Հետաքրքիր է՝ ՀՀ Ազգային ժողովը որեւէ օրենք ընդունելուց առաջ ստուգո՞ւմ է օրենքի բոլոր կետերի համապատասխանությունը Սահմանադրությանը: Դեռեւս գործող Գլխավոր օրենքի 24-րդ հոդվածում նշվում է. «Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք՝ ներառյալ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից»: Իսկ նոր Սահմանադրության 27-րդ հոդվածում վերոնշյալին ավելացված է. «Լրատվամիջոցների եւ տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է»:
Այս ամենը պատահաբար չնշեցինք: Օրերս Հարկային մարմինները սկսել են ստուգումներ անցկացնել տպագիր հրատարակություններ տարածող «Բլից Մեդիա» ՍՊԸ-ում, իսկ պատճառը վերջինիս «չլիցենզավորված գործունեությունն» է: Ընկերության տնօրեն Արմեն Դավթյանի խոսքերով, որպես տույժ նախատեսվում է տուգանք` գործունեության լիցենզավորման համար սահմանված տարեկան 5 մլն դրամի եւ ընկերության շրջանառության 50%-ի չափով: Այո, այս ամենն` «օրինական» ճանապարհով, քանզի 2004թ. դեկտեմբերին ՀՀ օրենսդիր մարմինը գիտակցված կամ պատահմամբ ընդունել է «Փոստային կապի մասին» օրենքը, որտեղ բառացիորեն 2 բառով «հասկացվում է», որ տպագիր մամուլի բաժանորդագրությունը եւ առաքումը համարվում են փոստային կապի ծառայություններ եւ ենթակա են լիցենզավորման:
Դեկտեմբերի 6-ին այս հարցի շուրջ Երեւանի մամուլի ակումբը Ժուռնալիստների միության հետ համատեղ ասուլիս էր հրավիրել: Մամուլի հետ կապված օրենքների փորձագետ Դավիթ Սանդուխչյանի խոսքերով, լիցենզավորումն օգտագործվում է որպես այս կամ այն շուկայի վերաբաշխման գործիք: Այս առնչությամբ վերոնշյալ օրենքի ենթատեքստը ավելի քան պարզ է: Մամուլի բաժանորդագրությամբ եւ առաքմամբ զբաղվող փոքր ու միջին ընկերությունները, որոնց թիվը Հայաստանում մեծ չէ, չկարողանալով մուծել լիցենզավորման վճարները՝ կհեռանան շուկայից՝ զիջելով այն «որեւէ» մոնոպոլիստի: Ասուլիսի մասնակիցները նշեցին, որ բնականաբար խոսքը «Հայփոստ» ՓԲԸ-ի մասին է, որն էլ հետագայում կսկսի թելադրել Հայաստանում շրջանառվող տպագիր մամուլի կազմը: Սա հակասում է ՀՀ հին եւ նոր սահմանադրություններին, ինչպես նաեւ` եվրոպական կառույցների պահանջներին, որոնք «երաշխավորում» են խոսքի ազատությունը:
Կ. Թ.