Վերջին ժամանակներս Հայաստանի քաղաքական դաշտ մուտք գործած «Դաշինք» կուսակցությանը մեր հասարակությունը դեռեւս այնքան էլ ծանոթ չէ։ Որոշ չափով այս բացը լրացնելու եւ վերջին ժամանակներս հասարակությանը հուզող եւս մի քանի խնդիրների մասին մեկնաբանություններ ստանալու համար զրուցեցինք կուսակցության քաղխորհրդի անդամ, տնտեսական գիտությունների թեկնածու Անդրանիկ Թեւանյանի հետ։
– Ի՞նչ կասեք սահմանադրական փոփոխությունների, մասնավորապես` երկքաղաքացիության եւ սփռյուռքահայերի ընտրության իրավունքի առնչությամբ, որը տարաբնույթ մեկնաբանությունների է արժանանում։
– Փոփոխված սահմանադրության մեջ այս մասին կոնկրետ ոչինչ գրված չէ։ Պարզապես հանված է երկքաղաքացիությունն արգելող դրույթը, իսկ երկքաղաքացիների իրավունքները (այդ թվում` եւ ընտրական) պետք է սահմանվեն օրենքով։ Քանի դեռ համապատասխան օրենքը չի ընդունվել, ես ձեռնպահ կմնամ եզրակացություններ անելուց։ Համենայն դեպս, պետք է կարեւոր ուշադրության արժանանան 3 դրույթներ՝ հողի ձեռքբերման, զինծառայության եւ ընտրության իրավունք ունենալու հետ կապված խնդիրները։
– Վերջերս ուշադրության կենտրոնում է հայտնվել նաեւ գազի սակագնի թանկացման խնդիրը։ Դա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ տնտեսական եւ քաղաքական զարգացումների վրա։
– Իմ կարծիքով, Հայաստանը պետք է դուրս չմնա տարածաշրջանային կոմունիկացիոն ծրագրերից եւ պետք է բարիդրացիական հարաբերություններ հաստատի հարեւանների հետ։ Սրանով հանդերձ, մենք պետք աշխատենք թուլացնել մեկ կետից կախվածությունը, ինչպիսին ունենք Ռուսաստանից։ Այդ առումով կարեւորում եմ էներգետիկ ոլորտում Իրանի հետ համագործակցությունը եւ, մասնավորապես, կառուցվող գազամուղը։ Մենք կարեւորում ենք նաեւ Հայաստանի ջրային ռեսուրսների համընդհանուր կառավարումը: Ներկայումս գնահատված 7,5 միլիարդ խորանարդ մետր ջրից օգտագործվում է 2,5 միլիարդը: Լուրջ ուշադրություն դարձնելով այս համակարգին՝ մենք կկարողանանք ապահովել մեր էներգետիկ անվտանգությունը եւ լուրջ դերակատարում կստանձնենք տարածաշրջանում: Ելնելով Հայաստանի աշխարհագրական դիրքից՝ պետք է ձգտենք ինտեգրացիոն գործոն դառնալ, այլ ոչ թե վերածվել հակասությունների խաչմերուկի: Տրանսպորտային այլընտրանքային ուղիների մշակումը պետք է դառնա պետության ռազմավարական առաջնահերթություններից: Միայն այդ պայմաններում հնարավոր է լիարժեքորեն ինտեգրվել Եվրոպային: Այսինքն՝ տարածաշրջանային ինտեգրացիայից անցում դեպի եվրաինտեգրում:
Ինչ վերաբերում է քաղաքական զարգացումներին, ապա գների բարձրացումն իհարկե կանդրադառնա իրավիճակի վրա` նախեւառաջ սոցիալական առումով։ Սակայն մենք պետք է այսօրվանից մտածենք վաղվա օրվա մասին եւ ապագային ուղղված հստակ քայլեր կատարենք։
– Եվ եզրափակենք վերջին օրերին լայնորեն շրջանառվող Ղարաբաղյան հակամարտության մոտալուտ լուծման մասին խոսակցություններով։ Որքանո՞վ են դրանք հիմնավորված եւ ինչպիսի՞ն է ձեր դիրքորոշումը հնարավոր տարբերակների վերաբերյալ։
– Քանի որ դեռեւս կոնկրետ փաստաթուղթ հանրությանը չի ներկայացվել, եզրակացություն անելը ճիշտ չէ։ Ներկա դրությամբ, հանդես գալով որպես «Դաշինք» կուսակցության քաղխորհրդի անդամ, կարող եմ ասել միայն, որ Արցախի հիմնախնդրի լուծումը հնարավոր է միայն հակամարտող կողմերի ժողովրդավարացման, փոխզիջման դեպքում: Կարգավորման հիմքում պետք է ընկած լինեն որեւէ միջազգային հեղինակավոր կազմակերպության հովանու ներքո միջանկյալ ինքնիշխանության, փախստականների եւ ներքին տեղահանված անձանց կամավոր վերաբնակման, Արցախում տնտեսության զարգացման նախադրյալներ ստեղծելու եւ Արցախի կարգավիճակը նոր հանրաքվեի միջոցով որոշելու սկզբունքները: Կարեւորում ենք նաեւ Ստեփանակերտի մասնակցությունը կարգավորման գործընթացին։ Այս սկզբունքներից որեւէ մեկի խախտման դեպքում մեր կուսակցությունը կցուցաբերի համապատասխան դիրքորոշում։