Ո՞ւմ թեկնածուն է իրականում Բալասանյանը

24/07/2012 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Գյումրին այս օրերին դարձել է Հայաստանի ներքաղաքական կյանքի կիզակետը: Սեպտեմբերի 9-ին տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ, որն էլ դարձել է ներքաղաքական թեժ իրադարձությունների եւ քննարկումների հիմնական թեման:

Գյումրիի երկարակյաց քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այլեւս չի վայելում հարազատ Հանրապետական կուսակցության բարհաճությունը, այդ պատճառով էլ աշնանային ընտրություններում, ամենայն հավանականությամբ, չի կարող կրկին առաջադրվել: Փոխարենն առաջադրվելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Սամվել Բալասանյանը, ում էլ, շրջանառվող կարծիքների համաձայն, պաշտպանելու է նաեւ իշխող ՀՀԿ-ն: Ավելի շուտ ՀՀԿ-ն ԲՀԿ-ի հետ համաձայնության է եկել Գյումրիում առաջադրել Ս.Բալասանյանին: Շաբաթ օրն Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մեկնել էր Գյումրի` մասնակցելու Հանրապետական կուսակցության Շիրակի մարզային կառույցի նիստին, որի ժամանակ էլ Վ.Ղուկասյանը ազատվել է նաեւ ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավարի պաշտոնից: Եվ այժմ Գյումրիում բավականին լարված մթնոլորտ է: Հրապարակվող լուրերի համաձայն` Վ.Ղուկասյանի մտերիմներն ու որդին` Սպարտակ Ղուկասյանը, փորձում են ապակայունացնել իրավիճակը, նրանց կողմից կրակոցներ են հնչել, Ս.Բալասանյանի տան մոտով անցնելիս «չես վայելելու» սպառնալիք են հնչեցրել, եւ այլն: Ս.Բալասանյանն էլ, իր հերթին, երեկ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում մեկնաբանել է այդ դեպքերը: «Ոնց որ թե փորձ է արվում լարվածություն ստեղծել, բայց ես ուղղակի զգուշացնում եմ` շատ հեռու մնա նման լարվածություններ ստեղծելուց, ուղղակի ես զգուշացնում եմ: Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք, գիտեմ, որ ուզում են լարվածություն ստեղծել: Դե, մեր ականջին շատ բան է կպնում. ես զգուշացնում եմ ուղղակի, որ հեռու մնան, քաղաքակիրթ մրցակցության գնալու ակնկալիքով եմ ես գնում իմ թեկնածությունն առաջադրելու»,- ասել է նա:

Ինչեւէ, այս աղմկոտ իրադարձություններից զատ, բավականին հետաքրքիր եւ ինտրիգային հարց է, թե բացի ԲՀԿ-ից` ո՞ր կուսակցությունները թեկնածու կառաջադրեն Գյումրիի քաղաքապետի ընտրություններում: ՀՀԿ-ն կառաջադրի՞, թե՞ իսկապես կպաշտպանի Ս.Բալասանյանին: Չէ՞ որ նա ԲՀԿ-ի կողմից իր թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարությունից անմիջապես առաջ հանդիպել էր նախագահ Սերժ Սարգսյանին: ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ իր կուսակցությունը դեռ չի քննարկել Գյումրիում թեկնածու առաջադրելու կամ այլ թեկնածուի պաշտպանելու հարցը: Իսկ ինչ վերաբերում է Ս.Սարգսյանի հետ Ս.Բալասանյանի հանդիպմանը, նա ասաց. «Զարմանալի չէ, որ խորհրդարանի հանձնաժողովի նախագահները, մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները այս կամ այն կարեւոր հարցերի շուրջ հանդիպում են հանրապետության նախագահին»:

Հիշեցնենք, որ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն, ի տարբերություն ԲՀԿ-ի, Շիրակի մարզում եւ հատկապես Գյումրիում բավականին վատ արդյունք ունեցավ: Այս առումով ՀՀԿ-ի որոշ ներկայացուցիչներ մեղադրում էին Վ.Ղուկասյանին: Իսկապե՞ս ՀՀԿ-ն դժգոհ էր Գյումրիի քաղաքապետից: «ՀՀԿ-ն որպես դասական քաղաքական ուժ` յուրաքանչյուր ընտրություններից հետո վերլուծության է ենթարկում յուրաքանչյուր ընտրատարածքում ստացած ձայների քանակը, եւ այն, թե ով ինչպես է աշխատել: Ո՞րն է պատճառները լավ կամ վատ աշխատանքի, որտե՞ղ են եղել թերացումները: Կարծում եմ, որ յուրաքանչյուր քաղաքական ուժի համար անհրաժեշտություն է, որ յուրաքանչյուր ընտրությունից հետո եւ առաջ վերլուծի իրավիճակը, խնդիրները, անելիքները, եւ այդ իմաստով, կարծում եմ, որ բացառություն չի լինի նաեւ Գյումրին: Եվ երբ մենք ավարտենք այս քննարկումները, որոշենք, թե ով է առաջադրվելու կամ` ում ենք սատարելու, բոլոր հարցերին սպառիչ պատասխան կտանք»,- ավելացրեց Է.Շարմազանովը:

Իսկ արդյո՞ք ԲՀԿ-ին չի մտահոգում այն հարցը, որ իրենց թեկնածուն համարվում է կուսակցությունում ՀՀԿ-ի «մարդը»: Կամ` իսկապե՞ս ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն ու Ս.Սարգսյանը Գյումրիի քաղաքապետի հետ կապված ընդհանուր հայտարարի են եկել: ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանն էլ Է.Շարմազանովի նման պատասխանեց, թե, ինչպես ՀՀ բոլոր ազատ քաղաքացիները, այդպես էլ Ս.Բալասանյանն իրավունք ունի այցելել տարատեսակ գերատեսչություններ եւ ատյաններ: «Ինչ վերաբերում է համաձայնությանը կամ` ոչ, բնականաբար, ԲՀԿ-ն ինքնուրույն որոշում կայացնող ուժ է: Եվ կարծում եմ, որ բոլորին էլ պետք է պարզ լիներ, որ ԲՀԿ-ն խնդիր ունի իր քաղաքական քայլերը համաձայնեցնել իր ընտրողների հետ»,- ասաց Տ.Ուրիխանյանը:

Եվ մինչ ՀՀԿ-ն կորոշի, թե ում թեկնածությունն է պաշտպանելու Գյումրիում, բավականին ինտրիգային է նաեւ այն հարցը, թե այնտեղ ում թեկնածությունը կպաշտպանի ՀԱԿ-ը: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը մի քանի շաբաթ առաջ ասել էր, թե առաջիկա ընտրություններում Կոնգրեսը կառաջադրի իր թեկնածուին կամ կպաշտպանի կոալիցիային մաս չկազմող որեւէ ուժի ներկայացուցչի: Այդ հայտարարությունն ուշագրավ էր հատկապես ՀԱԿ-ԲՀԿ սկսված ու շարունակվող համագործակցության ֆոնին: Արդյո՞ք այդ համագործակցությունը կարող է հասնել ընդհուպ Ս.Բալասանյանին սատարելուն: ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանն ասաց, թե Գյումրիի ընտրությունների հետ կապված որեւէ հարց դեռ չեն քննարկել:

Ինքը` քաղաքական այս քննարկումների հերոս Ս.Բալասանյանն, իր թեկնածությունը ՀՀԿ-ի կամ ՀԱԿ-ի կողմից պաշտպանելու հարցին երեկ այսպես է պատասխանել. «Ճիշտն ասած, իրենց որոշելիքն է, թե ՀՀԿ-ն, «Ժառանգությունը», ՀԱԿ-ը կամ մյուսը ինչ կանեն: Ի վերջո, բոլորը այստեղից ձայներ են ստացել: Կարող է` պաշտպանեն, ճիշտ ասած` չգիտեմ, դա իրենց պետք է հարցնեք, բայց, եթե այդպիսի բան լինի, նոր քաղաքական մշակույթ կձեւավորվի, որը չի եղել մինչեւ հիմա»:

«Ժառանգություն» եւ «Դաշնակցություն» կուսակցություններից երեկ նույնպես պատասխանեցին, թե այդ հարցը դեռ չեն քննարկել: «Ժառանգության» փոխնախագահ Ռուբիկ Հակոբյանն ասաց, որ խորհրդարանական ընտրություններում իրենք Գյումրիում լավ արդյունք են ունեցել, եւ աշնանային ընտրություններին նույնպես ակտիվ են լինելու: Սակայն դեռ չեն որոշել` քաղաքապետի թեկնածու առաջադրելո՞ւ են, թե՞ ոչ: Իսկ եթե չառաջադրեն, կպաշտպանեն ընդդիմության կամ քաղաքացիական հասարակության առաջադրած որեւէ թեկնածուի: Իսկ հնարավո՞ր է, որ «Ժառանգությունը» Գյումրիում պաշտպանի կոալիցիային մաս չկազմող ԲՀԿ-ի թեկնածու Ս.Բալասանյանին: Ռ.Հակոբյանը նախ ծիծաղեց, հետո ավելացրեց. «Եթե ԲՀԿ-ն Ս.Բալասանյանին առաջադրում է նախագահի հետ հանդիպումից անմիջապես հետո, իմ կարծիքով` ՀՀԿ-ն նույնպես նրան կպաշտպանի: Եվ այդքանից հետո հարցնո՞ւմ եք, թե ԲՀԿ-ն կոալիցիայում չէ, եւ հնարավոր է` դուք պաշտպանեք: Մեկնաբանությունը թողնում եմ ընթերցողին»: