Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի ունեցած Սեւծովյան ավազանի երկրների գլխավոր ասամբլեայում հակասություն տեղի ունեցավ վրացական եւ հայկական պատվիրակությունների միջեւ: Պատճառը տարածաշրջանային հաղորդակցության միջանցքի ծրագիրն էր: Վեճն առաջացավ վրաց պատգամավոր Դավիթ Սագանելիձեի եւ Հայաստանի խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանի միջեւ: «Ալիան» այդ առիթով հանդիպեց Դավիթ Սագանելիձեին, եւ նա պատմեց, թե ինչ է պատահել Տիրանայում…
– Վեճը ծագեց Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծային մայրուղու եւ Վրաստանի երկաթուղու աբխազական հատվածի պատճառով: Հայաստանը պահանջեց, որպեսզի առաջին նախագծում Ախալքալաքը փոխարինվեր Գյումրիով: Հայկական կողմի երկրորդ պահանջը կայանում էր նրանում, որպեսզի տարածաշրջանային հաղորդակցության միջանցքի նախագծում պարտադիր կարգով հիշատակվեր վրացական երկաթուղու աբխազական հատվածի շուտափույթ գործարկումը: Հայկական կողմի կարծիքով, իրենց պահանջների չկատարումը Հայաստանին դուրս է թողնում տարածաշրջանային հաղորդակցության միջանցքներից: Ես, բնականաբար, այդ առաջարկությունների դեմ էի: Ինչ վերաբերում է Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու մայրուղուն, ապա այդ նախագիծը հաստատվել է երեք պետությունների նախագահների կողմից դեռեւս ընթացիկ տարվա ամռանը, եւ այն արդեն ներկայացված է ՄԱԿ: Իր հերթին, ՄԱԿ-ում նախագիծը ճանաչեցին տարածաշրջանի համար անհրաժեշտ եւ շատ կարեւոր եւ այն գնահատեցին որպես TRACECA -ի բաղադրիչներից մեկը: Այժմ փաստաթուղթն ուսումնասիրվում է Եվրամիության Տնտեսական խորհրդում, որը ֆինանսավորելու է այն: Խոսքը գնում է 400-450 միլիոն դոլարների մասին: Այստեղից միջոցների մեծ մասը հավանաբար կտրամադրվի Թուրքիային, քանի որ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երթուղու թուրքական հատվածն ամենաերկարն է: Հայտնի պատճառներով, ոչ Թուրքիան, որ Ադրբեջանը չեն ցանկանում, որպեսզի իրենց ապրանքները կամ էլ իրենց համար նախատեսված ապրանքներն անցնեն հայկական տարածքով, քանի որ համարում են, որ Հայաստանում իրենց բեռների համար գոյություն ունեն բարձր ռիսկային գործոններ: Ընդ որում, համապատասխան հանձնաժողովի նիստերում հայկական կողմը պահանջներ չէր առաջադրում: Ասամբլեայի նիստի ընդմիջմանը հայերը կարողացան ձեռք բերել հինգ երկրների պատվիրակությունների աջակցությունը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ռումինիայի եւ, եթե չեմ սխալվում, Ալբանիայի: Բայց ընդմիջմանը հատկացված ժամանակը նրանց չբավականացրեց, որպեսզի առաջարկությունը վերանայվեր անհրաժեշտ վեց ձայնով:
Ընդմիջումից հետո, հայկական խորհրդարանի նախագահը (նշեմ նաեւ, որ հայկական պատվիրակությունը համարյա թե ամենաբազմամարդն էր, եւ նրան ուղեկցում էր հայ լրագրողների պատկառելի խումբ)` Արթուր Բաղդասարյանը իսկական գրոհ ձեռնարկեց մեզ վրա: Բայց ես խստորեն ընդհատեցի նրան եւ բացատրեցի ասամբլեայի մասնակիցներին, թե ինչն ինչոց է: Դրանից հետո այն պատվիրակությունները, որոնք աջակցելու էին Երեւանի առաջարկությանը, ետ վերցրին իրենց առաջարկությունները հայկական կողմին սատարելու վերաբերյալ եւ մեզնից ներողություն խնդրեցին: Իսկ հայկական պատվիրակությունը, զգալով պարտությունը, իր բողոքը հանեց օրակարգից:
– Ինչո՞ւ վրացական պատվիրակությունն այդքան սակավաքանակ էր՝ ընդամենը երկու մարդ:
– Վրաստանի խորհրդարանը միջոցներ չունի: Բայց մեր ներկայությունը՝ իմ եւ Զուրաբ Դավիթաշվիլու, անհրաժեշտ էր, քանի որ ծրագրված էին մեր ելույթները:
– Իսկ ի՞նչ գումարներով մեկնեցիք Տիրանա:
– Ճանապարհածախսը փոխհատուցեց երկրի խորհրդարանը, իսկ բնակվելունը՝ ասամբլեան:
«Ալիա» թերթ (Վրաստան)