Երեւանի քաղաքային իշխանությունները եւ բնակիչները կարծես թե իրար հետ անվերջանալի հակամարտությունների մեջ են: «Կռիվները» հիմնականում ավարտվում են բնակիչների պարտությամբ: Այս հարաբերություններին հետեւելիս տպավորություն է ստեղծվում, թե քաղաքային իշխանությունները համագործակցելով դատական իշխանությունների հետ, բնակիչներից խլում են նրանց տունը, հողը, ծայրահեղ դեպքում` հաշտության եզրեր են գտնում՝ շորթելով մեծ չափի կաշառքներ:
Եվ Երեւանի բնակիչը փորձում է թաքնվել, պաշտպանվել, պայքարել իր իրավունքների համար, բայց նրան չի հաջողվում, որովհետեւ քաղաքային իշխանությունը շատ ուժեղ է եւ ունի գործընկեր դատական իշխանություն: Վերջինս էլ քաղաքապետարանի օգտին կայացրած վճիռներն իրագործելու համար ունի հարկադրող գործիք` ի դեմս Դատական ակտերի հարկադիր կատարողի (ԴԱՀԿ): Իսկ նույն ԴԱՀԿ-ն Կոնդի բնակիչ Մարինե Սարգսյանի օգտին դատարանի կայացրած վճիռը չկարողացավ կամ չուզեց քաղաքապետարանին պարտադրել՝ խախտելով սահմանադրությամբ ամրագրված՝ քաղաքացու արդար դատաքննության իրավունքը:
1990թ. կառավարության որոշումով իրացվել է Ռիմա Մանուկյանի՝ Կոնդում գտնվող բնակարանը: Նույն թվականին հունիսի 26-ին նոր բնակարան ստանալու համար Սպանդարյանի շրջանի գործկոմի եւ տիկին Ռիմայի որդու՝ Արթուրի միջեւ պայմանագիր է կնքվում: Արթուրին եւ նրա քույր Մարինեին պետք է հատկացվեր երկսենյականոց բնակարան: Բայց երկու տարի անց Սպանդարյանի շրջգործկոմը չեղյալ է հայտարարում բնակարաններ հատկացնելու վերաբերյալ որոշումները եւ կնքված պայմանագրերը: Իսկ 2003թ. Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանն անվավեր է ճանաչել շրջգործկոմի որոշումը եւ վերականգնել է բնակիչների փոխհատուցում ստանալու իրավունքը: Քաղաքապետարանը բնակիչների հետ նոր պայմանագիր է կնքում եւ պարտավորվում է դրամական փոխհատուցում հատկացնել: Փոխհատուցումը, սակայն, տալիս է 1 սենյականոց բնակարանի համար: Մինչ այդ, քաղաքապետ Սուրեն Աբրահամյանի օրոք, Արթուրը որպես ազատամարտիկ Նոր Նորքում բնակարան է ստացել, քանդված տան համար փոխհատուցում չի ստացել: Իսկ այդ փոխհատուցման հույսին մնացել են հիվանդ քույրը եւ մայրը: Պայմանագրում նշված է եղել, որ բնակարան հատկացնելու դեպքում ընտանիքի անդամների թվաքանակի փոփոխությունը հաշվի չի առնվում: Իսկ քաղաքապետարանը` տեսնելով, որ Արթուրն արդեն առանձին բնակարան ունի, որոշել է պայմանագրի այդ կետը հաշվի չառնել եւ հատկացվելիք գումարը կիսել: Սա` այն դեպքում, երբ Արթուրը գրավոր համաձայնություն է տվել, որ իր հասանելիքը զիջում է քրոջը: Փոխհատուցումն ամբողջությամբ ստանալու համար 2004թ. Մարինե Մանուկյանը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարան: Դատարանը բավարարում է Մարինեի խնդրանքը եւ վճռում է «անվավեր ճանաչել միայն մեկ սենյականոց բնակարանի համար փոխհատուցում տալու քաղաքապետարանի 21.05.2003թ. 11-18 որոշումը եւ դրա հիման վրա կնքված պայմանագիրը, քաղաքապետարանին պարտավորեցնել բնակիչների հետ կնքել երկու սենյականոց բնակարանի վերաբերյալ նոր պայմանագիր»: Սակայն Երեւանի քաղաքապետարանը բոլորովին էլ մտադիր չէ վերանայել իր որոշումը եւ ավելացնել փոխհատուցումը:
Մարինեի մոր՝ Ռիմա Մանուկյանի ասելով` իրենց նկատմամբ թշնամաբար է տրամադրված քաղաքապետարանի Իրավաբանական վարչության պետ Արտյոմ Սարգսյանը: 2003թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ տիկին Ռիման որոշել է «աշխատել» «Հզոր Հայրենիք» կուսակցության օգտին, որի կողմնակիցն է եղել նաեւ այն ժամանակվա քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը: Տիկին Ռիմայի ասելով` դրա համար Ա. Սարգսյանն իրեն սպառնացել է պատժել: Ավելին, փոխհատուցման հարցերը լուծելու համար նա 1000 դոլար է պահանջել: Չեն տվել ու հիմա իրար հետ թարսվել են:
«Դա սուտ է,- մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ հերքեց Ա.Սարգսյանը: -Ինձ այդ պատմությունն արդեն հոգնեցրել է»:
Ռիմա Մանուկյանն իր եւ հիվանդ աղջկա իրավունքները պաշտպանելու եւ իր քանդված տան փոխհատուցումն ամբողջությամբ ստանալու համար դիմել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին, Լարիսա Ալավերդյանին, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին: Նա մեկ սենյականոց բնակարանի համար մոտ 6000 դոլար փոխհատուցում է ստացել, եւ ասում է՝ արդար կլիներ, որ մոտ 11.000 դոլար էլ ստանար:
«Կառավարության 2000թ. թիվ 683 որոշման համաձայն` փոխհատուցումը պետք է տալ՝ ելնելով Երեւանում ձեւավորված շուկայական միջինացված արժեքից,- բացատրում է Ռ. Մանուկյանը: -Մենք մի սենյակի համար ստացել ենք, մյուսի համար չենք ստացել: Իսկ Կենտրոն համայնքում 2 սենյականոց բնակարանի միջին արժեքը մոտ 17.000 դոլար է: Այսինքն` քաղաքապետարանը մոտ 11.000 դոլար էլ դեռ պետք է փոխհատուցի»:
Սակայն ոչ մի ուժ չի կարողացել կամ չի ուզեցել քաղաքապետարանին պարտադրել կատարել այդ փոխհատուցումը: Արդարադատության նախարարի Վերահսկողության վարչության պետ Վ. Ստեփանյանն այս տարի հունիսին տիկին Ռիմային պատասխանել է, թե «ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները վճռի պահանջը կատարելու ուղղությամբ»: Բայց նույն նախարարության ԴԱՀԿ ծառայությունը չի կատարել իր պարտականությունը եւ քաղաքապետարանին չի պարտադրել կատարել առաջին ատյանի կայացրած վճիռ: Տիկին Ռիման այլեւս հույս չունի, թե ինքն ու իր հիվանդ աղջիկը բնակարան ունենալու հնարավորություն կունենան: Իսկ այդ հնարավորությունը նրանից խլել է Երեւանի քաղաքապետարանը: