– Իսկ այսօր ավելի շատ ընտանիքիս մայրն եմ, կինը, որովհետեւ աշխատանքում շատ զբաղվածություն չունեմ:
– Ո՞րն է առավել հաճելի՝ երբ Ձեզ ճանաչում են որպես դերասանուհի՞, թե՞ որպես Ֆորշի կին:
– Իհարկե, որպես Ֆորշի կին: Ես որպես դերասանուհի այնքան էլ ճանաչված չեմ: Որպես Ֆորշի կին էլ ինձ ճանաչում են միայն շատ մտերիմ մարդիկ: Եվ առհասարակ, ես ներկայանալ չեմ սիրում: Որդիս մոտ մեկ տարի դպրոց էր գնում, բայց ոչ ոք չգիտեր, թե նա ով է: Հետո պատահական հեռուստացույցով տեսել էին ու զարմացել, որ ես այդ մասին ոչինչ չեմ ասել:
– Ինչպե՞ս եք ընտրել դերասանի մասնագիտությունը:
– 4 տարեկանից երազել եմ դառնալ դերասանուհի, եւ միայն այդ մասին եմ մտածել: Սովորել եմ Մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի թատերական բաժնում՝ Հենրիկ Մալյանի կուրսում: Չորրորդ կուրսը դեռ չավարտած, աշխատել եմ «Մետրո» թատրոնում: Հենց այնտեղ էլ ծանոթացել եմ Ֆորշի հետ: Նա այն ժամանակ աշխատում էր թատրոնում, որպես դերասան: Տղայիս ծնվելուց հետո աշխատել եմ Համազգային թատրոնում, որն էլ եղել է իմ աշխատանքային կյանքի ամենաբուռն էտապը: Հետո ու մինչեւ այսօր աշխատում եմ Արմեն Մազմանյանի ղեկավարած «Գոյ» թատրոնում: Նույնիսկ երկրից բացակայել եմ, բայց վերադառնալուց հետո նորից աշխատել եմ թատրոնում:
– Մեր օրերում, հնարավորության դեպքում շատերը լքում են Հայրենիքը, իսկ դուք վերադարձաք: Ի՞նչն է պատճառը:
– Այո, մենք Արգենտինայում էինք: Ֆորշն այնտեղ մնաց 3 տարի, իսկ ես որդուս հետ՝ մեկ ու կես տարի: Գնալուցս մեկ ամիս հետո հասկացա, որ ես կարող եմ ապրել միայն իմ երկրում: Դա մի անբացատրելի զգացում էր: Երեւի ինչպես ասում են` «ուզում էի իմ յուղով տապակվել»: Մի օր առավոտյան վեր կացա ու սկսեցի ինքս ինձ հարց տալ, թե ո՞վ եմ ես ու ի՞նչ եմ անում այդ երկրում: Ոչ հարցիս պատասխանն էի գտնում, ոչ էլ այդտեղ գտնվելու իմաստն էի տեսնում: Երեւի մնացողներն իմաստ տեսնում են, որ մնում են: Նույնիսկ մտածում եմ` եթե օվկիանոսը չլիներ, ես քայլելով կգայի ու մի օր կհասնեի, էլի: Ընտանիքով որոշեցինք, որ պետք է վերադառնանք Հայրենիք: Մեր ծանոթներից շատերն ասում էին, որ կփոշմանենք, որ պետք չէ էմոցիաներին տրվել: Բայց ոչ միայն դա տեղի չունեցավ, այլ երեք ու կես տարի շարունակ, ամեն օր ես օրհնում եմ, որ մենք այստեղ ենք:
– Կարծիք կա, որ արվեստագետների ընտանիքները խարխուլ հիմքերի վրա են: Դուք ի՞նչ կարծիքի եք:
– Ոչ, ես համամիտ չեմ այդ կարծիքին: Պարզապես հայտնի մարդկանց մասին ինչ-որ մանրամասներ իմանալով, շատ հաճախ սկսում են ենթադրություններ անել: Այսինքն` պատճառը շատ խոսելն է, երբ շատ խոսում են, վատ բաներ էլ են ասում: Իմ շրջապատում ես գիտեմ ավելի շատ արվեստագետների հաջողված ընտանիքներ, քան ոչ արվեստագետների:
– Ձեր որդու մասնագիտության ընտրության հարցում ի՞նչ դեր եք վերապահում Ձեզ:
– Ինձ թվում է` դերն արդեն խաղացված է: Տղաս ուղն ու ծուծով երաժիշտ է: Այսինքն, գենն է իր դերը խաղացել: Ինքն արդեն հայտարարել է իր երաժիշտ դառնալու որոշման մասին:
– Ֆորշը քմահա՞ճ տղամարդ է:
– Ֆորշն ընդհանրապես հեշտ մարդ է: Իսկ քանի որ առաջին հերթին մենք լավ ընկերներ ենք, դրանով իսկ հեշտ տղամարդ է: Շատ դեպքերում ընտանիքին վերաբերող խնդիրների շուրջ որոշումներ կայացնում եմ ես, քանի որ զբաղվածությունը նրան շատ հեռու է պահում կենցաղից:
– Իսկ երբեւէ չե՞ք տրտնջացել:
– Ոչ, ընդհանրապես ճակատագրով ում ինչ տված է` այնպես էլ պետք է լինի: Ես շատ եմ սիրում ամուսնուս, որդուս ու իմ տունը: Եվ երբեք չէի ցանկանա ուրիշ ընտանիք ունենալ:
– Ինչպե՞ս եք ընդունում Ֆորշի երկրպագուներին:
– Ես դրա համար միայն ուրախանում եմ: Երկրպագուներ ունենում են շատ սիրված արվեստագետները, իսկ դա ինքնահաստատման արդյունք է: Ես նման պահեր չեմ ապրել, քանի որ իմ մասնագիտության մեջ չեմ կայացել, բայց պետք է որ դա մի անբացատրելի զգացում լինի: Հետո ես գտնում եմ, որ չխանդելը միայն իմ մենաշնորհը չէ, դա Ֆորշից էլ է գալիս, քանի որ նա միասեր է:
– Դուք ասացիք, որ Ձեր մասնագիտության մեջ չեք կայացել, պատճառը խստապահանջ ամուսի՞նն է, թե՞ մի այլ բան:
– Ոչ, բնավ էլ ամուսինս չի եղել դրա պատճառը: Ես նույնիսկ երբեմն ասում եմ` «էս աշխարհը ծուռ է»: Ես ունեմ ժամանակ, ծանրաբեռնված ընտանիքի մայր չեմ, ամուսինս ոչ թե չի թողնում զբաղվել իմ սիրած գործով, այլ ճիշտ հակառակը՝ ինքն է ինձ համար խթանիչ ուժ հանդիսանում իմ աշխատանքում: Պարզապես այդպես ստացվեց: Այն լճացման տարիները կարծես իմ կայացման տարիները պիտի լինեին:
– Իսկ կա՞ մի դեր, որ մտածում եք, եթե հաջողվի խաղալ, ձեզ անպայման հանրաճանաչություն կբերի:
– Ես չեմ ուզում հանրաճանաչ դառնալ, ես ուզում եմ աշխատանք ունենալ: Այդ թատրոնում ինչ դեր էլ առաջարկեն, ես կխաղամ մեծ հաճույքով: Իսկ եթե ավելի կոնկրետանամ, կցանկանայի խաղալ Վիլյամ Սարոյանի որեւիցե պիեսում: Ինստիտուտի տարիներին ես խաղում էի տղա երեխաների դերեր, ինձ թվում է` հիմա էլ կհաջողվի, որովհետեւ ես շատ պարտաճանաչ ու աշխատասեր եմ:
– Իսկ սիրո՞ւմ եք ճաշ պատրաստել:
– Այո, շատ եմ սիրում բազմատեսակ պատրաստել, բայց պիտի ասեմ, որ Ֆորշի քմահաճ տղամարդ լինելն ուտելիքի ընտրության հարցում է երեւում: Սիրում է միատեսակ, անպայման մսով կերակուրներ: Նախընտրում է միսը ոչ թե տապակած, այլ խաշած վիճակում ուտել: Նրան ոչ մի էկզոտիկ կերակրատեսակով չես գայթակղի: