2006 թվականից սկսվելու է ինքնակամ կամ ապօրինի շինությունների դեմ պայքարի մի նոր փուլ: Դրա համար այս տարվա վերջին գործադիր եւ օրենսդիր իշխանությունները լավ նախապատրաստվեցին՝ քաղաքաշինության, քաղաքացիական, վարչական, քրեական եւ հողային օրենքներում կատարեցին հետաքրքիր փոփոխություններ եւ ստեղծեցին այսպես կոչված՝ հատուկ փաթեթ:
Նախ, անօրինական շինությունների համար վարչական օրենսգրքով նախատեսված 70 հազար դրամ տույժ ու տուգանքը բարձրացրին մինչեւ 200 հազար դրամի, իսկ վերադաս մարմնի համապատասխան որոշումը չկատարելուց հետո՝ 2,5 մլն դրամի: Վարչական եւ քրեական պատիժ է նախատեսված նաեւ վերահսկող մարմինների համար՝ նվազագույն աշխատավարձի 2500-ապատիկի չափով տուգանքից մինչեւ երկու տարվա ազատազրկում: Օրենսդրական այս փոփոխությունները նոյեմբերի
26-ից ուժի մեջ են մտել եւ կիրառվելու են: Քաղաքապետարանի Իրավաբանական վարչության պետ Արտյոմ Սարգսյանը տույժ ու տուգանքների չափի բարձրացումը բացատրեց ապօրինի կառուցապատման դեմ պայքարի խստացումով. «Քաղաքացին կարող է մի գիշերվա մեջ մի ավտոտնակ կառուցել եւ 70.000 դրամ էլ տուգանք մուծել,- ասաց պարոն Սարգսյանը: -Ի՞նչ է եղել որ»:
Իսկ ինչպե՞ս է դասավորվելու մինչ այդ կառուցված ապօրինի շինությունների ճակատագիրը: 2001թ. հաշվարկվել է, որ Երեւանում կան մոտ 108 հազար ինքնակամ կամ ապօրինի շինություններ: Վերջին տարիներին ինքնակամ շինությունների օրինականացման գործընթացով օրինականացվել են մոտ 33.000 ապօրինի կառույցներ: Բայց դրանց մեջ եղել են նաեւ 2001 թվականից հետո կառուցվածներ: Այսինքն, ավելի քան 100.000 ապօրինի շինություններին դեռ սպառնում է օրինականացման մի նոր գործընթաց: Օրինականացման նոր փուլը սկսվելու է 2006 թվից, երբ կընդունվի «Ինքնակամ կառույցների գույքագրման եւ հաշվառման մասին» օրենքը: Սակայն այս դաշտում ամենացնցող փոփոխությունն այն է, որ բոլոր ինքնակամ շինությունները դառնալու են պետական սեփականություն: «Ինքնակամ կառույցների դեմ պայքարի խստացումը միայն տուգանքների բարձրացումը չէ,- ասաց Արտյոմ Սարգսյանը: -Քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածը սահմանում է, որ այսուհետ կառուցված ցանկացած ինքնակամ հանդիսանալու է պետության սեփականությունը, երկու քար էլ իրար վրա դրեցիր, պետությանն է, կուզի` կնվիրի, կուզի` կվաճառի: Սա է խստացումը: Օրինականացման գործընթաց այսուհետ չի լինելու: Քաղաքացին պետք է հասկանա, որ շինարարության համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է նախօրոք ստանա: Մեր պայքարը հների դեմ չէ, այլ նրա համար է, որ այսուհետ ինքնակամ կառույցներ չլինեն»:
Իսկ հների համար քաղաքապետարանի համապատասխան հանձնաժողովը նախ պետք է որոշի, թե այդ ինքնակամը համապատասխանո՞ւմ է արդյոք քաղաքաշինության նորմերին: Եթե հանձնաժողովը հանկարծ գտնի, որ չի համապատասխանում, ապա քաղաքապետարանն այն քանդելու որոշում կընդունի: Քանդման աշխատանքները պետք է կատարի կառուցապատողը, հակառակ դեպքում՝ քաղաքային կամ համայնքային ինչ-որ մի կառույց, բայց հետո ծախսված գումարը դատարանի միջոցով կառուցապատողից կգանձվի: Իսկ եթե բախտի բերմամբ հանձնաժողովը գտավ, որ կառույցը համապատասխանում է քաղաքաշինության նորմերին, ապա կառուցապատողը պետք է սպասի մեկ այլ որոշման՝ սահմանվելու օրինականացման գումարի չափի մասին որոշմանը: Դրա համար կառավարությունը դեռ նոր կարգ պետք է սահմանի, որպեսզի հստակեցնի, թե այդ շինությունն իր իսկ կառուցապատողին վաճառի՞, նվիրաբերի՞, թե՞ օրինականացման համար այլ սակագներ որոշի:
Ի՞նչ է ստացվում: Քաղաքացին, օգտվելով քաղաքային ղեկավարության հանցավոր թողտվությունից, առանց համապատասխան փաստաթղթերի սկսում է տուն կամ ավտոտնակ կառուցել: Կառուցապատման ընթացքում նա «լեզու է գտնում» համապատասխան պաշտոնյաների հետ եւ «հանում է» պահանջվող բոլոր փաստաթղթերը: Մանավանդ, որ կառուցապատումից առաջ էլ առանց «մաղարիչի» դժվար թե հնարավոր լինի քաղաքապետարանից շինարարության թույլտվություն ձեռք բերել: Բայց սա` լավագույն դեպքում: Քիչ չեն այն դեպքերը, երբ կառուցապատողը շինարարությունն ավարտելուց եւ շահագործելուց հետո էլ չի բարեհաճում կամ, հնարավոր է նաեւ, որ չի կարողանում այդ փաստաթղթերը ստանալ: Նույնիսկ դեպքեր կան, երբ ապօրինի կառույցը վաճառվել է առանց այդ փաստաթղթերի: Բայց սա հարցի մի կողմն է: Հիմա այդ կառույցները պետք է դառնան պետական սեփականություն, հետո նոր օրինականացվեն: Եվ սկսվելու է ծանոթ-բարեկամ գտնելու եւ «մաղարիչ» տալ-վերցնելու մի մեծ գործընթաց, որի առաջին փուլը սկսվելու է այն ժամանակ, երբ քաղաքապետարանի հանձնաժողովը կորոշի՝ տվյալ կառույցը համապատասխանո՞ւմ է քաղաքաշինության նորմերին, թե՞ ոչ: Եթե «ձեւ» գտնեք եւ այդ համապատասխանության փուլն անցնեք, մաղարիչի երկրորդ փուլը կսկսվի այն ժամանակ, երբ քաղաքապետարանի համապատասխան հանձնաժողովը կորոշի, թե ձեր կառուցած, բայց պետության սեփականություն դարձած այդ շինությունն ի՞նչ գնով վաճառի ձեզ: Հնարավոր է, որ բարեհաճ լինի եւ որպես նվիրատվություն ձեւակերպի: Բայց դժվար թե մեր քաղաքապետարանի պաշտոնյաներն առանց մաղարիչի այդ քայլին գնան: Կամ էլ կգնան, եթե դիմողը բարձր պաշտոնյա է կամ օլիգարխ: Իսկ եթե չկարողանաս նրանց հետ լեզու գտնել, հնարավոր է, որ այդ նույն կառույցը քեզ վրա վաճառեն շուկայական գնով: Ձեւերը շատ են: Այսինքն` մեր քաղաքային իշխանություններն օրենքն ու կարգն այնպես են մշակել, որ տուգանքների հետ միասին կաշառք վերցնելու ձեւերն ու չափերն էլ շատանան: Այնպես որ, հնարավոր է, որ այս նոր նախաձեռնությունը մարդկանց ստիպի կառուցապատումը սկսել միայն համապատասխան փաստաթղթեր եւ շինթույլտվություն ձեռք բերելուց հետո, բայց քաղաքային իշխանությունները, միեւնույն է, իրենց մաղարիչի տեղը կանաչ կպահեն: Արտյոմ Սարգսյանը մեզ հետ զրույցի ժամանակ այս կարծիքը չընդունեց եւ այսպիսի պատասխան տվեց. «Հնարավոր է, որ այդպիսի դեպքեր եղել են, ես ոչինչ չեմ կարող ասել: Ես քաղաքապետարանի իրավաբանն եմ: Այդ հարցերով թող համապատասխան մարմինները զբաղվեն»: