Մեր թերթի նախորդ համարներում փորձել էինք ներկայացնել ընտանեկան նպաստ համակարգում տիրող Սոցիալական աջակցության գրասենյակների պետերի, տեսուչների ստվերային գործունեության մեխանիզմները եւ մատնանշել էինք նպաստառուների կողմից ներկայացված կոնկրետ փաստեր: Հիշեցնենք, որ այդ համակարգում հաշվառվելու համար գրասենյակի պետերն ու տեսուչները նպաստառուներից շատերին ստիպում են փաստագրել` տարվա մեջ երկու ամսվա նպաստն իրենց թողնելու սկզբունքով: Մասնավորապես Հաղթանակ թաղամասի 30 հասցեում գտնվող վագոն-տնակի բնակչուհի Անուշ Հարությունյանի կողմից հրապարակված փաստերը բավականին հետաքրքիր զարգացումներ ունեցան: Ինչպեսեւ սպասվում էր, կաշառակերության մասին փաստերի հրապարակման թիրախը հանդիսանալու էր Ա. Հարությունյանը, ով պայքարելու փոխարեն` նախընտրեց հանձնվել: Հիշեցնենք, որ Ա. Հարությունյանը մեզ տեղեկացրել էր, որ տարածքի տեսուչն իրեն ստիպում է տարվա մեջ երկու ամսվա նպաստն իրեն տրամադրել, այնուհետեւ մեզ հետ զրույցում հավաստիացրել էր, որ պատրաստ է ապացուցել խոսքերը եւ մինչեւ վերջ պնդել իր ասածը: Հոդվածի հրապարակումից հետո նրան հրավիրել են Սոցիալական աջակցության գրասենյակ, «հարցաքննել» են, այնուհետեւ այնպիսի «տրյուկներ» են կիրառել, որ Ա. Հարությունյանը ստիպված է եղել փոխել իր դիրքորոշումը: Օրեր առաջ նա մեզ զանգահարեց եւ ասաց բառացիորեն հետեւյալը. «Էս ինչ կրակի մեջ ընկա, բոլորը ինձ թարս աչքով են նայում, թարսվել են հետս: Գրասենյակից ինձ ասեցին, որ իմ համար էլ ա վատ լինելու, որովհետեւ կաշառք տվողն էլ ա պատասխան տալու: Ասեցին` չես կարա ապացուցես, որովհետեւ գումարը տալուց գրավոր փաստաթուղթ չես ստորագրել, ու վերցնողն էլ կհրաժարվի քո մեղադրանքից: Ես երեք երեխա ունեմ ու, եթե շարունակեմ պնդել ասածս, ինձ համար վատ կլինի: Չէ, ես հետ եմ կանգնում խոսքերիցս: Ինձ քաղաքապետարանից կանչել են, ուզում եմ տեղեկացնել, որ գնալու եմ հերքեմ ասածներս: Ինձ ասեցին, որ կաշառք տվողի համար ավելի վատ կլինի»: Հասկանալով, որ Ա. Հարությունյանին Սոցիալական աջակցության գրասենյակում լավ վախեցրել են, մենք փորձեցինք հասկանալ, թե ինչպե՞ս է հերքելու իր կողմից հնչեցված կաշառակերության մասին փաստերը` այն դեպքում, երբ մենք նույնիսկ այդ տեսագրությունն ունենք, վերջինս պատասխանեց. «Ես չեմ ասում` չեմ ասել նման բաներ, ասել եմ, բայց հիմա ասածներիցս հետ եմ կանգնում: Ես հիմա չեմ բողոքում: Կգնամ քաղաքապետարան, կասեմ, որ ջղայնացած եմ եղել, նման բաներ եմ ասել: Կգնամ կասեմ, որ հերքում եմ»: «Ի՞նչն եք հերքում»,- հարցրեցինք: «Իմ ասածները»,- պատասխանեց Ա. Հարությունյանը` նորից կրկնելով, որ իրեն բոլորը թարս աչքով են նայում ու ասում են, որ կաշառք տվողն ավելի մեծ հանցանք է գործում, քան վերցնողը: Մինչդեռ, հետաքրքիր է, որ Ա. Հարությունյանը մի քանի օր առաջ ասում էր, թե ինքը կարծել է, որ տեսուչին երկու ամսվա գումար թողնելը օրենքի պահանջ է: Հարկ է նկատել նաեւ, որ Ա. Հարությունյանի նմանատիպ վարքագծի շարժառիթը ուղիղ կապ ունի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սոցիալական աջակցության պետ Ռուզաննա Գեորգիսյանի «մարտավարության» հետ: Վերջինս մեզ հետ հեռախոսազրույցում վստահեցրել էր, որ տարածքը սպասարկող տեսուչն արձակուրդի մեջ է, հետեւաբար, մինչեւ նա չվերադառնա հանրապետություն, այդ փաստերի իսկությունը չեն կարող ճշտել: Մինչդեռ հետաքրքիրն այն է, որ տեսուչի բացակայության պայմաններում գրասենյակում ակտիվ «խոսակցությունների» արդյունքում հարցը լուծվել է` փաստերը հրապարակողի «բերանը փակելով»: Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանից նույնպես ներկայացուցիչներ էին այցելել եւ փորձել էին ուսումնասիրություն կատարել գրասենյակում այս փաստի առիթով: Երեկ մենք զանգահարեցինք Ա. Հարությունյանին եւ փորձեցինք ճշտել, թե արդյո՞ք գնացել է Երեւանի քաղաքապետարան. «Այո, Գեորգիսյանի հետ գնացի ու գրեցի, որ ասածներս հերքում եմ: Էնտեղ ասեցի, որ Դուք ձայնագրությունն ու տեսագրությունն ունեք, որ Ձեզ ամեն ինչ ասել եմ, բայց գրեցի, որ հրաժարվում եմ խոսքերիցս»: Ի դեպ, մեր հարցին, թե ինքը ո՞ր բաժնում կամ ո՞ւմ անունով է դիմումը գրել, Ա. Հարությունյանը պատասխանեց, որ չգիտի, ինքը ուղղակի գրել, դուրս է եկել: Այս ամենից պարզ է դառնում, որ Ա. Հարությունյանին գրասենյակի պետ Ռ. Գեորգիսյանը «ձեռքից բռնած» ուղեկցել է Երեւանի քաղաքապետարան եւ թելադրել է` ինչ անել: Իսկ մեզ մնում էր Ա. Հարությունյանին ընդամենը հորդորել` այլեւս չդիմել մեզ ու չհայտարարել իր նկատմամբ իրականացվող անարդարության ու կաշառակերության մասին, եթե նա պատրաստ չէ պայքարել արդարության ու սեփական իրավունքների համար: Երեկ մենք փորձեցինք նաեւ զրուցել Երեւանի քաղաքապետարանի Սոցիալական բաժնի պետ Ռուզաննա Զաքարյանի հետ` պարզելու համար, թե կաշառակերության մասին փաստերը հրապարակելուց, այնուհետեւ այդ մասին հաղորդում տալուց հրաժարվելուց հետո արդյո՞ք քաղաքապետարանն այս գործին ընթացք չի տալու: Ցավոք, Սոցիալական բաժնից մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեցին, սակայն, այնուամենայնիվ, եթե Երեւանի քաղաքապետարանը նույնպես այդ փաստերը «լղոզելու» մտադրություն չունի` մենք պատրաստ ենք այդ տեսագրությունը նրանց տրամադրել (այն առաջիկայում կտեղադրվի 168.am կայքում):