատուժի 60 տոկոսն ու արտահանվող ապրանքների մոտ 20 տոկոսը: Սակայն աֆրիկյան երկրների գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ միջին սակագները կազմում են 62 տոկոս, ինչը 5 անգամ ավելին է, քան ամերիկյան միջին սակագինը, որ կազմում է 12 տոկոս: Համաշխարհային բանկի հաշվարկներով` առեւտրի ամբողջական ազատականացման պարագայում ակնկալվող օգուտների շուրջ 2/3-ը ստացվելու է գյուղատնտեսությունից, որից 93 տոկոսն էլ լինելու է սակագների կրճատման արդյունքում:

Զարգացող երկրները Դոհայում հնչած խոստման կատարման գործում որոշակի դեր ունեն ու շատ օգուտներ կստանան այդ պատվախնդիր ու համակողմանի աշխատանքների հաջողությունն ապահովող իրենց քայլերի դիմաց: Նրանք մուտք կգործեն զարգացող ու զարգացած երկրների նոր շուկաներ: Զարգացող երկրներն իրենց առեւտրի 45 տոկոսն անցկացնում են զարգացող երկրների հետ, սակայն այդ առեւտուրը կազմում է այն սակագների 70 տոկոսը, որ նրանք ընդհանրապես վճարում են աշխարհում:

Միացյալ Նահանգները խորապես ձգտում է խթանել տնտեսական աճն ու նվազեցնել ընդհանուր աղքատությունը` օգնության ու առեւտրի հզոր համադրությամբ: Միացյալ Նահանգներն աշխարհում առեւտրի ոլորտում ամենամեծ եզակի աջակցություն ցուցաբերողն է, որը 2005թ. այդ նպատակի համար տրամադրել է 1,34 միլիարդ ԱՄՆ դոլար, որը 50 տոկոսով ավելին է, քան 2004թ. հատկացված միջոցները եւ կրկնակի անգամ ավելի է 2001թ. հատկացված միջոցներից:

Նրանք, ովքեր վախենում են ազատականացումից, պետք է հիշեն, որ ԱՀԿ նախորդ վեհաժողովները չեն պահանջել անմիջապես վերացնել բոլոր պաշտպանական միջոցները: Դա չի պահանջվի նաեւ Դոհայի բանակցություններով: Բանակցությունների շրջանակը նախատեսում է, որ որոշ ապրանքների նկատմամբ սակագների լրիվ կրճատումը չի տարածվի, սակայն կարեւոր է, որ այս սահմանափակումն այնպես արվի, որ աշխարհը տեսնի, թե որոնք են լինելու օգուտները: Դոհայի համատեքստում նաեւ հստակորեն մատնանշվում է, որ հատուկ եւ տարբերակված մոտեցումների ցուցաբերումը, մասնավորապես` այն ուղիները, որոնցով առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերվում զարգացող երկրներին, ինչպիսիք են` ոչ ամբողջական սակագնային կրճատումները, կամ առավել երկար փուլային իրականացումը, որը հեշտացնում է համաշխարհային առեւտրի ոլորտում իրենց մասնակցությունը, նույնպես լինելու են Դոհայի բանակցությունների անբաժանելի մասը:

Լոնդոնում, Մեծ յոթնյակի նախարարական վեհաժողովի ժամանակ, Հնդկաստանն ու Բրազիլիան պատրաստակամություն հայտնեցին արտադրական ապրանքների ու ծառայությունների շուկա մուտք գործելու մասին, ինչը հանդիսանում է պատասխանատու քայլ առաջատար զարգացող երկրների կողմից բանակցություններին նոր թափ հաղորդելու համար: Այս կարգի առաջնորդող դիրքը կարող է փակուղուց հանել համաշխարհային առեւտրի մասին բանակցություններն ու Հոնկոնգի նախարարական վեհաժողովն ու հաջորդ հավաքները դարձնել առավել արգասաբեր:

Շեշտակի առաջընթաց կարող է տեղի ունենալ միայն այն ժամանակ, եթե Եվրամիությունը եւս ցուցաբերի նման պատրաստակամություն: Եվրամիությունը պետք է անմիջապես արձագանքի` ձեռնարկելով հավասարապես համարձակ քայլեր գյուղատնտեսության վերաբերյալ իր առաջարկում` առավել ամրապնդելով Հնդկաստանի ու Բրազիլիայի բարի կամքի դրսեւորումը: Բրյուսելի կողմից հնչող այն ակնարկները, որ Եվրամիության վերանայված գյուղատնտեսական առաջարկը պատրաստ կլինի 2006թ. սկզբին, բավարար չէ: Անհրաժեշտ է իրական ու իրատեսական առաջարկ:

Նպատակասլացության, համակողմանի հեռանկարի ու կայուն ներդրումների եւ հատկապես բոլոր կողմերի նվիրման շնորհիվ ԱՀԿ անդամները կարող են օգտվել Դոհայի բանակցությունների կողմից սերունդներին ընձեռված բացառիկ այս հնարավորությունից: Սրանից կշահեն բոլոր երկրները` մեծ թե փոքր, հարուստ թե աղքատ, Մեքսիկայից` մինչեւ Բանգլադեշ ու Սենեգալից` մինչեւ Թաիլանդ: