Նախընտրական պայքարը սկսված է

10/12/2005 Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Եվ այսպես, սահմանադրական հանրաքվեի գործընթացից հետո (նկատի ունենք ոչ միայն բուն հանրաքվեն, այլեւ դրան հաջորդած հանրահավաքային շարժումն ու վերջինիս ձախողումը) Հայաստանի ներքաղաքական իրավիճակը կտրուկ փոխվեց։ Իհարկե, իշխանական շրջանակներում կարող են չարախնդալ, թե ընդդիմությունն այդպես էլ Արեւմուտքից չստացավ այն, ինչ ստացավ Կոլյա Օստենբակենը լեհ գեղեցկուհի Ինգա Զայոնցից, բայց իրականում հանրաքվեն մեկ այլ բան եւս ապացուցեց. բացահայտվեց իշխանությունների կատարյալ ապաշնորհությունը։ Ունենալով գործնականում անսահմանափակ ֆինանսական, քարոզչական եւ ադմինիստրատիվ ռեսուրսներ, իշխանությունները չկարողացան մարդավարի հանրաքվե կազմակերպել եւ ստիպված եղան դիմել զանգվածային կեղծիքների։ Այսինքն` բացահայտվեց իշխանական բոլոր օղակների պրոֆեսիոնալ ցածր մակարդակը։ Պատկերացրեք` մասնագիտությամբ փականագործը դռան փականը բացելու փոխարեն` պարզապես ջարդի դուռը։ Որքան էլ «միջազգային դիտորդները» (հարեւանները) հայտարարեն, թե «ընդհանուր առմամբ դուռը կարելի է բացված համարել», միեւնույն է` հասկանալի է դառնում, որ պրոֆեսիոնալ առումով փականագործը բանի պետք չէ։ Ինչեւէ։

Ընդհանրապես, ինչ-որ իմաստով հանրաքվեն ահաբեկչական գործողություն էր հիշեցնում։ Այն առումով, որ արդյունքները բոլորին հայտնի են, բայց որեւէ քաղաքական ուժ (խմբավորում) առ այսօր չի ստանձնել դրա պատասխանատվությունը։ Մինչդեռ ճիշտ հակառակը պիտի լիներ. եթե սահմանադրական փոփոխությունները «մեկ քայլ առաջ» են, եւ ժողովուրդն աննախադեպ խանդավառությամբ գնացել եւ 93 տոկոսով «այո» է ասել, քաղաքական ուժերը պիտի իրար հերթ չտալով հայտարարեին, թե իրենք են հանրաքվեի հիմնական կազմակերպիչն ու պատասխանատուն։ Ո՞րն է այս տրամաբանական հակասության պատճառը։ Բանն այն է, որ նոյեմբերի 28-ից Հայաստանը մտել է նախընտրական պայքարի փուլ։ Խոսքը 2007թ. խորհրդարանական ընտրությունների մասին է։ Ընդ որում, այս անգամ «խաղագումարը» շատ ավելի մեծ է, քան 2003-ին էր, որովհետեւ 2007-ին ձեւավորվելիք խորհրդարանը շատ ավելի լուրջ քաղաքական դերակատարում է ունենալու, եւ ըստ էության հենց այդ ընտրություններում հաղթած քաղաքական ուժն է որոշելու, թե ով պիտի 2008-ին զբաղեցնի նախագահի պաշտոնը։ Պարզ ասած, իրականում 2007-ին ոչ թե խորհրդարանական, այլ նախագահական ընտրություններ են տեղի ունենալու։ Իսկ նախընտրական պայքարի սկիզբ ազդարարեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը` հայտարարելով, թե հանրաքվեի ընթացքում խախտումներ են արձանագրվել։ Քաղաքական ուժերի արձագանքը կայծակնային էր։ ՕԵԿ-ի կոալիցիոն գործընկերները` ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, ակնհայտորեն այս քայլն ընկալեցին որպես դավաճանություն, իսկ ընդդիմությունը չընդունեց Արթուր Բաղդասարյանի «ռեւերանսը»` կարծելով, որ շատ ավելի արդյունավետ կլիներ, եթե դրա փոխարեն հանձնաժողովների ՕԵԿ-ական ներկայացուցիչները կոնկրետ փաստեր տրամադրեին։ Ընդ որում, ՕԵԿ-ի փորձը` ներկայանալ որպես «իշխանություն-lights» (մինչեւ հիմա երբեւէ բարձրաձայն չէր հայտարարվել, թե ԱԺ նախագահի պաշտոնը գործնական իշխանություն չի տալիս եւ հաճախ զուտ արարողակարգային է), ակնհայտորեն առաջին հերթին հենց ՀՅԴ-ի նախանձը շարժեց, որովհետեւ տարիներ շարունակ ՀՅԴ-ն էր փորձում ներկայանալ նույն իմիջով։

Մի խոսքով, կոալիցիայի տրոհումը սկսվեց։ ՕԵԿ-ը հայտ ներկայացրեց եւ հիմա սպասում է առաջարկների` հատկապես այն ուժերի կողմից, որոնք անորոշ վիճակում են։ Իսկ անորոշ վիճակում առայժմ գտնվում են ընդդիմությունն ու Սերժ Սարգսյանը։ Ընդդիմության ղեկավարների եւ նրանց կուսակցությունների վարկանիշները 2003-ից հետո ակնհայտորեն նվազել են, եւ այնքան էլ միանշանակ չէ, որ այդ ուժերն առանձին-առանձին կարող են 2007-ին հայտնվել խորհրդարանում, իսկ Սերժ Սարգսյանն ինքն է հայտարարում, թե դեռ չի որոշել` որ ուժի հետ գնալ 2007թ. ընտրություններին։ Իհարկե, ՕԵԿ-ը գիտակցում է, որ շանսերը նվազագույն են` ընդդիմությունը «չի ընդունի» Արթուր Բաղդասարյանին, իսկ Սերժ Սարգսյանը կգերադասի որեւէ ավելի հզոր կուսակցություն, դրա համար էլ Արթուր Բաղդասարյանը շեշտը դնում է սեփական ուժերի (պոպուլիզմի) վրա։

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին եւ ՀՀԿ-ին, ապա այս ուժերն առայժմ սպասողական վիճակում են, եւ դա հասկանալի է։ Եթե 2006-ն իսկապես վճռական է լինելու ղարաբաղյան խնդրի կարգավորման առումով (ինչպես սպառնում են միջազգային կառույցները), ապա այդ կուսակցություններն իրենց դիրքորոշումները հստակեցնելու ժամանակ դեռ կունենան։ Համենայն դեպս, այս դաշտում ՕԵԿ-ը նրանց համար մրցակից չէ (դժվար է պատկերացնել Արթուր Բաղդասարյանին` «Ոչ մի զիջում` դարավոր թշնամուն» կարգախոսով)։

Այսպես թե այնպես, Հայաստանում ներքաղաքական զարգացումների նոր փուլ է սկսվում, եւ այդ զարգացումները կարող են նաեւ զուրկ լինել որեւէ տրամաբանությունից։ Առջեւում ընտրություններ են, իսկ փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում ընտրությունները (առավել եւս` դրանց արդյունքները) տրամաբանության հետ որեւէ կապ չունեն։