Կացինը կոթից խելոք է

10/12/2005

110 օրից ավելի հացադուլի մեջ գտնվող, 15 տարվա ազատազրկման դատապարտված Ռազմիկ Սարգսյանը Նուբարաշենի Քրեակատարողական հիմնարկի, դատավորների եւ բժիշկների համար փորձարարական տիկնիկ է դարձել: Երեկ Նուբարաշենի Քրեակատարողական հիմնարկում ականատես եղանք, թե ինչպես էին բժիշկները Ռազմիկին հետազոտում: Ներկա էին Քրեակատարողական հիմնարկի բժիշկները եւ անկախ բժիշկները: Քրեակատարողական հիմնարկի պետի ընտրությամբ բժիշկների այցին միացել էր նաեւ Բժշկական համալսարանի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Էդուարդ Նազարեթյանը: Ի տարբերություն անկախ բժիշկների, պրոֆեսորը հացադուլավորի առողջական վիճակը բավարար գնահատեց: Ավելի ուշ պարզվեց, որ պրոֆեսոր Նազարեթյանը ՀՀ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի բարեկամն է: Սակայն կլինիկական հիվանդանոցի բաժնի վարիչ, թերապեւտ Մ. Հարությունյանը երկար հետազոտումից հետո ասաց, որ Ռազմիկին միանշանակ պետք է տեղափոխել հիվանդանոց: Անկախ բժշկի այս եզրակացությունը պրոֆեսորի սրտով չէր, այդ պատճառով նա հակադարձեց բժշկին՝ «Պրոֆեսորին խե՞լք եք սովորեցնում: Ես եմ ձեզ բժշկություն սովորեցրել, դուք ինչպե՞ս եք այսինչն այսպես բացատրում, երբ ես ձեզ այլ կերպ եմ սովորեցրել»: