Օդային աղետ Իրանում

10/12/2005

Իրանում տեղի է ունեցել պատմության մեջ ամենաաղետալի ավիավթարներից մեկը: Իրանական ռազմաօդային ուժերին պատկանող C-130 բեռնատար ինքնաթիռը Թեհրանից Բենդեր-Աբաս քաղաք պիտի հասցներ իրանցի լրագրողների ու զինվորական ղեկավարության մի մեծ խումբ: Թռիչքից մի քանի րոպե անց տեխնիկական անսարքությունների պատճառով ինքնաթիռի անձնակազմը որոշում է վերադառնալ օդանավակայան, սակայն օդաչուներին չի հաջողվել վայրէջք կատարել նշանակված վայրում: Ինքնաթիռն օդում բռնկվել է եւ ընկել Թեհրանի 9 հարկանի բնակելի շենքերից մեկի վրա:

Վերջին տվյալներով՝ ինքնաթիռի 84 ուղեւորներից ու անձնակազմի 10 անդամներից եւ ոչ մեկին չի հաջողվել փրկվել: Զոհվածների թվում են մոտ 40 իրանցի լրագրողներ ու ֆոտոթղթակիցներ, որոնք թռչում էին երկրի հարավային շրջան՝ լուսաբանելու լայնածավալ զինավարժությունները:

Զոհերի թվում են նաեւ բնակելի շենքի բնակիչներ (շենքում ապրում էր 250 մարդ): Ինքնաթիռի ընկնելուց անմիջապես հետո հրդեհ է բռնկվել: Կրակը մարելուց հետո փրկարարները սկսել են մաքրել փլատակները: Դեկտեմբերի 6-ի երեկոյան հայտնվում էր 116-119 զոհերի ու 90-ից ավելի վիրավորների մասին: