ՀՀ Կառավարության որոշումը … չի կատարվում

10/12/2005 Գեղամ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Միանշանակորեն կարելի է փաստել, որ որպես սկզբունք ՀՀ կառավարությունը քննարկում է այն հարցերը, որոնք կարեւորագույն նշանակություն ունեն երկրի բնականոն զարգացման համար: Քննարկումների արդյունքում ընդունվում են որոշումներ, որոնք կոչված են նպաստել մեր այսօրվա ու ապագայի հարցերի լուծմանը, բարելավելու առանձին ոլորտներում գործերի ընթացքը: Սա` տեսականորեն:

Իսկ իրողությունն այն է, որ մեր մարդիկ իրենց առօրյայում ցանկալի փոփոխություններ չնկատելով, ամեն ինչ վերագրում են կառավարության ընդունած որոշումների անբավարար կատարմանը: Այս պարագայում պաշտոնյաները միշտ էլ արդարանալու տեղ են ունենում, փաստարկելով, որ որոշակի խնդիրներ արդեն լուծվել են, մյուսներն ընթացքի մեջ են, հեռանկարում էլ հարցերը տեսադաշտից դուրս չեն մնա. սովորական ու հասկանալի գործընթաց:

Բայց պարզվում է` ՀՀ կառավարության գործունեությունում կան ընդունված որոշումներ, որոնք ընդհանրապես չեն կատարվում: Նման բան հնարավոր չէ. կասի ցանկացած բարձրաստիճան պաշտոնյա, շեշտելով, որ կառավարության որոշումները օրենքի ուժ ունեցող պարտադիր կատարման փաստաթղթեր են: Դիտարկենք դրանցից մեկը:

ՀՀ կառավարության 2004 թվականի հունվարի 29-ի թիվ 59 որոշման վերնագիրն է. «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների համարակալման, հաշվառման եւ գրանցման կարգը հաստատելու մասին»: Փետրվարի 11-ին այն վավերացվել է Ռ. Քոչարյանի կողմից: Տեսեք` ինչ նպատակներ է առաջադրել գործադիրը. ՀՀ-ում առկա անասնագլխաքանակի, դրանց սեռի, ցեղի եւ գտնվելու վայրի, տեղաշարժի մասին հավաստի տեղեկությունների ստացում եւ անասնաբուծական արտադրանքի ծավալների կանխատեսում, ինչպես նաեւ` պետպատվերի շրջանակներում հակահամաճարակային միջոցառումների լիարժեք իրականացում եւ հիվանդությունների կանխարգելման եւ անասնաբուժական վերահսկման նպաստում:

Խնդիրների առավել կարեւոր առանձնացում հնարավոր չէ պատկերացնել, քանզի քննարկված հարցն առնչվում է ՀՀ ողջ բնակչության առօրյայի հետ, հավելած՝ գյուղմթերքների արտահանման ոլորտը: Որոշումն ընդունելուց անցել է ամբողջ 700 օր, որից մոտ 500-ը` աշխատանքային: Այս ընթացքում Գյուղնախարարությունն ակտիվ գործունեություն է ծավալել ոլորտի նվաճումների ցուցահանդեսների կազմակերպման եւ անգամ հայ գեղջկուհիների կողմից իրենց հողակտորներում 4-5 կիլոգրամ ոսպ ու սիսեռ աճեցնելը հաջողություններ հռչակելու ուղղությամբ: Իսկ ո՞ւր մնաց ՀՀ կառավարության արդեն հիշատակված որոշումը, որում սահմանված է բոլոր տեսակի գյուղատնտեսական կենդանիների համարակալման կարգը՝ կենդանու ականջին հաշվեպիտակի ամրացման միջոցով, անասնագլխաքանակի մորթի իրականացումը միայն այն դեպքում, երբ կենդանին ունի հաշվեպիտակ եւ անձնագիր: Գործադիրը սահմանել է, որ համարակալումն իրականացվելու է անվճար, համայնքը սպասարկող անասնաբույժի կողմից, հաշվառման մատյանում տվյալների գրանցման միջոցով, որն իր հերթին անվճար տրվելու է անասնատիրոջը:

Այսօրինակ մտահոգությունների շրջանակում անցած 2 տարիներին այցելել եմ ՀՀ բազմաթիվ գյուղական համայնքներ, ուր տեսածս հարյուրավոր կենդանիներից գոնե մեկի ականջին հաշվեպիտակ չի եղել: Նույնն է ավտոճանապարհներին մեզ հանդիպող հազարավոր անասնահոտերի պարագայում: Թե գյուղերում, թե նախարարությունում, մարդիկ ու պաշտոնյաները գերադասում են ՀՀ կառավարության որոշման անտեսումը շրջանցող զրույցներ ծավալել, կամ ընդհանրապես չխոսել: Բայց չէ՞ որ խոսքը հանրապետության ողջ բնակչության հետ առնչվող հակահամաճարակային միջոցառումների լիարժեք իրականացմանը, անասնագլխաքանակի մոտ հանդիպող հիվանդությունների կանխարգելմանը եւ անասնաբուժական վերահսկմանն է վերաբերում: Ընդունենք, որ անասնագլխաքանակի հիմնական մասի ցրվածության պատճառով որոշումը կարճ ժամկետում իրականացնել հնարավոր չէր: Բայց առավել անհանգստացնող չէ՞ արդյոք որոշումն ընդհանրապես չկատարելու իրողությունը: Ոլորտի պաշտոնյաները հաճախ են անդրադարձել անասնագլխաքանակի ստույգ թվերն ունենալու կարեւորությանը: ՀՀ Գյուղնախարարությունն այս առումով հանրությանը որեւէ թիվ ներկայացնելու պարագայում ընդամենը կրկնում է ՀՀ ԱՎԾ վիճակագրության թվերը, քանզի ճյուղային մարմինն ինքնուրույն թվերին չի տիրապետում: Այս վիճակը որոշակի խնդիրներ է հարուցում. գյուղացիական տնտեսություններն աղքատության գնահատման հարցումների ընթացքում անասնագլխաքանակի նվազեցված թվեր են ներկայացնում, բուժմիջոցների ստացման դեպքում՝ ուռճացված: Իսկ ահա որոշման ընդունումն ու իրականացումը կոչված էր որոշակի կարգ ու կանոն հաստատել ոլորտում եւ նպաստել առաջիկա խնդիրների առավել կանխատեսելիության ապահովմանը:

Մտահոգությունս թղթին հանձնելն ավարտել էի, երբ մտորեցի, իսկ գուցե խոսքս ՀՀ Գյուղնախարարությանն ուղղելը տեղին չէ՞: Չէ՞ որ կառավարության որոշման մեջ ոչ մի խոսք չկա ոչ որոշման կատարումն իրականացնող մարմնի, ոչ էլ սահմանված ժամկետի մասին: Թեեւ պարզից էլ պարզ է, որ որոշման կատարումը ՀՀ Գյուղնախարարության ոլորտի շրջանակներում է, բայց մեզանում չեն բացառվում նաեւ այլ դրսեւորումները: Այսօրինակ մտքեր են առաջանում թերեւս նաեւ այն պատճառով, որ քաղաքականությունում հայտնված որոշակի այրեր, երկրի առօրյա հիմնահարցերը թողած, հանրության ուշադրությունը փորձում են շեղել իրենց որակմամբ` «սուբյեկտիվ երեւույթները» վերացնելու մասին հայտարարություններ անելով: Անշուշտ, նպատակն արդարացնում է միջոցները, միայն թե գերադասելի է այդ միջոցների շարքում տեսնել իրենց իսկ կամքով վերցրած կոնկրետ ոլորտներից որեւէ մեկում մեր մարդկանց տեսանելի արդյունքների ձեռքբերումը: Առայժմ նման հայտարարությունները պարզունակ ցանկությունների են նմանվում, քանզի չեն կատարվում առօրյա պարզ պարտականությունները: