Սա ՀՅԴ I\/-րդ Ընդհանուր ժողովն է, որը տեղի է ունենում Հայաստանում: Զեկուցողը տվյալ կուսակցության բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանն է: Զեկույցն ընդգրկում էր ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: Արտաքին քաղաքականության մասին ասվածից պետք է կենտրոնանալ III կետի վրա. 1) Հայաստան-Թուրքիա, 2) Հայաստան-Վրաստան, 3) Արցախյան խնդիր:
Այսօր Հայաստանին ի՞նչ է անհրաժեշտ. խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ, այս հարցն ունի հստակ պատասխան, այն է`
Այսօր ավելի քան երբեք Հայաստանին անհրաժեշտ է խաղաղություն, որը միջազգայնորեն կլինի ամրագրված ու երաշխավորված, եւ կայունություն, իսկ դա կարող է լինել երկու ձեւով: Սրան կարելի է հասնել 2 ճանապարհով.
1) Իշխանության կենտրոնացում մեկ կամ մի քանի քաղաքական խմբավորումների ձեռքում, որոնք (կամ որը) իրենց իշխանությունը հարատեւ պահպանելու համար հետեւողականորեն դուրս են մղում մյուս քաղաքական ուժերին ասպարեզից՝ օգտագործելով բոլոր միջոցները: Սա, բնականաբար, բերելու է ժողովրդի կողմից անտարբերության, որն, այլընտրանք չլինելու պայմաններում, գործողությունների բացակայության վրա հիմնված կայունություն է:
2) Ազատ եւ արդար ընտրություններով ժողովրդավարական իշխանության ձեւավորում, որը կճանաչվի եւ կընդունվի միջազգային հանրության կողմից (օրինակ` Վրաստանի իշխանությունը «Վարդերի հեղափոխությունից» հետո), եւ այս դեպքում կայունությունը հիմնված կլինի ներքին միասնականության վրա:
Իհարկե, այսօր կա խաղաղություն, սակայն այն` չլինելով ամրագրված պայմանագրով, որը եւ կճանաչվեր միջազգային հանրության կողմից, ցանկացած պահի կարող է պայթել, եւ կա կայունություն, որի լինելիությունն իր բնույթով ավելի շատ նման է վերը շարադրված 1-ին տարբերակին:
Ինչպիսի՞ մոտեցումներ ունի ՀՅԴ-ն եւ ի՞նչ առաջարկներ:
ա) Արտաքին քաղաքականություն
1) Հայաստան-Թուրքիա
Այստեղ ՀՅԴ դիրքորոշումը շարունակում է մնալ ավանդական` խիստ թշնամական: Դաշնակցությունը կտրականապես մերժում է որեւէ հայ-թուրքական հաշտեցման գործընթաց, որեւէ երկխոսություն, եւ պնդում, որ հայ-թուրքական հաշտեցումը եւ սահմանի բացումը կեղծ օրակարգ է, քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Ցեղասպանությունը եւ, որ Արեւմտահայաստանի հարցը մեր իրավունքի գոյությունն ապահովող անհրաժեշտություն է, այսինքն` պետք է շարունակել ձգտել Միացյալ Հայաստանի կերտմանը: Սրանք ավելի քան ծայրահեղ ազգայնամոլական, փոշոտ արտահայտություններ են, որոնք տեղ գտնելով նախորդ դարի սկզբում` պատճառ դարձան մեծ աղետների: Անպայման պետք է հաշվի առնել նրանց պոպուլիստական ուղղվածությունը, որից կախված է նաեւ իրենց ֆինանսավորումը: Սակայն մի կուսակցություն, որը հայտարարում է նախագահին աջակցելու մասին, ուղղակի հակառակ է գնում նրան այս հարցում, որովհետեւ Ռ.Քոչարյանը հայտարարում է, որ Հայաստանը համաձայն է հայ-թուրքական սահմանի բացմանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, ուղղակի վերջինս պետք է դա անի առանց նախապայմանների: Այսօր եթե նույնիսկ հնարավոր կարելի է համարել, որ Թուրքիան մի օր կընդունի Ցեղասպանությունը, սակայն մեծ մոլորություն է խոսել Արեւմտյան Հայաստանի հողերի մասին: Թուրքիայի հետ սահմանի բացումը մեզ կբերի շատ լուրջ տնտեսական արդյունքներ, եկամուտներ:
Մենք կունենանք ազատ տարածքային ճանապարհ դեպի Եվրոպա, կհեշտանա ապրանքափոխադրումը, կվերանա շրջափակումը:
2) Հայաստան-Վրաստան
Այս հարցում ՀՅԴ-ի համար հիմնաքարը Ջավախքն է, որը նրա իսկ կողմից անվանվում է վառոդի տակառ: Ներկա իրավիճակում բարձրացնել Ջավախքի հարցը, կնշանակի` զարգացնել ՀՀ շրջափակումը, խզել հարաբերությունները Վրաստանի հետ, որի տարածքով են անցնում Հայաստանի համար ստրատեգիական նշանակություն ունեցող փոխադրամիջոցները. բեռներից սկսած` մինչեւ ամենասովորական ապրանքների մեծ մասը: Իհարկե, Ջավախքի բնակչությունը հայեր են, մեր հայրենակիցները, որոնց Հայաստանը մշտապես պետք է պահի ուշադրության կենտրոնում եւ օգնի ամեն ինչում, սակայն ներկայումս ջավախահայությանը չի սպառնում որեւէ վտանգ Վրաստանի իշխանությունների կողմից, ինչպես, ասենք, սպառնում էր Ղարաբաղին Ադրբեջանի կողմից 1980-ականների վերջին: Ջավախքի հարցի սրումը կնշանակի` խառնվել Վրաստանի ներքին գործերին, կդիտվի որպես արհեստական քայլ, որը որեւէ կերպ չի բխում Հայաստանի շահերից եւ բխում է միայն ու միայն Ռուսաստանի շահերից:
3) Արցախյան հիմնախնդիր
Այսօր Արցախն իրոք որ փաստացի մերն է, եւ դա այդպես եղավ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա վարչակազմի վարած ճկուն ու վճռական քաղաքականության շնորհիվ: 1997թ. հոկտեմբերին լույս տեսավ Լեւոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ թե խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածը, որտեղ նախագահը հասարակության լայն շերտերին ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման իր ծրագիրը` մինչ օրս միակ ամենասթափ, կենսունակ ու արդիական ծրագիրը: 1998 թ. Անվտանգության խորհրդի նիստում հայտնի ուժերի կողմից մերժվեց Լ.Տեր-Պետրոսյանի ծրագիրը, եւ վերջինս` երկրում տիրող իրավիճակը չսրելու համար, հրաժարական տվեց: Այսօր ութ տարվա հեռավորությունից երբ կարդում ես նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այդ հոդվածը եւ վերլուծում, թե ինչ տեղի ունեցավ այս ութ տարում ու հատկապես հիմա ինչպես է ընթանում արցախյան կարգավորման հարցը, ապա Լ. Տեր-Պետրոսյանի հոդվածը մարգարեական է դառնում:
Ի՞նչ է առաջարկում ՀՅԴ-ն այս հարցում: Արձանագրելով Արցախի փաստացի մերը լինելու փաստը` պնդում են, որ պետք է շարունակել գրոհը եւ ազատագրել Շահումյանն ու Գետաշենը, ձգտել, որ միջազգային հանրությունը ճանաչի Արցախի միացումը Հայաստանին, եւ, որ ազատագրված տարածքները ԼՂՀ-ի ամբողջականության մաս են կազմում:
Ներկայումս ստեղծված իրավիճակում երբ միջազգային հանրությունը ճնշումներ է գործադրում թե Հայաստանի, թե Ադրբեջանի վրա, արցախյան հիմնախնդիրը խաղաղ եւ փոխզիջումային ճանապարհով (խոսքը արցախահայության անվտանգության եւ բարեկեցության հաշվին զիջումներ անելու մասին չէ) լուծելու համար իշխանության մաս կազմող կոալիցիայի անդամ ՀՅԴ-ն հանդես է գալիս ռազմական-ազատագրական կոչերով, որը, մեղմ ասած, հետադիմական, ոչ կառուցողական է ու առաջին հերթին` շատ վտանգավոր Հայաստանի եւ Արցախի համար, քանի որ միջազգային հանրությունը կարող է հաշվի առնել, որ ՀՅԴ-ն իշխանության մաս կազմող կուսակցություն է, ուրեմն նրա տեսակետներն ինչ-որ մի տեղ կարելի է ընդունել որպես Հայաստանի պաշտոնական տեսակետներ, եւ փոխել իր առանց այն էլ` այսօր ոչ այնքան Հայաստանի հանդեպ բարենպաստ դիրքորոշումը: Ամփոփելով ՀՅԴ արտաքին քաղաքականության մոտեցումները, հանգում ես հետեւյալ եզրակացության՝ Դաշնակցությունը շարունակում է բարձրացնել իր հետադիմական ծայրահեղ, ագրեսիվ ազգայնամոլական տեսակետները, եւ նրա ղեկավարների վերջերս արած այն արտահայտությունը, թե «Հայաստանն ունի երեք ճակատ եւ մեկ սահման» (նկատի ունեն Իրանը), գրեթե չի տարբերվում նախորդ դարի սկզբում ՀՅԴ-ի հնչեցրած՝ «ծովից ծով Հայաստան պետք է լինի» եւ «Ստամբուլը դարձնենք արյան ծով» արտահայտություններից, իսկ թե ինչպիսի աղետալի հետեւանքներ ունեցան այս կարգախոսները հայ ժողովրդի համար, բոլորիս է հայտնի: Իհարկե, կա նաեւ մի այլ տեսակետ, ինչը վերն ասվածը զգալիորեն մեղմացնում է. ՀՅԴ-ն չկարողացավ վերաձեւավորվել եւ տեղավորվել ժամանակին համահունչ պահանջների մեջ, չկարողացավ թոթափել ազգայնամոլությունը եւ ուղղորդվել քաղաքացիական հասարակության ստեղծման գաղափարով ու շարունակում է քարոզել իր թանձրամիտ, կեղծ ազգայնական (ազգայնականը չափի մեջ վատ բան չէ, սրանցը չափազանցված է, ուստի կեղծ ազգայնական է) գաղափարները՝ զուտ հանգանակություն իրականացնել կարողանալու, ֆինանսավորվելու համար՝ այդպիսով իսկ ապահովելով իր գոյության շարունակականությունը:
բ) Ներքին քաղաքականություն
Ներքաղաքական խնդիրների մասին խոսելիս` Հ. Մարգարյանը սկսեց այսպես.
«Հոկտեմբերի 27-ից հետո մենք վերահաստատեցինք մեր զորակցությունը երկրի նախագահին…»։ Սա շատ կարեւոր, ուշադրության արժանի եւ հետաքրքիր նրբերանգ է: Ինչո՞ւ է դաշնակցական զեկուցողը ներքաղաքական հարցերի մասին խոսելիս սկսում 1999թ. հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ահաբեկչությանը հետեւած ժամանակաշրջանից: Չէ՞ որ Դաշնակցությունն ազատվեց եւ սկսեց գործել 1998թ. սկզբում, եւ, եթե այստեղ հիշենք, որ ՀՅԴ անդամները 1998 թ. սկսած ասում էին, որ «իշխանափոխությունը դեռեւս ամբողջությամբ չի ավարտվել» ու դադարեցին այս խոսքերն ասել 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո, ապա կարելի է շատ հետաքրքիր եզրահանգումներ կատարել: Եզրակացություններից մեկն էլ այն է, որ ՀՅԴ-ն՝ 1998թ. ազատվելով եւ սկսելով գործել, չդարձավ (միգուցե հակառակ իր սպասումների) Հայաստանի քաղաքական կյանքի գլխադասային, առաջնային ուժ, նրա հնարավորությունները շատ չնչին էին` ազդելու համար Հայաստանի ներքաղաքական կամ արտաքին քաղաքականության հարցերի լուծման վրա, իսկ երբ 1999թ. գարնանը տեղի ունեցան Ազգային ժողովի ընտրություններ եւ ձեւավորվեց նոր կառավարություն, ՀՅԴ-ն ձեռք չբերեց անհրաժեշտ քաղաքական մեծամասնություն եւ չընդգրկվեց երկրի ղեկավարության մեջ: Իհարկե, այս վիճակը բացարձակապես չէր բավարարում Դաշնակցությանը, եւ նա իրեն կաշկանդված էր զգում, ու այսպես կշարունակվեր շատ երկար, եթե տեղի չունենար 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը, որից հետո տեղի ունեցան ներքաղաքական փոփոխություններ, եւ ՀՅԴ-ն, որը շարունակում էր սատարել երկրի նախագահին, սկսեց գործել ավելի անկաշկանդ ու ազատ եւ 2003թ. Աժ ընտրություններից հետո անդամակցեց կոալիցիային, այդպիսով կազմելով իշխանության մաս: Հավանաբար, եթե Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանը չսպանվեին եւ շարունակեին ղեկավարել, ապա ՀՅԴ-ն թերեւս մնար չներկայացված իշխանության մեջ:
Զեկուցողը շարունակում է մտքեր արտահայտել նախագահի վարած քաղաքականության մասին: Սկզբից շեշտվում է, որ իրենք զորակից են նախագահին, սակայն անմիջապես սկսվում է քննադատությունը, որ նախագահը կարեւորում է օլիգարխների, ապաքաղաքական եւ տնտեսական տարրերի գործոնը երկրի ներքաղաքական կյանքում, եւ, որ նա` չցուցաբերելով անհրաժեշտ վճռականություն, հանդուրժեց կոռուպցիայի ու անարդարության զարգացումը: Այս ամենից հետո ՀՅԴ զեկուցողը բացատրում է իրենց՝ նախագահին զորակցել շարունակելու գործոնը` կապված 2003թ. նախագահական եւ Աժ ընտրությունների, Հայաստանի քաղաքական դաշտի նոր ձեւավորման հետ: Ապա շարունակում է, որ իրենք համոզված էին, որ երկրին անհրաժեշտ է արդար ու համոզիչ ընտրություններով ընտրված նախագահ, որը կլինի ուժեղ եւ անաչառ, կունենա ազատ գործելու հնարավորություն: Սակայն որոշ տարրերի պետք չէր այդպիսի նախագահ, եւ նրանք գնացին կեղծիքների, քանի որ նաեւ հասկանում էին անհրաժեշտությունը մի քանի ամիս հետո տեղի ունենալիք Աժ ընտրությունների ժամանակ եւ նաեւ այն, որ վատ նախադեպ կլիներ առանց կեղծիքների նախագահական ընտրությունները: Այստեղ մի շարք հարցեր են առաջ գալիս: Ինչո՞ւ ՀՅԴ-ն երբ ասում է, որ նախագահը սատարում է օլիգարխների, ապաքաղաքական ու տնտեսական տարրերի հզորացմանը, աչք է փակում անարդարության եւ կոռուպցիայի ծաղկման վրա, չդադարեցրեց իր զորակցությունը նրան մինչ նոր նախագահական ընտրությունները, ինչո՞ւ 2003թ. նախագահական ընտրությունների ՀՅԴ-ն չգնաց իր առանձին թեկնածուով եւ շարունակեց պաշտպանել գործող նախագահին, ում հիմա քննադատում է, կամ էլ, եթե ըստ իրենց` նախագահը վարել է պախարակելի քաղաքականություն, ապա ի՞նչ հույսերով էր Դաշնակցությունն այդպիսի թեկնածուով գնում արդար, ազատ ընտրությունների:
Խոսելով 2003թ. Աժ ընտրությունների մասին` Հ. Մարգարյանն ասաց, որ ոմանք այդ ընտրություններին գնացին ամբոխավարությամբ եւ կեղծ անդամահավաքների ճամփով, ոմանք` ժողովրդի ու պետության հաշվին ձեռք բերած հարստությունն ընտրակաշառքի վերածելով, ոմանք էլ` իրենց լծակները եւ կարելիություններն օգտագործելով, ու, որ ընտրախախտումները եղել են դաժան, եւ մեծ էր վրդովմունքը, որ բաց թողնվեց երկիրը բնականոնացնելու մի բացառիկ հնարավորություն: Առաջին հերթին` ասենք, որ Դաշնակցությունը շարունակում է գտնվել բացառիկ մոլորության մեջ եւ չի գիտակցում, որ ժողովրդի մեջ վաղուց ջնջվել են ՀՅԴ-ի ազգընտիր լինելու մասին ռոմանտիկ պատկերացումները: Ինչ վերաբերում է Աժ ընտրությունների մասնակցած կուսակցությունների անցած նախընտրական ճամփաների մասին, ապա դժվար չէ հասկանալ, որ խոսքը գնում է նաեւ Հայաստանի «Հանրապետական» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների մասին: Ապա ուրեմն ինչո՞ւ ՀՅԴ-ն` խարազանելով վերոհիշյալ կուսակցությունների ընտրարշավը, նրանց հետ միասին կոալիցիա կազմեց:
Պատասխանը նույնպես շատ պարզ է: Դաշնակցությունը՝ քաջ գիտակցելով, որ չունի հասարակության եւ ժողովրդի լայն զանգվածների աջակցությունը, հասկանում է, որ կարող է իշխանության մեջ լինել միայն ու միայն սատարելով իշխող վարչակազմին եւ ընդունելով նրանից այնքան` ինչքան որ նա կտա: Խոսելով ընտրություններից հետո արդեն տեղ գտած իրադարձությունների մասին` ՀՅԴ-ն ասում է, որ իրենց անդամակցությունը կոալիցիային ավելի շատ երկրի նախագահի ցանկությունն է եղել եւ, որ իրենք ամեն ինչ անում են երկրում բարեկեցության ու արդարության հասնելու համար, սակայն չի ստացվում, որովհետեւ բավարար չափով ներկայացված չեն ոչ գործադիր, ոչ օրենսդիր իշխանություններում եւ հայտարարում են ի լուր աշխարհի, որ իրենք կապ չունեն երկրում տիրող արատների հետ, անարատ են, ուղղակի զոհ են դառնում այն բոլոր բացասական երեւույթներին, որոնք իրականացնում են մյուս ուժերը: Նորից երկակի ստանդարտներ. մնալով իշխանության մեջ` քննադատել այն, ամբողջ մեղքը բարդել, ցեխ շպրտել կոալիցիոն գործընկերների վրա, որոնց հետ կա ստորագրած համատեղ պատասխանատվություն կրելու մասին հուշագիր: Իհարկե, այս դիրքորոշմամբ ՀՅԴ-ն չպետք է շարունակեր մնալ կոալիցիայում, համենայն դեպս, նրա դուրս գալն ավելի բարոյական կդիտվեր` քան այսքանից հետո մնալը, բայց Դաշնակցությունը մնաց կոալիցիայում, որովհետեւ, ինչպես վերը նշվեց, չունի ռեսուրսներ միայնակ պայքարելու: Ամփոփելով ՀՅԴ 29-րդ Ընդհանուր ժողովը` կարելի է ասել հետեւյալը. ՀՅԴ-ն չփոխվեց, չվերաձեւավորվեց ժամանակի ընթացքին համահունչ ու շարունակեց մնալ իր նախորդ դարի սկզբին դավանած կարծր, ոչ կենսունակ, մերօրյա աշխարհում տեղ չգտած գաղափարների կրողը:
Դաշնակցությունը չի վստահում ոչ ոքի, նրա գլխավոր նպատակը Հայաստանում բացառիկ իշխանության հասնելն է, որից հետո նա կփորձի իրականացնել իր ծայրահեղ ագրեսիվ, ազգայնամոլական գաղափարներն, ինչը Հայաստանում կառաջացնի խոր ճգնաժամ եւ երկրին կբերի աշխարհաքաղաքական աղետներ:
Այս ժողովից հետո էլ ավելի ճշմարիտ եւ արդիական են հնչում Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ, դաշնակցական Քաջազնունու խոսքերը. «Դաշնակցությունն այլեւս անելիք չունի»: