«Ես իմ թոշակն եմ ուզում»

19/07/2012

Երեկ խմբագրություն այցելած` Արարատի մարզի Վերին Դվին գյուղի բնակիչ Պյոտր Բադալովը դժգոհում էր, որ 2009թ. սեպտեմբերից պետությունից չի կարողանում ստանալ իր կենսաթոշակը: «Մինչ 2009թ. սեպտեմբերը ստացել եմ իմ թոշակը: Ես գնացել էի Ռուսաստան, որտեղ աղջիկս ա ապրում: Էնտեղ աղջիկս ինձ գրանցել ա, բայց էս գյուղի գրանցումից դուրս չեմ եկել: Ինձ ասել են, որ թոշակս պիտի ստանամ Հայաստանում»,- ասաց Պ. Բադալովը, ով Հայաստան է վերադարձել 2012թ. մայիսին: Նրա ասելով` իր 3 տարվա բացակայության ժամանակ կուտակված կենսաթոշակը ստանալու համար դիմել է ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, որտեղ նրան ասել են, թե նամակ են գրելու ՌԴ, որտեղ կպարզեն, թե իրականում այնտեղ բնակվելու տարիներին Պ. Բադալովը կենսաթոշակ ստացե՞լ է , թե՞ ոչ: «Բայց նախարարության հարցուփորձը պիտի լինի ընդամենը մի 10 րոպե: Նրանք պիտի ուղղակի պարզեն, թե ես թոշակ ստացե՞լ եմ էնտեղ, թե՞ չէ: Իմ հեռախոսի համարը վերցրել են, բայց տենց էլ չեն զանգել: Ես ուղղակի բնակության իրավունք եմ ստացել Ռուսաստան»,- նշեց Պ. Բադալովը: Վերջինիս փոխանցմամբ` երկու օր առաջ ինքը գնացել է նաեւ Արտաշատի սոցիալական աջակցության տարածքային գրասենյակ, որտեղ նրան ասել են, թե հարցին որեւէ պատասխան չունեն: «Սոցապնախարարությունն ուղղակի իմ գլխի տակ փափուկ բարձ է դնում, եւ երեւի էնքան են ազդում ինձ վրա, որ ուզում են թողնեմ-գնամ: Ես իմ թոշակն եմ ուզում: Ձեզնից ոչ մի օգնություն չեմ ուզում: Ինձ պատասխանող ոչ մի մարդ չկա, որ ասի, թե ինչի՞ չեն տալիս իմ թոշակը: Իսկ չեն պատասխանում, որովհետեւ ես ճիշտ եմ: Երեք ամիս ա` սպասում եմ Սոցապնախարարության պատասխանին, բայց` ի՞նչ…»,- ասաց Վերին Դվինի բնակիչը, ում խոսքով` խնդրի մասին պատրաստվում է բաց նամակ գրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: