Տրանսպորտի եւ կապի նախարարությունն օրերս հաստատեց «ԱրմենՏելի» 2006թ. նոր սակագները: Ճիշտ է, նախարարությունը չի ընդունել ընկերության ներկայացրած տարբերակը, բայց նույնն էլ չի թողել, «մի փոքր» բարձրացրել է: Այս «կոմպլեմենտար» քաղաքականությունը հատուկ է Հայաստանի կոմունալ բոլոր ծառայություններին: Ներկայացնողը միշտ էլ շատ բարձր է ներկայացնում, հաստատողն էլ կտրուկ իջեցնում է նրա «գինը» եւ սահմանում է հավանաբար նախօրոք պայմանավորված սակագինը: Եվ տպավորություն է ստեղծվում, թե նախարարությունը 2-3 ամիս տեւող բուռն բանակցությունների արդյունքում հաղթանակ տարավ՝ շատ քիչ թանկացում հաստատեց: Տրանսպորտի եւ կապի նախարարությունը նույնիսկ մեկնաբանեց, որ այդ թանկացումն էականորեն չի անդրադառնա սպառողների վրա, քանի որ անվճար 360 րոպեից հետո մինչեւ 1600 րոպեի դիմաց գանձվող 4 դրամը դարձել է 5 դրամ, ընդամենը 1 դրամով է բարձրացել: Բայց նախարարությունը չի նշում, որ տվյալ դեպքում 1 րոպեի համար 1 դրամի թանկացումը նշանակում է սակագնի 25 տոկոս թանկացում, ինչը, եկեք խոստովանենք, որ ցածր չէ: Իսկ 1600 րոպեից ավելի խոսակցության դեպքում գանձվող գումարը 1 րոպեի համար 8 դրամից դարձել է 9 դրամ: Այս անգամ էլ թանկացել է 12 տոկոսով: Շարունակենք, բաժանորդային վարձը քաղաքացիների համար ավելացել է ընդամենը 200 դրամով, 900-ից դարձել է 1100 դրամ, բայց բարձրացել է մոտ 20 տոկոսով: Գործարար բաժանորդների բաժանորդավարձը ավելի շատ է բարձրացել՝ 3240-ից դարձել է 4800 դրամ, այսինքն` թանկացել է ամբողջ 45 տոկոսով: Եվ այս մի քանի դրամանոց «մի պուճուր» թանկացումները «ԱրմենՏելին» մեծ շահույթ են բերելու:
«ԱրմենՏելն» օգտվել է թիվ 60 լիցենզիայով իրեն տրված իրավունքից,- մեկնաբանեց ընկերության մամուլի քարտուղար Հասմիկ Չութիլյանը: -«ԱրմենՏելն» իրավունք ունի 5 տարի անընդմեջ վերաբալանսավորել իր սակագները»:
Համապատասխան նախարարության պատասխանատուները չգիտես, թե ինչ տրամաբանությամբ են առաջնորդվել, որ ոլորտում 20 եւ ավելի տոկոս թանկացումը էական չեն համարել: Եթե Տրանսպորտի եւ կապի նախարարությունը չբավարարեր «ԱրմենՏելի» ներկայացրած հայտը, ապա ընկերության մենաշնորհը 2009թ. փոխարեն կձգվեր մինչեւ 2012թ.: Ահա թե ինչով է իր քաղաքացիներին մխիթարում Հայաստանի կապի ոլորտի պատասխանատուն: