Մարդաորս Չարենցավանում

10/12/2005 Արման ԳԱԼՈՅԱՆ

ՀՀ Ոստիկանությունը շարունակում է «Հանրապետություն» կուսակցության անդամների նկատմամբ ահաբեկումների շարքը։ Այս անգամ նրանց տեսադաշտում են հայտնվել «Հանրապետություն» կուսակցության Չարենցավանի տարածքային կազմակերպության անդամները։ Ոստիկանության Չարենցավանի բաժին բերման են ենթարկվել «Հանրապետության» անդամներ Արայիկ Խալաֆյանն ու Սաշա Սայադյանը։ Ինչպես տեղեկացանք «Հանրապետություն» կուսակցությունից, դեկտեմբերի 4-ին, ժամը 16-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի մուտքի մոտ Պետավտոտեսչության աշխատակիցները կանգնեցրել են Արայիկ Խալաֆյանին պատկանող «ՎԱԶ 21-07» մակնիշի 07LU393 պետհամարանիշի ավտոմեքենան, իջեցրել են ուղեւորներին, եւ «մեքենան կասկածի տակ է, պետք է բաժին տանենք» պատրվակով` տարել են Կոտայքի մարզի Չարենցավանի բաժանմունք: Իսկ Սաշա Սայադյանին էլ նույն օրը ժամը 17-ի սահմաններում, երկու համազգեստավոր ոստիկան ասել են, որ Ոստիկանության Չարենցավանի բաժանմունքի պետ Մանուկյանը ցանկանում է իր հետ զրուցել: Եվ առանց որեւէ փաստաթուղթ ներկայացնելու՝ նրան տարել են բաժանմունք: Ոստիկանության Չարենցավանի բաժանմունքում Սաշա Սայադյանի եւ Արայիկ Խալաֆյանի հետ զրուցել է պետի տեղակալ Աֆյանը, որը պահանջել է այլեւս չներկայանալ ընդդիմության հանրահավաքներին։ Աֆյանն ընդդիմության ներկայացուցիչներին ասել է, որ բաց չի թողնի` մինչեւ վերջիններս ուրբաթ օրվա հանրահավաքին չմասնակցելու պարտավորագիր չգրեն: Բայց երբ «Հանրապետության» ներկայացուցիչները հրաժարվել են որեւէ բացատրագիր գրելուց՝ պնդելով հանրահավաքներին մասնակցելու իրենց սահմանադրական իրավունքը, «նրանց փակել են թաղային ոստիկանների սենյակներից մեկում եւ մինչեւ դեկտեմբերի 5-ը, ժամը 13-ը պահել այնտեղ»,- ասացին «Հանրապետություն» կուսակցությունից: Այնուհետեւ նախորդ օրվա զրույցն ազատազրկվածների հետ շարունակել է բաժանմունքի պետ Մանուկյանը, սակայն, արդյունքի չհասնելով, հեռացել է։ Քիչ անց Ոստիկանություն բերման ենթարկվածներին թույլատրել են տուն գնալ: «Ս. Սայադյանի եւ Ա. Խալաֆյանի` Ոստիկանության կողմից տեղեկանք տալու մասին պահանջը առ այն, որ նրանք շուրջ 20 ժամ անազատության մեջ են գտնվել, Կոտայքի մարզի Չարենցավանի բաժանմունքում արժանացել է ոստիկանների ծաղրին եւ հեգնանքին։ Եվ նրանց որեւէ թուղթ չի տրվել»,- ասացին «Հանրապետություն» կուսակցությունից: Այս օրերին ոստիկանները բացատրական աշխատանքներ են տանում ոչ միայն Չարենցավանում, այլեւ` Արմավիրում եւ Բաղրամյանի շրջանում։ Արմավիրում Ոստիկանության բաժին բերման է ենթարկվել «Հանրապետություն» կուսակցության տարածքային կառույցի ղեկավար Պողոս Աբրահամյանը։ Բաղրամյանի շրջանում երեկ Ոստիկանություն է տարվել ԱԺՄ-ական Լավրենտի Կիրակոսյանը։