1988թ. երկրաշարժից անցել է 17 տարի, սակայն Վանաձորում դեռեւս 84 վթարային շենքեր կան: Տեղական իշխանությունները ժամանակ առ ժամանակ շենքերի նորոգման հարցը բարձրացնում են կառավարության առաջ, բայց առանձնապես չեն պայքարում հարցի լուծման համար (չէ՞ որ ավելի «կարեւոր» հարցեր կան. ասենք՝ լողավազանի կառուցումը): Իսկ մինչ կառավարությունը գումարներ կգտնի դրանց ամրացման համար, շենքերը քայքայվում են, ինչին նպաստում են նաեւ հիմքերը խարխլող կամայական ձեւափոխությունները: Որոշ շենքերի քայքայման գործընթացն էլ նպաստում է, որ տեղական իշխանությունները փորձեն դրանք սեփականացնել եւ վերաձեւել: Եթե բնակիչները դիմադրում են, ապա փորձը ձախողվում է (այնպես, ինչպես Կ. Դեմիրճյան 28 շենքի պարագայում): Բնակիչներից մի քանիսին վռնդեցին՝ շենքը քանդելու պատճառաբանությամբ, սակայն մի մասը կարողացավ դիմադրել եւ դատը շահել (ի դեպ, այդ շենքի մասին պատմում էին, թե Լոռու մարզպետն ասել է՝ «Քանդելու եմ, տեղը սխտոր ցանեմ»): Վթարային որոշ շենքեր էլ իշխանությունների «դաբրոյով» կամայական ձեւափոխությունների են ենթարկվում: Օրինակ, Տիգրան Մեծ 47 երկհարկանի ամրացման ենթակա համարվող շենքը, որին կիսով չափ բնակիչներից ձերբազատվելուց հետո, կցակառույց ավելացվեց՝ որպես «Գեղեցկության սրահ», եղեւնու պուրակի ոչնչացման հաշվին: Նշենք, որ առայսօր լուծված չէ այն մարդկանց հարցը, ովքեր մինչ 1988թ. երկրաշարժը բնակարանային հերթեր են ունեցել: Այդ ընթացքում ոմանք, որպես քանդված շենքի բնակիչ, մի քանի անգամ են բնակարան ստացել, բայցեւ շարունակել են բնակվել ժամանակավոր տնակներում, եւ աճող ընտանիքի հաշվին` որպես տնակի բնակիչ, եւս մեկ տուն են ձեռք բերել: Մյուսները, որոնց շենքերը վթարային են համարվել, սպասել են, մինչեւ կարիքավորների (այսինքն՝ բնակարանային առաջնահերթության իրավունք ունեցողների) հարցը լուծվի: Մարդիկ էլ կան, որոնք դեռեւս տնակներում են, քանի որ ստացած բնակարանները վաճառել են՝ ապրուստի այլ միջոց չունենալով: