Արամ Խաչատրյանը մեր հպարտությունն ու հիացմունքն է: Նրա կրքոտ, կենսուրախ երաժշտությունն այնքան լավատեսական ու ներդաշնակ է, որ կարողանում է լսողին «կյանքով վարակել»: Նա իր նամակներից մեկում գրել է. «Ես ուզում եմ նորը ստեղծել, բայց միաժամանակ չեմ ուզում կորցնել հինը»: Նրա երաժշտության մեջ երգեցիկ մեղեդայնություն, քնարական մոտեցում եւ հերոսական պաթոս կա:
Արամ Խաչատրյանը հասել է միջազգային փառքի, սիրվել է ժողովրդի եւ ԽՍՀՄ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: Նա ճամփորդել է ողջ աշխարհով, հանդիպել է Հեմինգուեյի, Ռոմեն Ռոլանի, Չարլի Չապլինի, Սալվադոր Դալիի հետ: Նա աշխարհում ներկայացնում էր սովետական երաժշտությունը: Սովետական շրջանը ենթադրում էր նաեւ որոշակի կանոնների կատարում, եւ Արամ Խաչատրյանը կատարում էր դրանք:
Այս լուսանկարում պատկերված են հայ պիոներները, ովքեր մեծանուն կոմպոզիտորին իրենց շարքերն են ընդունում: Կարմիր վզկապ կապելու արարողությունը տեղի է ունեցել Երեւանի նախկին Պիոներ պալատում: Լուսանկարիչ Մելիք Բաղդասարյանը հիշում է, որ այդ արարողությունը լուսանկարելու ընթացքում իր մոտ վերջացել էր ժապավենը, բայց քանի որ իրադարձությունն անպայման պետք է ֆիքսվեր ու պահվեր պատմության մեջ, Արամ Խաչատրյանին խնդրեցին նորից թույլ տալ այն կրկնել: Արամ Խաչատրյանը դեմ չէր: Սակայն նա չէր սիրում, երբ իրեն լուսանկարում էին համերգի ընթացքում: Ավելորդ մարդու ներկայությունը բեմում խանգարում էր նրան կենտրոնանալ, իսկ ֆոտոխցիկի լույսերն ու նույնիսկ թեթեւակի չխկչխկոցը կարող էին խափանել նվագախմբի աշխատանքը, մանավանդ, երբ Արամ Խաչատրյանը դիրիժորական փայտիկով էր:
Լուսանկարիչները փորձում էին բեմում հնարավորինս աննկատ՝ միայն բարձր ու հնչեղ երաժշտական պասաժների ընթացքում լուսանկարել:
«Սովետական Հայաստան» թերթի լուսանկարիչ Ավետ Եսայանը մեծն կոմպոզիտորի հետ ծանոթացել էր տարօրինակ հանգամանքների բերումով: Մոսկվայում Առնո Բաբաջանյանի հեղինակային համերգն էր, իսկ լուսանկարիչն այնտեղ գործուղման էր: Նա որոշեց անպայման ներկա գտնվել համերգին: Մոսկվայի ֆիլհարմոնիայում նա Արամ Խաչատրյանի կողքին էր նստած: «Մի կողքիս Առնոյի կինն էր, մյուս կողքիս` Խաչատրյանը,- պատմում է Ա. Եսայանը: -Համերգի ավարտից հետո, երբ հանդիսատեսն աստիճաններով իջնում էր, Արամ Խաչատրյանը հանկարծ սայթաքեց եւ, անկախ իր կամքից, հավասարակշռությունը պահպանելու համար, գրկեց ինձ: Այդպես մենք ծանոթացանք»: Որոշ ժամանակ անց, արդեն Երեւանում լուսանկարիչը հանդիպեց Արամ Խաչատրյանին եւ, հիշեցնելով այդ պատահարը, խնդրեց թույլատրել իրեն բեմից լուսանկարել համերգը: Կոմպոզիտորը լուսանկարելու առաջարկը չկարողացավ մերժել, ասելով` «Ինչպե՞ս կարող եմ մերժել քեզ: Եթե դու չլինեիր, ես հաշմանդամ կլինեի»: Ըստ Ա. Եսայանի` բեմում լուսանկարելու թույլտվությունը ստանալով, աշխատել է առավելագույնս աննկատ լուսանկարել կուլիսների ետեւից: Արամ Խաչատրյանի ոգեշնչված լուսանկարը հեղինակը հետո կոմպոզիտորին է նվիրել: Իսկ պիոներական վզկապ կապելու արարողությունը պատկերող լուսանկարը պահել է իր արխիվում: