Այս օրերի ամենաքննարկվող թեմաներից մեկը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո երկրում ստեղծված իրավիճակն է: Արդեն բազմաթիվ վերլուծություններ ու բացատրություններ են եղել, թե ինչու հայրենի ընդդիմությանն այս անգամ էլ չի հաջողվում Հայաստանում իրականացնել բազմիցս խոստացված հեղափոխությունը: Հանրաքվեից հետո մեր երկրում ստեղծված իրավիճակի շուրջ երեկ քննարկում էր հրավիրվել Մամուլի ազգային ակումբում:
«Ներքեւից հեղափոխության սպառնալիքը բառի բուն իմաստով կախված է մնում Հայաստանի եւ Ադրբեջանի իրականության վրա»,- քննարկման ընթացքում նման կարծիք հայտնեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ Ստեփան Սաֆարյանը: Իսկ ինչո՞ւ այս անգամ էլ չի իրականանում այդ հեղափոխությունը, իր առաջադրած հարցին Ս. Սաֆարյանն ինքն էլ պատասխանեց. «Մեր հասարակության համար մեկ ավագանու ընտրությունն ավելի կարեւոր է, քան Սահմանադրությունը, որովհետեւ 1995-ին Սահմանադրության ընդունումը, դրանից հետո ստեղծված իրավիճակը ցույց տվեցին, որ մեր հասարակությունը չի կարեւորում Սահմանադրության դերակատարումը»: ՌԱՀՀԿ փորձագետը զուգահեռներ անցկացրեց 1995-ի հանրաքվեից հետո ստեղծված իրավիճակի եւ 2005-ի հանրաքվեից հետո ստեղծված իրավիճակի միջեւ: Նրա կարծիքով` ընտրակեղծիքների շարքը սկսվեց հենց 1995-ից, եւ զուգահեռ տեղի ունեցող խորհրդարանական ընտրություններն էլ մեծ թափ հաղորդեցին էլիտայի` արդեն սկսված ճեղքման պրոցեսին: Սակայն, ըստ Ս. Սաֆարյանի, նշված ժամանակների միջեւ կա մի էական տարբերություն. 1995-ի հանրաքվեից հետո ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ուներ 2-րդ անգամ անընդմեջ ՀՀ նախագահի պաշտոնում վերընտրվելու իրավունք, իսկ 2005-ի հանրաքվեից հետո գործող նախագահը նման հնարավորություն չունի: Ս. Սաֆարյանը կանխատեսում է, որ այս հանրաքվեից հետո էլ կլինեն «էլիտայի ճեղքման դրսեւորումներ», որոնք արդեն ի հայտ են եկել (նկատի ունի հանրաքվեից հետո ԱԺ նախագահ Ա. Բաղդասարյանի պահվածքը.): «Կոալիցիայի բոլոր ուժերն արդեն գործող նախագահին դիտարկելու են իբրեւ անցյալ եւ իմ կանխատեսմամբ` կոալիցիայի 4-րդ բեւեռի` նախագահի հետ լարվածություններն ավելանալու են»,- կարծում է նա: Ս. Սաֆարյանը նաեւ այն համոզմանն է, որ 2007-ը գնալով ավելի ու ավելի մեծ ազդեցություն է սկսում թողնել քաղաքական պրոցեսների վրա, սական «հայ հասարակությանն ընդունակ է փողոց դուրս բերել միայն Լեռնային Ղարաբաղի խնդիրը»: Այս կարծիքը կիսում էր նաեւ քննարկմանը մասնակից հոգեբան Կարինե Նալչաջյանը: Վերջինիս կարծիքով` այսօր շատ մեծ ռեալիստներ են մեր իշխանությունները, ժողովուրդը նույնպես ռեալիզմի պակասով առանձնապես չի տառապում, սակայն ռեալիզմն ինչ-որ չափով կորցրել է ընդդիմությունը: «Եթե վերեւում անարդարություններ են կատարվում, ներքեւի մարդիկ, քանի որ չկան հեղափոխական տրամադրություններ, քանի որ չկան հեռանկարներ, որ կարելի է ինչ-որ բան արմատապես փոխել, իրենք են սկսում փոխվել, այսինքն` գնում է զուտ հոգեբանական հարմարման գործընթաց: Սա հոգեբանական ինքնապաշտպանություն է»,- բացատրում է հոգեբանը, ում կարծիքով` հեղափոխական տրամադրություններն այսօր շատ հեռու են մեզանից: «Եթե նույնիսկ մեկ տարի առաջվա տեսարանները, որ մարդիկ տեսնում էին Վրաստանում, Ուկրաինայում, կարող էին ոգեւորություն առաջացնել, այսօր արդեն այդ հեղափոխություններն այն էտապում են, որ մեզ հասնում է հիասթափությունների ալիքը»,- կարծում է նա: Հոգեբանի համոզմամբ` ընդդիմությունն այսօր ճգնաժամ է ապրում, մինչդեռ իշխանությունն այս պահին ավելի ինքնահաստատված է եւ չարախինդ կեցվածք ունի ընդդիմության նկատմամբ: «Եվ նա դրա իրավունքն ունի, որովհետեւ նա ավելի ռեալիստ է գտնվել ու ավելի ճիշտ է կողմնորոշվել»,- կարծում է Կ. Նալչաջյանը: Իսկ ահա քննարկման մեկ այլ մասնակցի` լրատվամիջոցների Կովկասյան ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով` արտառոց ոչինչ տեղի չի ունեցել: «Իսկ ի՞նչ է պատահել որ: Հայաստանում միջազգային չափանիշերին չհամապատասխանող ինչ-որ ընտրություններ են տեղի ունեցել, ձայները ճիշտ չեն հաշվվել: Ձայների ինչ-որ քանակ գնվել է, չափազանցվել է եւ այլն: Երբեւէ այլ կերպ եղե՞լ է»,- հարցնում է նա, ում կարծիքով` իշխանություններն իրենց պահել են այնպես, ինչպես իրենց թույլ են տվել պահել: «Իսկ ինչո՞ւ այն պետք է իրեն այլ կերպ պահեր: Ընդդիմությունն էլ ասաց, որ ինքը կարող է, բայց չկարողացավ: Իսկ ինչ է` երբեւէ այլ կերպ եղե՞լ է»,- դարձյալ հարցնում է Ա. Իսկանդարյանը: Վերջինս այն կարծիքին է, որ ընդդիմությունը հանրաքվեի դեպքում ռացիոնալ գործեց: «Հիմա եւ՛ ընդդիմությունն է թույլ, եւ՛ իշխանությունը: Հեղափոխություն տեղի չի ունենում հենց այն պատճառով, որ իշխանությունն էլ է թույլ: Այն, թե ինչպես իշխանություններն անցկացրեցին հանրաքվեն, այն, թե ինչպես իշխանություններն իրենց պահեցին հանրաքվեից հետո` բոլոր այդ ծիծաղելի ձերբակալությունները, հայտարարությունները, դրանք թուլության դրսեւորում են: Իր վրա վստահ իշխանությունն իրեն այդպես չի պահում»,- կարծում է նա: Լրատվամիջոցների Կովկասյան ինստիտուտի ղեկավարի կանխատեսմամբ`ոչինչ էլ տեղի չի ունենա եւ այսպես կշարունակվի մինչեւ 2007 թվականը: Ըստ նրա, ընդդիմությունը չի ճանաչի բոլոր ընտրությունների արդյունքները, իշխանություններն էլ ուշադրություն չեն դարձնի դրա վրա, իսկ երբեմն էլ բավականին նյարդային ձեւով դրան կպատասխանեն: «Հայաստանում ընդդիմություն չկա, եւ Հայաստանն առանց ընդդիմության դեռ երկար կմնա»,- կարծում է նա: ՄԱԱ երեկվա քննարկմանը մասնակցում էր նաեւ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ով եւս այն կարծիքին էր, որ Հայաստանում հեղափոխական իրավիճակ չկա, իսկ ընդդիմությունը թույլ է: