Նրանք միշտ մտածում են մեր մասին

10/12/2005 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Գազի սակագնի հնարավոր թանկացման մասին խոսակցություններ կային դեռեւս սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ընթացքում, սակայն մեր պետական այրերը նախանձելի համառությամբ հերքում էին դա` գոնե առաջիկա ժամանակահատվածի համար։

Հիմա էլ դեռեւս որեւէ պաշտոնական հայտարարություն թանկացման ժամկետի կամ դրա ստույգ չափի մասին չի արվել: ՌԴ վարչապետ Ֆրադկովի այցը ոչ մի էական նորություն չտվեց, բացի այն հայտարարությունից, թե «Մենք համագործակցելու ենք շուկայական սկզբունքներով եւ գազի սակագնի թանկացումը որեւէ կերպ չի ազդի մեր երկրների հարաբերությունների վրա»։ Այն, որ գները բարձրանալու են, արդեն ոչ ոք չի ժխտում, այլ հարց է, թե դրանք որքան կբարձրանան եւ որքանով կազդեն մեր տնտեսության վրա։ Հաշվի առնելով, որ խոսակցությունները սովորաբար իրականություն են դառնում, կարելի է ենթադրել, որ Ռուսաստանը մոտ երկու անգամ կբարձրացնի գազի սակագինը։ Եթե սրան ավելացնենք նաեւ այն հանգամանքը, որ Վրաստանը որոշել է 5-6 անգամ բարձրացնել տրանզիտի գինը, ապա կոպիտ հաշվարկներով ստացվում է, որ ներկայիս 59.000 դրամի փոխարեն` 1000 խմ-ի դիմաց սպառողը վճարելու է 80-85 հազար դրամ։

Ինչպես է սա անդրադառնալու մեր տնտեսական եւ քաղաքական իրավիճակի վրա։ Սպառողներն այդ փոփոխությունը զգալու են ուղղակի (ինչպես, օրինակ, գազ սպառող տնային տնտեսությունները) եւ անուղղակի կերպով։ Եթե հաշվի առնենք, որ հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 30 տոկոսը տալիս են ջերմաէլեկտրակայանները, մասնավորապես` Երեւանի եւ Հրազդանի ՋԷԿ-երը, ապա սա անշուշտ ազդելու է նաեւ էլեկտրաէներգիայի սակագնի վրա։ Արդյունքում` աճելու են բոլոր ապրանքների գները։ Թեեւ օրերս էներգետիկայի նախարար Ա. Մովսիսյանը նշել էր, որ գազի սակագնի թանկացումն էականորեն չի ազդի մեր տնտեսության վրա, անգամ «հնարավոր է, որ դա չազդի էլեկտրաէներգիայի սակագնի վրա», այնուամենայնիվ, դժվար է պատկերացնել, թե կառավարությունն ինչպես է մեղմելու թանկացման ազդեցությունը։ Ուշադրություն դարձրեք` նախարարը չի պնդում, այլ ընդամենն ասում է` «հնարավոր» է: Եգիպտոս մեկնելուց առաջ հասարակությանը փորձեց հանգստացնել նաեւ ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանը, նշելով, որ «…մոտակա 2 տարիների ընթացքում Հայաստանի քաղաքացիները չեն զգա էներգառեսուրսների թանկացման ազդեցությունը։ Եթե անգամ Ռուսաստանը բարձրացնի Հայաստան արտահանվող գազի գինը, ապա ՀՀ կառավարությունը, օգտագործելով սեփական ռեսուրսները, կբացառի դրա հետեւանքների ազդեցությունը ՀՀ բնակչության վրա»։ Այս հայտարարությունից հետո ՀՀ վարչապետը մեկնեց, եւ այն հարցը, թե կառավարությունն ի՞նչ ռեսուրսներով է դա իրականացնելու, մնաց օդում կախված։ Փաստն այն է, որ ՌԴ-ն պահանջելու է ավելի բարձր գին, այսինքն, մեր հանրապետությունը Ռուսաստանին պետք է վճարի շատ ավելի մեծ գումար։ Եթե ծանրաբեռնվածությունը չի ընկնելու սպառողների վրա, ապա ո՞ւմ միջոցներով են վճարվելու այդ գումարները։ Դժվար է ենթադրել, որ կառավարությունն իր առանց այն էլ սուղ միջոցներից կարող է այդ բեռի մի մասն իր վրա վերցնել։ Կա նաեւ մեկ այլ ճանապարհ. կարելի է նվազեցնել այս ոլորտի հարկերը, մասնավորապես, ավելացված արժեքի հարկը։ Սակայն դա նույնպես դժվար իրագործելի է։ Նախ, Համաշխարհային բանկը չի ընդունի այդ քայլը, քանի որ դա նշանակում է տնտեսության մեջ երկակի ստանդարտների կիրառում։ Եվ երկրորդ. սա, ըստ էության, կազդի արդեն ընդունված բյուջեի եկամտային մասի վրա, մինչդեռ պրն Մարգարյանը նշեց. «Մենք նախագծել ենք մեր գործողությունների հստակ պլան, ընդունել ենք բյուջեն եւ մտադիր չենք փոխել մեր երկրի տնտեսական զարգացման սցենարը»։ Նշենք, որ անգամ այս տարբերակի դեպքում` ԱԱՀ-ի իջեցումը 20-ից, օրինակ, 10%-ի էականորեն չի ազդի սակագնի վրա։

Մի խոսքով, դժվար է գուշակել, թե կոնկրետ ինչ կձեռնարկի կառավարությունը, սակայն մի բան պարզ է։ Ոչինչ չանելու դեպքում գների աճն անխուսափելի կլինի, եւ ինֆլյացիան էականորեն կգերազանցի բյուջեով նախատեսված 3-4% ցուցանիշը։ Սա, ըստ էության, կնշանակի բնակչության իրական եկամուտների նվազում, ինչն էլ ավելի կմեծացնի հասարակության դժգոհությունը գործող իշխանությունների նկատմամբ։ Այլ կերպ ասած, ՌԴ-ն կամա թե ակամա ջուր է լցնում ընդդիմության ջրաղացին։ Իհարկե, մեր իշխանություններն ամեն գնով կփորձեն սրա դեմ քայլեր ձեռնարկել, կամ գոնե ցույց տալ, որ ձեռնարկում են։ Իսկ առայժմ դեռեւս հասարակությանը հանգստացնելու փուլն է, ինչը փորձում են անել Արմեն Մովսիսյանն ու Անդրանիկ Մարգարյանը։