«ԱԺ ընտրություններում ընդդիմության միասնական սիմվոլը պարտվեց»

19/07/2012 Արամ ՍԱՐԳՍՅԱՆ

– Քաղաքական դաշտում այժմ որեւէ հստակություն տեսնո՞ւմ եք: Ձեր կարծիքով` ո՞ր ուժերն են այսօր ՀՀ-ում իրական ընդդիմություն հանդիսանում, եթե հաշվի առնենք ԲՀԿ-ի անորոշ կեցվածքը` «այլընտրանքային ուժ», ՀԱԿ-ի սիրաշահումները վերջինիս հետ, եւ այլն:

– Ընդդիմադիր ուժեր են կոչվում այն քաղաքական ուժերը, որոնք չեն մասնակցում կառավարության ձեւավորման գործընթացին եւ չունեն իրենց ներկայացուցիչները կառավարությունում: Ըստ այս դասակարգման` ԱԺ-ում ներկայացված ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը ընդդիմադիր քաղաքական ուժեր են: Պարզապես, ԲՀԿ-ն ներկայումս գտնվում է որոշ տրանսֆորմացիոն փուլում:

– Իսկ արդյոք ճի՞շտ է, այս 4 ուժերին, որոնցից մեկն իրեն համարում է «այլընտրանքային ուժ», նույն հարթության վրա դիտարկելը:

– Դա ԲՀԿ-ի իրավունքն է, ինչպես ուզում է, այնպես էլ կարող է իրեն անվանել, բայց նրանց կարգավիճակն ընդդիմադիր քաղաքական ուժ է, եւ ինչքան ԲՀԿ-ն խուսափի կոնկրետացումից, իր հստակ կարգավիճակի մասին հայտարարելուց, այնքան դա կազդի նրա վարկանիշի վրա: Էական չէ, թե ԲՀԿ-ն իրեն կանվանի ընդդիմություն կամ այլընտրանք, ավելի կարեւոր է այն, թե նա կկարողանա՞ իրեն հավատացած ընտրազանգվածի շահերը ներկայացնել, թե՞ ոչ: Եթե կարողացավ պահպանել այդ ընտրազանգվածի հավատը, ապա ապագա կունենա: Ի դեպ, սա վերաբերում է ոչ միայն ԲՀԿ-ին, այլեւ մնացած երեք ուժերին:

– Այդ դեպքում ինչո՞ւ ԲՀԿ-ն չի միանում ընդդիմադիր մյուս ուժերի նախաձեռնություններին:

– Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում, թե տվյալ միացումն իրեն շահ բերո՞ւմ է, թե՞ ոչ: Եթե նա շահ ունի այդ դաշինքից, միանում է, եթե ոչ, բնականաբար, չի միանում: Եթե խոսքը վերաբերում է «Հարսնաքարի» դեպքին, ապա պետք է ասեմ, որ այդ իրադարձություններն ի սկզբանե սխալ ճանապարհով գնացին, եւ այդ ստորագրահավաքն, ի սկզբանե, ապագա չունեցող նախաձեռնություն էր, այդ իսկ պատճառով այն տապալվեց:

– Իսկ սա արդյո՞ք չի նշանակում, որ ԲՀԿ-ն առայժմ չի ուզում իրեն վերջնականապես հեռացնել իշխանություններից:

– ԲՀԿ-ն արդեն իշխանություններից հեռացած է, քանի որ այլեւս կոալիցիայի անդամ չէ:

– Ձեր կարծիքով` 2013թ. նախագահական ընտրություններին միասնական թեկնածու կլինի՞ ընդդիմության կողմից, եւ ո՞վ կարող է լինել այդ թեկնածուն:

– Բնավ կարեւոր չէ` այս ուժերը կմիավորվեն եւ միասնական թեկնածուո՞վ հանդես կգան, թե՞ սեփական թեկնածուներով: Իշխանափոխության համար միասնական թեկնածուն ընդհանրապես կարեւոր չէ: Եթե այս ուժերը, որոնք անընդհատ միասնական թեկնածուից են խոսում, լավ ուսումնասիրեին տեղի ունեցածը, մի բան կհասկանային` «միասնական թեկնածուն» մայիսի 6-ին պարտվեց: ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը ԱԺ ընտրություններին ստեղծել էին միասնական շտաբ եւ առաջադրել էին «միասնական թեկնածու», որը մարդ չէր, այլ հասկացություն, քաղաքական սիմվոլ, որի նպատակն էր` «զրկենք ՀՀԿ-ին քաղաքական մենաշնորհից»: Իսկ այդ քաղաքական սիմվոլը պարտվեց: Նորից գնալ ընտրություններին միասնական թեկնածուով, երբ մի անգամ նա արդեն պարտվել է, դառնում է անիմաստ:

– Իսկ դրա պատճառը չէ՞ր կարող լինել պարզապես այն, որ իշխանությունն` իր հզոր վարչական, ֆինանսական եւ այլ ռեսուրսներով, գերազանցեց մյուսներին:

– Պատճառը միայն դա չէր: Պարտության պատճառը պետք է բոլորովին այլ տեղ փնտրել: Այդ մասին ես հիմա չեմ ասի. ես ուզում եմ սպասել եւ տեսնել, թե այդ ուժերը կգտնե՞ն քաղաքական պարտության պատճառը: Եթե չգտնեն, ես սեպտեմբերի վերջին կբացահայտեմ: Պատճառն այնքան պարզ է եւ ակնառու: Իրոք, այս ուժերը մեծ քանակությամբ ձայներ ստացան, կարեւոր չէ, թե ինչպես. մեկը գումար բաժանեց, մեկն օգտագործեց իր հեղինակությունը, մյուսը` իր կազմակերպչական ուժը:

– Սակայն, մյուս կողմից, եթե ընդդիմադիր ուժերն առանձին հանդես գան սեփական թեկնածուներով, դա ավելի ձեռնտու կլինի իշխանությանը, եւ ընդդիմությունը կպառակտվի, այդպես չէ՞:

– Իշխանափոխության խնդիրը բոլորովին ուրիշ տեղում պետք է փնտրել, դա միասնական թեկնածուի հետ ընդհանրապես կապ չունի: Թող քաղաքական ուժերը փորձեն գտնել իշխանափոխության ճանապարհը, եթե չգտնեն, ես սեպտեմբերին կտամ հարցազրույց եւ կասեմ, թե որն է այդ ճանապարհը:

– Իսկ մեզ համար չե՞ք բացահայտի Ձեր գաղտնիքը:

– Ոչ, դա այնքան պարզ է եւ ակնառու, որ եթե նույնիսկ մեկ բառ էլ ասեմ, դուք էլ կհասկանաք, թե ինչի մասին է խոսքը: Կարող եմ միայն ասել, որ ընդդիմության հաղթանակի խնդիրը միասնական թեկնածուի մեջ չէ:

– Անդրադառնանք վերջին շրջանում ակտիվացած քաղաքացիական շարժումներին: Ի՞նչ եք կարծում` այդ շարժումները (Մաշտոցի պուրակում, «Հարսնաքարի» դեպքից հետո) ինքնաբո՞ւխ էին, թե՞ հրահրվում են որոշակի ուժերի կողմից կոնկրետ քաղաքական նպատակներով:

– Մաշտոցի պուրակը PR նախագիծ էր, որի նպատակն էր` ցույց տալ, թե օլիգարխիան շատ վատն է, նա Մաշտոցի պուրակում ուզում է կրպակներ դնել, եւ քաղաքացիական ակտիվիստները դուրս են եկել դրա դեմ պայքարելու, իսկ երկրի նախագահը` լսելով քաղաքացիների բողոքը, ԱԺ ընտրություններից ընդամենը 4 օր առաջ եկավ եւ հանել տվեց այդ «բուտիկները»: Սա ընդամենը ՀՀԿ-ի PR արշավն էր, եւ այն մի քանի խնդիր էր լուծում` այդ գործընթացի ընթացքում ձեւավորվեց, այսպես ասած, PR բրիգադ, որը հետագայում, ինչպես տեսանք, օգտագործվեց «Հարսնաքարի» դեպքերի ժամանակ: Հայաստանում քաղաքացիական հասարակություն չի կարող լինել բազմաթիվ պատճառներով. ի վերջո, քաղաքացիական է համարվում այն հասարակությունը, որը պայքարում է իր իրավունքների համար երկրի ողջ տարածքում եւ թույլ չի տալիս պետական չինովնիկներին ոտնահարել իր իրավունքները: Մի երկրում, որտեղ մեծ տոկոս է կազմում գործազրկությունը, առկա են սոցիալական լուրջ խնդիրներ, բազմաթիվ գյուղեր վերածվել են ծերանոցների, երբ հասարակության մեծ մասն իր խնդիրների մեծ մասի մասին տեղյակ չէ, ինտելեկտուալ մակարդակը բավական ցածր է, իսպառ բացակայում է միջին խավը, եւ այլն, այս պայմաններում քաղաքացիական հասարակություն չի կարող ձեւավորվել: Մինչեւ այս խնդիրները չլուծվեն, քաղաքացիական հասարակություն չի ձեւավորվի:

– Բնական է, որ միջին խավ չունեցող երկրում չի կարող ձեւավորվել քաղաքացիական հասարակություն, սակայն, այնուամենայնիվ, վերջին տարիներին որոշակի միտում զգացվում է հասարակության գոնե մի փոքր հատվածի ազատականացման առումով, այդպես չէ՞:

– Հարցն ազատության մեջ չէ: Երբ առկա է նման չափերի գործազրկություն, ժողովրդի 80-85 տոկոսն աղքատ է, շարքային քաղաքացին երբեք վեր չի կենա իր իրավունքները պաշտպանելու համար եւ լուռ կաշխատի 10-12 ժամ, քանի որ գիտի` եթե խոսի իր իրավունքների մասին եւ հրաժարվի աշխատել, նրան ուղղակի կհանեն եւ մեկ ուրիշին կբերեն իր տեղն աշխատելու: Այդ պատճառով նա չի խոսի իր աշխատանքային իրավունքների մասին: Բացի այդ, նա չի կարող ստեղծել արհմիություն, որպեսզի պաշտպանի իր իրավունքները:

– Իսկ իրավունքների պաշտպանությունը կապ չունի՞ ազատության կամ ազատականացման հետ:

– Հասարակության մեծ մասն աղքատ է, իսկ պայքարում է միայն նրա մի փոքր հատվածը: Ի դեպ, այդ հատվածը կազմում է ոչ թե բնակչության 10-15 տոկոսը, որը բարեկեցիկ է ապրում, այլ նրա մի փոքրիկ հատվածը: Դրա լավագույն օրինակը ցույց տվեց «Հարսնաքարի» մոմավառությունը, երբ այնտեղ գնացին Երեւանի 600-700.000 բնակչությունից ընդամենը 2-3000-ը: Իսկ սա նշանակում է, որ այս հասարակության մեջ քաղաքացիական շարժում չի կարող ձեւավորվել:

– Եթե Մաշտոցի պուրակում ՀՀԿ-ի PR-ն էր իրականացվում, այդ դեպքում «Հարսնաքարի» ողբերգական դեպքով ո՞վ էր PR անում:

– Ասեմ այսպես. քանի որ իշխանության մեջ բազմաթիվ բեւեռներ կան, պայմանականորեն ասենք, որ այդ բեւեռներից մեկի PR նախագիծն էր, որի նպատակը մեկն էր` ցույց տալ, որ այդ պատգամավոր օլիգարխը շատ վատն է, նրա թիկնազորը մարդ է սպանել, բայց ահա կուսակցության (ՀՀԿ) ղեկավարը դրա համար զայրացավ նրա վրա եւ նրան զրկեց պատգամավորական մանդատից: Այսինքն` ՀՀԿ ղեկավարի համար դրական իմիջի ստեղծման քարոզչություն էր կատարվում: Ի դեպ, «Հարսնաքարի» հետ կապված եւս մի բան նշեմ. երբ ասում են` քաղաքացիական հասարակության ակտիվիստները գնացին «Հարսնաքար» եւ հասան նրան, որ այդ պատգամավորը վայր դրեց իր մանդատը, հարց է առաջանում` ինչո՞ւ էին նրանք պահանջում պատգամավորից վայր դնել մանդատը: Հետեւաբար` դա ուղղակի կատարվեց ՀՀ նախագահի պարտադրանքով: Ամեն դեպքում «քաղաքացիական ակտիվիստը» իրավունքի պաշտպան է: Որեւիցե մի տեղ ապացուցվա՞ծ է, որ Ռ.Հայրապետյանն այդ դեպքի հետ կապ է ունեցել, ո՛չ: Այդ դեպքում ինչո՞ւ են մարդիկ ուրախանում նրա` մանդատից հրաժարվելու վրա:

– Ակտիվիստները պնդում են, որ մտադիր չեն բավարարվել միայն դրանով` ասելով, թե իրենց վերջնական նպատակը Ռ.Հայրապետյանին դատարանում տվյալ գործով որպես մեղադրյալ ներկայացնելն է:

– Մեղադրյալ կարող է ներկայացնել միայն դատաիրավական համակարգը, իսկ այսօր

ՀՀ-ում դատաիրավական համակարգ գոյություն չունի: Ինչպե՞ս են նրանք պահանջելու, որ Ռ.Հայրապետյանին մեղադրանք առաջադրեն, երբ իրենք շատ լավ գիտեն, որ Հայաստանում անկախ դատաիրավական համակարգ գոյություն չունի: Այսինքն` սա ընդամենը վրեժի խնդիր է, ոչ թե իրավունքի պաշտպանության: Քաղաքացիական ակտիվիստը պետք է մտածի իրավունքի մասին, ոչ թե PR-ի: Ո՞վ պետք է ապացուցի, թե Հայրապետյանը մեղավոր է:

– Ակտիվիստները հայտարարում են, թե իրենց պայքարը դրա համար է:

– Այդ դեպքում թող անկախ դատական համակարգի համար պայքարեն: Իսկ այսօր այդ դատական համակարգի կայացմանը խոչընդոտում է իշխող կուսակցության ղեկավարը: Ուրեմն թող նրա դեմ պայքարեն եւ ոչ թե` մի ինչ-որ պատգամավորի դեմ:

– Չե՞ք կարծում, որ պայքարելով նախագահի կուսակցի եւ ամենաազդեցիկ օլիգարխներից մեկի դեմ, դուրս գալով Ոստիկանության դեմ` քաղաքացին պայքարում է նրանց թիկունքում կանգնած նախագահի դեմ:

– Եթե նրանք պայքարում են Սերժ Սարգսյանի դեմ, ապա նրանք մոմավառություն պետք է անեին ոչ թե «Հարսնաքարում» կամ Ռ.Հայրապետյանի տան մոտ, այլ գնային Բաղրամյան 26:

– Բայց սա կարծես միայն իրավական հարց չէ:

– Քաղաքացիական հասարակության ակտիվիստն իրավունքի համար է պայքարում, քաղաքական հարցերի համար կարող են պայքարել քաղաքական կուսակցությունները` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, եւ այլն:

– Իսկ ի՞նչ անել, երբ այդ կուսակցությունները չեն կարողանում գոնե մեկ հարց լուծել: Քաղաքացին ցանկանում է պայքարել օլիգարխիայի դեմ, այստեղ ամեն դեպքում կա քաղաքական ենթատեքստ:

– Շատ լավ, քաղաքական իրավունքների համար պայքարում են ընտրությունների օրը: Պետք է ճիշտ ընտրել պայքարի թիրախը. եթե դու պայքարում ես քաղաքական իրավունքների համար, ապա դրա համար կա ընտրությունների օր, իսկ եթե դու պայքարում ես քաղաքացիական հասարակության կայացման համար, ուրեմն պետք է պայքարես իրավունքի համար: Դու պետք է կողմնորոշվես: Չի կարելի քաղաքական հարցերի եւ քաղաքացիական իրավունքների համար պայքարել եւ քաղաքացիական հարցերով քաղաքական դաշտ մտնել, չնայած այս երկու հասկացություններն էլ իրար հետ կապված են (շատ դեպքերում դրանք իրարից տարանջատում են, ինչը սխալ է): Յուրաքանչյուր քաղաքական ուժի ներկայացուցիչ քաղաքացի է, եւ նա կարող է պայքարել նաեւ իր քաղաքացիական իրավունքների համար, բայց եթե դու քաղաքացիական իրավունքի համար ես պայքարում, ապա պետք է բարձրացնես իրավական հարցեր: Պահանջել այդ պատգամավորից դնել մանդատը, քանի որ նրա թիկնապահները ծեծելով մարդ են սպանել, դա իրավունքի հարց չէ:

– Այսինքն` դա քաղաքական հարց է:

– Դու մարդուն զրկում ես իր, այսպես ասած, պատգամավորական պարտականություններն իրականացնելուց: Նա «ընտրվել» է (կարեւոր չէ` ինչպես), ամեն դեպքում դարձել է պատգամավոր եւ 20.000 քաղաքացիների իրավունքներն է պաշտպանելու ԱԺ-ում, իսկ դու ուզում ես քաղաքացիների իրավունքների պաշտպանման նրա իրավունքը չեղյալ հայտարարել:

– Հասկանալի է, որ այսօր մարդիկ` պայքարելով մեկ օլիգարխի դեմ, պայքարում են օլիգարխիա երեւույթի, այսինքն` անարդարության դեմ:

– Անարդարությունը զգացմունքային հասկացություն է:

– Արդարությունը ժողովրդավարության հիմնարար սկզբունքներից մեկն է, ինչպես, օրինակ, ազատությունը: Նշանակում է` ժողովրդավարությունը զգացմունքային երեւո՞ւյթ է:

– Արդարություն չկա, կա իրավունք, կա քաղաքական ընտրությունների օր:

– Իսկ եթե ընտրությունների օրը քաղաքացին չի կարողանում հասնել իր նպատակին, քանի որ ուրիշներն են նրա տեղը վճռում նրա ճակատագիրը:

– Այո, նա չի կարողանում, քանի որ այստեղ կա քաղաքական ուժերի խնդիրը: Քաղաքական ուժերն են պարտավոր քաղաքացու ձայնին տեր կանգնել:

– Իսկ ի՞նչ անել, երբ շատերը գտնում են, որ այդ կուսակցություններն իրենց հեղինակազրկել են, եւ ոչ մի խնդիր չեն կարողանում լուծել:

– Շատ լավ, այդ դեպքում նրանց ոչինչ չի խանգարում ստեղծել նոր կուսակցություն եւ պայքարել քաղաքական հարթության մեջ` մարդկանց քաղաքական իրավունքները պաշտպանելու համար: Քաղաքականության մեջ միայն քաղաքական ուժերն են պայքարի սուբյեկտ հանդիսանում:

– Իսկ այս շարժումներից կարո՞ղ է ապագայում ծնվել նոր քաղաքական ուժ, որը կհակադրվի գործող կուսակցությունների եւ քաղաքական դաշտի ավանդական տրամաբանությանը:

– Ոչ, չի կարող, քանի որ սա ոչ թե քաղաքացիական շարժում է, այլ` PR նախագիծ: