Վերջին շրջանում դարձյալ ակտիվանում են քննարկումները ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ: 1998-ի իշխանափոխության առիթ դարձած այս թեմայի շուրջ բանավեճերը տարիների ընթացքում դադարեցին, եւ Լեռնային Ղարաբաղի հարցը մղվեց մի տեսակ երկրորդական պլան:
Վերջին շաբաթների ընթացքում հաճախակիացել են խոսակցություններն այն մասին, որ գալիք տարում հնարավոր է` լուծվի ԼՂ հիմնախնդիրը: Իսկ վերջին օրերին էլ հաճախ կարելի է լսել այն մասին, որ հայ հասարակությանը փողոց կարող է դուրս բերել միայն ԼՂ հիմնահարցը: Եվ ահա, երեկ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ բանավեճ-քննարկում տեղի ունեցավ «Հայելի» ակումբում: Բանավեճին, ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանից եւ քաղաքագետ Իգոր Մուրադյանից բացի, նախատեսված էր նաեւ Ռոբերտ Քոչարյանի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանի մասնակցությունը: Վերջինս սակայն անհայտ պատճառներով վերջին պահին հրաժարվել էր մասնակցել հանդիպմանն ու խոսել ԼՂ հարցի մասին: Ինչեւէ, քննարկմանը մասնակից Ի. Մուրադյանի խոսքերով` միջազգային հարաբերությունների նախկին համակարգն ապամոնտաժվում է, ընդ որում, ըստ նրա` ապամոնտաժվում է նաեւ պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը: Վկայակոչելով համաշխարհային վերլուծական ընկերակցությանը` Ի. Մուրադյանը հայտարարեց, թե պարզվել է, որ աշխարհում նախկին սահմանների պահպանումն ավելի թանկ է եւ վտանգավոր, քան դրանք քանդելը: Պրն Մուրադյանի խոսքերով` հիմա տեխնոլոգիաների հարց կա. ինչպե՞ս դրանք քանդել: Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը` նա նշեց. «Ասվում է, որ 2006-ն ինչ-որ շրջան է, որ եկել է Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման հարմար ժամանակը: Այո, բայց ինչի՞ արդյունքում է առաջացել այդ շրջանը: Ի՞նչ է իրականում տեղի ունեցել: Իմ կարծիքով, ոչինչ էլ տեղի չի ունեցել: Ոչ մի լուրջ պայմանավորվածություն չկա, ոչ մի լուրջ պարտավորություններ չկան` ոչ միայն հակամարտող կողմերի միջեւ, այլեւ պարտավորություններ չկան միջազգային հանրության առջեւ»: Ի. Մուրադյանի համոզմամբ` «ամեն ինչ դատարկ տեղն է ասվում»: Սակայն ինչո՞ւ է ասվում: Ինչո՞ւ է հատուկ նշվում 2006 թվականը: Ըստ Ի. Մուրադյանի` շատ արագ մոռացվեց մի իրադարձություն՝ Քի-Վեստի հանդիպումը: «Ղարաբաղը խիստ վտանգավոր վակուում է: Եթե նկատել եք, տեղի չունեցավ ինչ-որ մի բան, որը կարելի կլիներ անվանել Քի-Վեստյան գործընթաց, Քի-Վեստյան հանդիպման շարունակություն…»,- նկատում է նա: Նրա կարծիքով, երբ պարզվեց, որ ԼՂ հարցը չափազանց վտանգավոր եւ փակուղային է, ԱՄՆ ղեկավարությունը որոշում ընդունեց, որ գոնե միչեւ Հանրապետական կուսակցության կառավարման վերջն այդ հարցին այլեւս չեն վերադառնալու: «Եվ դա էր պատճառը, որ շուտով` Քի-Վեստից 18 ամիս անց, սկսվեց կարգավորման իմիտացիայի գործընթաց: Համանախագահ Ռուդոլֆ Պերինան մոտ մեկ ամսով հայտնվեց Եվրոպայում` փորձելով այդ հարցը բարդել Եվրոպայի վրա»,- կարծում է քաղաքագետը: Վերջինիս համոզմամբ` այսօր ԼՂ հարցով իմիտացիայի վրա են աշխատում բոլորը. ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Ադրբեջանը, Հայաստանը եւ նույնիսկ Թուրքիան: Ի. Մուրադյանն այն կարծիքին է, որ իմիտացիայով չի զբաղվում միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որն էլ Հայաստանի իշխանությունների ջանքերով արտաքին քաղաքական հարաբերություններից լիովին մեկուսացված է: Իմիտացիայի մասով Ի. Մուրադյանի կարծիքը կիսում է նաեւ Ե. Աբգարյանը: Պրն Աբգարյանի խոսքերով` 1997 թվականից հետո ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը վերածվել է իմիտացիոն մի մեծ շոուի: ՀՀՇ վարչության անդամն այն կարծիքին է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումն այսօր ոչ մեկի շահերից չի բխում: «Եթե ԱՄՆ-ին կամ Արեւմուտքին պետք էին կոմունիկացիոն գծեր, նավթատարներ, դա արդեն ստացել է, կամ ստանում է իրար ետեւից: Ռուսաստանը բացարձակապես շահագրգռված չէ հարցը տեղից շարժել, որովհետեւ այդ դեպքում Հարավային Կովկասում նրա գոյությունն ուղղակի մեծ հարցականի տակ է դրվում: Ադրբեջանը նույնիսկ առանց Ղարաբաղի կարող է յոլա գնալ: Նրա զարգացման առջեւ ոչ մի խանգարող հանգամանք չկա»,- մանրամասնում է պրն Աբգարյանը, ում համոզմամբ` Հայաստանը ղարաբաղյան հակամարտության լուծումից կարող էր շատ բան ստանալ, եթե 1997-ին հարցի կարգավորման գործընթացի մեջ մտներ: «Ես ընդգծում եմ, որ 1997-ին ՀՀ իշխանությունները ձգտում էին մտնել հարցի կարգավորման գործընթացի մեջ: Բայց խոսքը հարցի լուծմանը չէր վերաբերում: Հարցի լուծման գործընթացի մեջ մտնելը կապված էր մեծ փոփոխությունների հետ: Ես չեմ հասկանում, թե հարցի լուծումը ձգձգելով մենք ի՞նչ ենք շահում: Ութ տարի ձգձգելով` կորցրեցինք հայ ժողովրդի այս մասի զարգացման հեռանկարները: Դա նույն Բաքու-Ջեյհան նավթամուղն էր, որը կարող էր անցնել Հայաստանով»,- նշում է նա: Ի. Մուրադյանի պնդմամբ էլ` այժմ խնդիրն Ադրբեջանի ղեկավարությանը եւ հասարակությանը համոզելու մեջ է: Իսկ համոզել, ըստ նրա, պետք է նրանում, որ ետ ճանապարհ չկա, եւ պետք է համակերպվել տեղի ունեցած փաստերի հետ: Քաղաքագետը նաեւ այն համոզմանն է, որ ԼՂ հարցի ցանկացած կարգավորում նշանակում է տարածքների հանձնում: «Հարցի կարգավորումը խաղաղություն չի նշանակում: Դա նոր պատերազմի սկիզբ է: Մենք պատերազմի կուսակցություն չենք: Պատերազմի կուսակցությունը նրանք են, ովքեր հարցի կարգավորում են ուզում: Ստատուս-քվոն է խաղաղությունը»,- կարծում է նա, ում համոզմամբ` իրականում այսօր ԼՂ հարցով Հայաստանի վրա որեւէ ճնշում եւ սպառնալիք չկա: Այդ դեպքում, ո՞րն է այս ամբողջ աժիոտաժի պատճառը: Ակնարկելով պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին` իր առաջադրած այս հարցին Ի. Մուրադյանն ինքն էլ պատասխանեց. «Պարզապես, ինչ-որ մեկը շատ է ուզում նախագահ դառնալ, որը ոչ մի կերպ հնարավոր չէ: Միանշանակ լեգիտիմ ընտրվելու հնարավորություն չկա: Ընտրվել հնարավոր է, հայտնի մեթոդներ կան դրա համար, սակայն հարկավոր է OK ստանալ: Մի ընկերը մինչեւ հիմա OK չստացավ (ի դեպ, ես ափսոսում եմ դրա համար. կարելի էր եւ ստանալ), մյուսը չի ստանա երբեք: Զոհեր են պետք»: Պրն Մուրադյանի համոզմամբ` ԱՄՆ-ին Հարավային Կովկասում հետաքրքրում է միայն եւ միայն նավթը: Ե. Աբգարյանն էլ այն համոզմանն է, որ Ռ. Քոչարյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող որեւէ փաստաթուղթ երբեք չի ստորագրի: «Նա եկել է չստորագրելու համար եւ կգնա` առանց ստորագրելու: Նա քաղաքականություն ընդհանրապես չի հասկանում»,- համոզված է ՀՀՇ վարչության անդամը: Երեկվա քննարկման ընթացքում Ի. Մուրադյանն էլ կարծիք հայտնեց նաեւ այն մասին, որ «Ադրբեջանը չկայացած ազգություն է»: Նրա խոսքերով` 80-ականների շարժման նպատակը ոչ թե Ղարաբաղն էր, այլ ադրբեջանական պետության ոչնչացումը: «Այդ դուք լեգիտիմացրեցիք Ադրբեջանը, նրանից պետություն ստեղծեցիք»,- դիմելով Ե. Աբգարյանին` հայտարարեց Ի. Մուրադյանը: Վերջինիս գնահատմամբ` գերազանց կլիներ, եթե Ղարաբաղի հարցում ներկայիս անորոշ վիճակը ձգվեր եւս մի 100 տարի: Դա արդյո՞ք նշանակում է, որ Ի. Մուրադյանի կարծիքով ժամանակը մեր օգտին է աշխատում. «Եթե գլուխ ունենք, ժամանակը մեր օգտին կաշխատի, բայց ցավոք դա այդպես չէ»,- պատասխանեց քաղաքագետը: Ինչեւէ, կարելի է փաստել, որ ղարաբաղյան հարցի վերաբերյալ երեկվա քննարկումն էլ դուրս չեկավ ծայրահեղական մտքերի ու սրան-նրան քննադատելու շրջանակներից եւ «բանավեճը» մեծ հաշվով անօգտակար էր: