«Ես իմ իրավունքն եմ ուզում»

10/12/2005 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Դեկտեմբերի 1-ին ՀՀ Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանում կայացած նիստի ժամանակ գիտակցությունը կորցրած ամբաստանյալ Ռազմիկ Սարգսյանին կրկին տեղափոխեցին Նուբարաշենի Քրեակատարողական հիմնարկ:

Հիշեցնենք, որ շտապօգնության բժիշկ Լաուրա Խշտոյանը դատարանում հայտարարեց, որ Ռազմիկն ի վիճակի չէ մասնակցել դատավարությանը, եւ անհրաժեշտ է նրան հիվանդանոց տեղափոխել: Այդուհանդերձ, Ռազմիկին տեղափոխեցին մեկուսարան: Մեր խնդրանքը` դատապաշտպանների հետ այցելել Ռազմիկ Սարգսյանին տեսակցելու` ՀՀ Արդարադատության նախարարությունը չմերժեց: Նախ` մեզ ուղղորդեցին հիմնարկի պետ Ա. Սարգսյանի սենյակ, որտեղ, բացի Քրեակատարողական հիմնարկի բժիշկներից, ներկա էր նաեւ Բժշկական համալսարանի ամբիոնի վարիչ, թերապեւտ Էդուարդ Նազարեթյանը: Նախապես պայմանավորվածություն կար, որ Ռազմիկին պետք է հետազոտեն անկախ բժիշկները եւ դատապարտյալների բժիշկները, որպեսզի նրա առողջական վիճակի մասին օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրեն, ինչը թերեւս հնարավոր չէր, քանի որ բժիշկները հակասական տեսակետներ արտահայտեցին եւ բաժանվեցին երկու բանակի: Նուբարաշենի Քրեակատարողական հիմնարկի պետ Արամ Սարգսյանը միանշանակ հերքեց մամուլում տարածված այն լուրերը, թե Ռազմիկը կերակրազոնդի միջոցով ենթարկվել է կերակրման: «Չի եղել զոնդով կերակրել: Ոչ միայն Ռազմիկ Սարգսյանին, այլ նաեւ բոլոր հացադուլավորներին չի թույլատրվում պարտադիր կերակրել: Չեմ վախենա ասել, որ դա խոշտանգման նման մի բան կլիներ հացադուլ հայտարարածի համար»: Հարցիս, թե արդյո՞ք ճիշտ էին տեղեկություններն այն մասին, թե հացադուլավորը գաղտնի սնվել է, Ա. Սարգսյանը պատասխանեց. «Դա ընդամենը ամիս ու կես առաջվա տեղեկություն է: Խցակիցներից եւ աշխատողներից ոմանք ասում էին, որ նա սնվում է: Քանի որ ես ապացուցել չէի կարող, չէի կարող նաեւ այս հանգամանքին իրավական ընթացք տալ: Սա է եղել, որ ես հացադուլը չեմ դադարեցրել»: Այնուամենայնիվ, պետք է նկատել, որ անազնիվ հացադուլ նկատելիս Քրեակատարողական հիմնարկի պետը կարող էր հատուկ տեխնիկայի միջոցով գաղտնադիտարկում կազմակերպել, սակայն վերջինս պատճառաբանեց, թե իրենք այդ սարքից չունեն: Ինչեւէ, մեզ ուղեկցեցին Ռազմիկի մոտ: Նա, թախտին նստած, մի կերպ հենվել էր պատին։ Շատ թույլ էր եւ ցածրաձայն հազիվ կարողացավ խոսել: Ռազմիկն ասաց, որ երիկամների սուր ցավեր ունի, գլուխն է ուժեղ ցավում: Խոսելիս նյարդային շարժումներ էր անում, եւ դեմքը ցավերից կարմրում, ծամածռվում էր: Շատ բաներ չէր հիշում, սակայն հիշեց, որ Լարիսա Ալավերդյանն է իր մոտ եկել ու հորդորել է հացադուլը դադարեցնել: Հարցնում եմ՝ «Հացադուլով ինչի՞ ես ուզում հասնել, դու առողջական լուրջ խնդիրներ ես ունենալու»: Հազիվ արտաբերում է՝ «Թող գործը տան քաղաքացիական դատախազին, նոր քննություն կատարեն, որ ճշմարտությունն ապացուցվի, թող բոլորը տեսնեն` ինչ է կատարվում: Ոչ թե ծեծ ու ջարդով ցուցմունք կորզեն: Եթե իմ իրավունքները չոտնահարեն, ես մեկից-մեկ հացադուլը կդադարեցնեմ: Ինձ համար հաճելի չէ, որ ինքնասպանության քայլի դիմեմ: Վատ եմ… Ես պահանջ չունեմ, ես իմ իրավունքն եմ ուզում, որը ոտնահարում են: Ես զինվորական դատախազներին չեմ վստահում: Թող քաղաքացիական դատախազը գործը քննի, ես դուրս կգամ հացադուլից, իսկ եթե չէ՝ երբեք չեմ դադարեցնի»: Երկու կալանավոր Ռազմիկի թեւերն ընկած տարան բժշկի սենյակ: Տղան ի վիճակի չէր որեւէ շարժում ինքնուրույն կատարելու: Անգամ բժիշկը բացատրեց, թե ձեռքերի որ մասից բռնեն, որ նրան ցավ չպատճառեն: Նրան պառկեցրին, շորերը մի կերպ հանեցին: Նախ հետաքրքիր էր թերապեւտ Էդուարդ Նազարեթյանի վարքագիծը: Նա մի պահ մտավ բժշկի սենյակ, շոշափեց Ռազմիկի ստամոքսի, լյարդի շրջանը եւ դուրս եկավ: Շատ զարմանալի էր, որ հեղինակավոր թերապեւտն այդկերպ է հետազոտում հիվանդին: Ծանոթանալով կարդիոգրամայի եզրակացությանը, ասաց՝ «Լավ է, նորմալ է»: Վերջինս նաեւ նշեց, որ այդքան երկար հացադուլի մեջ մնալով` նրա մոտ ամեն ինչ նորմալ է, որովհետեւ կերակրելու այլ միջոցներ կան: «Ես նայեցի ներքին օրգանները, սիրտը, ճնշումը, թոքերը, բացասական երեւույթ չեմ տեսնում: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Մենք թույլ չենք տա, որ նա հրաժարվի սննդից եւ դանդաղ գնա դեպի մահ: Մեր մասնագիտությունը հումանիտար է: Մենք վիտամինային կոմպլեքսներ ենք ներարկում, ներերակային գլյուկոզա ենք սրսկում, կարող ենք զոնդով կերակրել, եթե հարազատները ցանկանան, հոգնաների միջոցով էինք առաջ դա անում, բայց եթե հիմա թույլ չեն տալիս` իմ իրավունքներից դուրս է»,- ասաց նա: Ի տարբերություն Նազարեթյանի` թերապեւտ Մայա Հարությունյանը (անկախ բժիշկ) Ռազմիկին երկար հետազոտելով` նրա առողջությունը բավականին բացասական գնահատեց՝ լյարդի մեծացում, առիթմիա եւ մի շարք այլ հիվանդություններ նշելով: Սակայն վերջինիս պնդումները, թե տղային պետք է հիվանդանոցային պայմաններում լուրջ հետազոտել` մեծ աղմուկ առաջացրեց: Բժիշկները բաժանվեցին երկու մասի՝ անկախ եւ դատապարտյալների բժիշկներ: Անկախ բժիշկները փորձում էին ապացուցել, որ Ռազմիկի կյանքին վտանգ է սպառնում, իսկ մյուս բժիշկները հերքում էին` հաշվի չառնելով առաջինների ապացույցները: Սակայն հետաքրքիրն այն է, որ Է. Նազարեթյանը գտնվում էր Քրեակատարողական հիմնարկի բժիշկների բանակում եւ մինչեւ անգամ բոլորիս ներկայությամբ անկախ բժիշկներին վիրավորեց, ասելով` պրոֆեսորին խե՞լք եք սովորացնում: Ավելի ուշ, հավաստի աղբյուրներից տեղեկացանք, որ Է. Նազարեթյանը Գագիկ Ջհանգիրյանի բարեկամն է, այնպես որ, նրա այցը նախապես ծրագրված էր: Մասնագիտությամբ հումանիտար բժիշկը սառնասրտորեն արագ հեռացավ` այդպես էլ չկարեւորելով մահամերձ տղային բուժօգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը: