Ինքնաթիռով Հայաստան ժամանող ուղեւորների խնդիրները` կապված մառախլապատ եղանակի եւ Երեւանի օդանավակայանում վայրէջքի անհնարինության հետ, շատ են ու բազմաբնույթ: Խոսքը ոչ միայն ժամանակի կորստի մասին է, այլեւ` նյարդերի քայքայման: Այլ քաղաքներում ու պետություններում գործի բերումով հայտնված մարդիկ մի քանի ժամ եւ նույնիսկ օրեր են կորցնում Երեւան հասնելու համար:
Նման արտառոց իրավիճակները ցույց են տալիս տեղական սպասարկման ու սպասարկող անձնակազմի մարդկային որակի մակարդակը: Սպասարկման սերվիսն այս օրերին աշխատում է անսովոր եւ լարված պայմաններում: Արտասահմանից ժամանած ինքնաթիռները կամ Գյումրիում են իջնում, կամ Թբիլիսիում: Թեեւ որոշ ավիաընկերություններ առաջարկում են իրենց ուղեւորներին Տաշքենդում վայրէջք կատարել (հասկանալով, որ Բաքվում վայրէջք կատարելու տարբերակին նրանք չեն համաձայնի), շատերը նախընտրում են ավելի մոտ՝ Թբիլիսիում վայրէջք կատարել: Բծախնդիր եւ իր իմիջի մասին մտածող ավիաընկերություններն ուղեւորներին Թբիլիսիից Երեւան են փոխադրում արագ եւ հարմարավետ՝ խնայելով եւ՛ ժամանակը, եւ՛ մարդկանց նյարդերը:
Օրինակ, «British airways»-ի Լոնդոն-Երեւան չվերթի ուղեւորներին, ովքեր Թբիլիսի էին հասել, ընկերությունն առանց ավելորդ քաշքշուկների տաք ըմպելիք ու սենդվիչներ է բաժանել եւ դեպի ավտոբուս ուղեկցել: Առավոտյան ժամը 6-ին «British airways»-ի ներկայացուցիչները պարտադիր ժպիտով ու լավ անգլերենով ուղեւորներից հետաքրքրվել են՝ որեւէ մեկը բժշկական կամ այլ ծառայության կարիք ունի՞, եւ հետո տասը րոպեի ընթացքում ուղեւորների բեռները ավտոբուս են տեղափոխել: Վրաստանի տարածքն անցնելիս ավտոբուսը ավիաընկերության վրացական մասնաճյուղի ուշադրության կենտրոնում էր: Ավտոբուսն, ի վերջո, առանց ավելորդ ու չպատճառաբանված կանգառների, հասել է Հայաստան: Ուղեւորների խնդիրները, սակայն, սկսվել են այն պահից, երբ ավտոբուսը հատել է Հայաստանի սահմանը: Մեծ Բրիտանավրացական էսկորտը, ուղեւորներին բարեհաջող տեղ հասցնելուց հետո, արդեն վերադարձել էր Թբիլիսի:
Ուղեւորներից եւ ոչ մեկը չէր հասկանում` ինչո՞ւ է ավտոբուսը հինգ ժամ կանգնել սահմանին, եւ մաքսատան աշխատակիցներն ինչո՞ւ են Հայաստանի քաղաքացիներից պահանջում դեկլարացիա լրացնել: Ամերիկացիները (չվերթը սկսվել էր Լոս Անջելեսից) ու անգլիացիները շատ ուշ հասկացան, որ ձգձգման պատճառը շատ պրոզայիկ է: Հայկական մոտեցումը հստակ էր. սպասեցնենք այնքան, որ մարդկանց «զայլան գնա» ու նրանք ստիպված փող տան: Եվ շատերը տալիս էին: Ամերիկացի ուղեւորներից յուրաքանչյուրը 60-ական դոլար վճարեց մուտքի վիզայի համար, թեեւ, եթե նրանք օդով հասնեին Հայաստան, ստիպված չէին լինի կատարել այդ ծախսերը:
Ճանապարհը փող է կամ նվեր
Եղանակի վատացման ու ավիաթռիչքների խնդիրների պատճառով բանուկ եւ փողաբեր դարձած այս ճանապարհը մաքսատան աշխատակիցները փորձում էին առավելագույնս օգտագործել: Նրանք շատ քիչ ժամանակ ունեն. հենց որ Երեւանի վրա խտացած մառախուղը ցրվի, սահմանն ավտոբուսներով հատող մարդկանց թիվը, բնականաբար, կնվազի: Մաքսակետում նույնիսկ ձեւավորվել է որոշակի «ստավկա»՝ յուրաքանչյուր ավտոբուս, Հայաստան մուտք գործելու համար, պետք է վճարի 200 դոլար: Ուղեւորները, բնականաբար, այդ քաշքշուկից հոգնած՝ հավաքում են այդ գումարը, որպեսզի ժամերով չնստեն նույնիսկ շատ հարմարավետ, զուգարանով ապահովված փոխադրամիջոցում: Իսկ վրացի ժպտերես վարորդը, չցանկանալով հայերի գործերին խառնվել, բեղերի տակից քմծիծաղով նայում էր ու դիվանագիտական սառնասրտություն պահպանում: Տնտղելով ու փորփրելով ճամպրուկները՝ մաքսավորները բնավ էլ չէին մտածում երկու օր առաջ դեպի Հայրենիք ճամփա բռնած եւ, վերջիվերջո, տուն հասնել ցանկացող հայերի կամ Հայաստան ժամանած հյուրերի զգացմունքների մասին: Նրանց հետաքրքրում էր միայն մեկ բան՝ մառախուղի ընձեռած «փող պոկելու» հնարավորությունը: «Շա՞տ նվերներ ես Ամերիկայից տուն տանում,- մաքսավորներից մեկը հարցրեց երկու տարեկան երեխայի հետ ճամփորդող մի հայ կնոջ: -Պիտի բացեմ ու նայեմ իրերդ»: Այս խոսքերի մեջ սպառնալիք կար` տես հա՜, երկար պիտի սպասես, դու լավ գիտես` ինչ պետք է անես, որ ժամանակ շահես: Ճամպրուկների մանրակրկիտ հետազոտությունն ավելի ձգձգվեց, քանի որ կինը մաքսավորին ոչ մի բան նվիրելու ցանկություն չուներ: «Ավելի շատ նո՞ր շոր ունես, թե՞ հագած»,- նվեր ստանալու մտադրությունից չէր հրաժարվում մաքսավորը: «Նոր» պատասխանը լսելով` մաքսավորը բարկացավ. «Էդքան նոր շոր ի՞նչ ես անում»: Զրույցը տեղի էր ունենում մաքսային վրանում, ուր մաքսավորն ավելի ուշադիր ուսումնասիրելու համար տեղափոխել էր ճամպրուկները: Նոր շորերով կիսվել չցանկացող ուղեւորի ու համառ մաքսավորի նյարդերի պայքարն ավարտվեց այն պահին, երբ տեսադաշտում «ծանոթ» հայտնվեց: Մաքսատան ծանոթ աշխատակցի միջամտության շնորհիվ արդեն կես ժամ տեւած հագուստի քննարկումը դադարեց եւ չշարունակվեց:
Ինքնաթիռից իջած ու ստիպված ավտոբուսում հայտնված ուղեւորները մառախուղի պատճառով մաքսատան աշխատակիցների համար դարձան եկամտի աղբյուր: Եվ եթե այս պահին կարելի է փող աշխատել, ինչո՞ւ թողնել վաղվան. սա է մեր հարազատ երկրի վերաբերմունքը: Վրաստանի տարածքի եւ ոչ մի կետում բեռներն ուսումնասիրելու պարտադրանք եւ փող կորզելու ցանկություն վրացի մաքսավորների կողմից չի եղել: Վրացիները հպարտ են իրենց սերվիսով, եւ սրտաբաց կովկասյան ժողովրդի իմիջը նրանց համար մեկ վայրկյանում հարստանալու ցանկությունից ավելի թանկ է: Հին ու ջարդուխուրդ կառույցի տպավորություն թողնող Թբիլիսիի օդանավակայանն այնքան է զիջում մեր գեղեցիկ ու ժամանակակից «Զվարթնոցին», որքան մեր անհասկանալի ու շատ դեպքերում գիտակցության մեջ չտեղավորվող սպասարկումը` վրացիների արագ ու որակյալ աշխատանքին: «Մենք ամեն ինչ պատրաստ ենք անել, որպեսզի դուք մեր երկրում երկար չմնաք ու արագ հասնեք ձեր նշանակետին»,- ասաց Թբիլիսիի օդանավակայանի աշխատակից Սանդրոն, ում համար իր երկրի իմիջը փողից էլ թանկ է: Հայ ուղեւորներից մեկը հարցրեց նրան` արդյո՞ք, նրա կարծիքով, եթե Թբիլիսիում մառախուղ լինի, Երեւանը նույնքան ապահով վրացիներին իրենց Հայրենիք կհասցնի: Սանդրոն մի պահ լռեց` չիմանալով` ինչ պատասխանել, որպեսզի ոչ սխալ, ոչ էլ վիրավորական արտահայտություն թույլ չտա: Ու պատասխանեց՝ «Թբիլիսիում մառախուղ չի լինում»: Իսկ մեզ մոտ ամեն բան մառախուղով է պատված: