Ընկերության հիմնադիր տնօրեն Նինա Հովնանյան-Ալեքսանյանը հայ արվեստագետների ու «ոսկի ձեռքեր» ունեցող վարպետների հետ կոմերցիոն պայմանագրեր է կնքում եւ Աբովյան 1 հասցեում գտնվող սրահում ցուցադրություն-վաճառք կազմակերպում: Կաշվե պատկերազարդ պայուսակները, կոշիկները, հագուստը, զարդերը, խաղալիքները, լուսամփոփներն ու տիկնիկներն աչքի են ընկնում իրենց բարձր որակով ու ճաշակով: Նրանք ցուցադրվում ու վաճառվում են շատ գրագետ ու գեղեցիկ: Հաշվի առնելով մոտեցող ամանորյա տոները, ընկերությունն աշխույժ առեւտուր է ակնկալում: «Ուզում եմ, որ զբոսաշրջիկները Հայաստանում լիքը փող ծախսեն ու տեսնեն, թե ինչ հիանալի ստեղծագործողներ ունենք»,- իր սրահի բացման օրն ասաց տիկին Հովնանյան-Ալեքսանյանը: Սրահում ներկայացված իրերը Նոր տարվա լավ նվերներ կլինեն: Սակայն, երեւի թե, դրանք հասու կլինեն միայն բավականին հարուստ մարդկանց, քանի որ իրերի գները բարձր են: «Գինը համապատասխանում է որակին: Ես ուզում եմ, որ մարդիկ ոչ թե էժան ու անորակ իրեր գնեն, այլ փող ծախսեն իսկապես արվեստի գործեր ձեռք բերելու համար»,- ասաց «Հայաստանի գանձերի» տնօրենը: Նա, լավ ծանոթ լինելով արվեստի ապրանքների շուկային, համոզված է, որ յուրաքանչյուր արտադրանք վաճառվում է իր դիզայնի շնորհիվ: «Ինչո՞ւ գնել արտասահմանյան արտադրանքը, եթե մենք կարող ենք մերը ստեղծել եւ ունենալ մեր շանելներն ու գուչչիները»,- ասաց նա: «Հայաստանի գանձերը» նախատեսում է մասնակցել աշխարհում կազմակերպվող նվերների շոուներին եւ հնարավորություն տալ հայ արվեստագետներին ու արհեստավորներին` համաշխարհային շուկա մտնել: Ամեն օր առավոտյան ժամը 10-ից ցուցասրահը բաց է` եւ հյուրերի, եւ իրենց ստեղծագործություններն առաջարկող մարդկանց համար: Ձեռքի բարձրորակ աշխատանքները կարող են լավ բիզնես լինել: Դրանում համոզված է Նինա Հովնանյան-Ալեքսանյանը: