Սեյսմիկ ռիսկը ամենավտանգավոր աստիճանի է հասել

19/07/2012

Հաշվի առնելով վերջին շրջանում Հայաստանում հաճախակի տեղի ունեցող երկրաշարժերը, շենքերի սեյսմակայունության մասին հասարակության անհանգստությունը եւ հանրապետությունում քաղաքաշինական տարրական կանոնների խախտումները, որոշ հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմեցինք «Սեյսմիկ ռիսկի նվազեցման ծրագրերի աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Ալվարո Անտոնյանին:

– Ինչո՞վ է այսօր պայմանավորված սեյսմիկ ռիսկը Հայաստանում:

– Հայաստանում եւ մասնավորապես Երեւան քաղաքում օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոններով պայմանավորված սեյսմիկ ռիսկն ամբողջ պատմության ընթացքում այսօր հասել է իր առավելագույն աստիճանին: Օբյեկտիվ գործոններից հիմնականն այն է, որ Երեւանը գտնվում է 9 բալանոց սեյսմավտանգ տարածքում:

Սուբյեկտիվ գործոններից են քաղաքում բնակչության բարձր խտությունը, շենքերի եւ շինությունների սեյսմակայունության զգալիորեն ցածր մակարդակը սեյսմիկ վտանգի աստիճանից, վթարավտանգ օբյեկտներով տարածքների բարձր հագեցվածությունը, անբարենպաստ գրունտային պայմանները, նյութատեխնիկական ռեսուրսների ոչ բավարար լինելը եւ այլն:

– Կա՞ն պետական ծրագրեր սեյսմիկ ռիսկի նվազեցման վերաբերյալ:

– Չնայած 1999թ. ՀՀ կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության եւ Երեւան քաղաքի տարածքներում սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական համալիր ծրագրի ընդունմանը, որում նշված են իրականացվելիք գործողությունները եւ կատարման ժամկետները, ծրագրում նշված աշխատանքների մեծ մասը չի կատարվում տարբեր պատճառներով:

– Սպիտակի երկրաշարժից հետո որոշակի դասեր քաղվե՞լ են:

– 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո Գյումրի քաղաքի համայնքային ծառայությունների աշխատանքների վերլուծությունը ցույց տվեց, որ նրանց գործողությունների ցածր արդյունավետությունը պայմանավորված էր վաղօրոք մշակված գործողությունների հստակ պլանների բացակայությամբ, ծառայությունների աշխատակազմի եւ օբյեկտների որոշ մասի` երկրաշարժի հետեւանքով դուրս գալու, շենքերի փլուզման պատճառով փողոցների փակվելու եւ տրանսպորտի խցանումների, կենսաապահովման համակարգերի ուշ գործարկման, տարբեր ծառայությունների հետ համագործակցության ու համակարգման, ինչպես նաեւ` բավարար տեղեկատվության բացակայության, սեյսմապաշտպանության վարքականոններին բնակչության անիրազեկ լինելու հանգամանքներով:

– Ի՞նչ խնդիրներ են լուծվում տեղական ինքնակառավարման մարմիններում, եւ արդյոք ուսումնասիրվա՞ծ է միջազգային փորձը:

– Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ սեյսմավտանգ երկրների տեղական ինքնակառավարման մարմիններում համապատասխան ծառայությունների շարքում անպայման պետք է լինի համայնքի սեյսմիկ ռիսկի նվազեցման ծրագրերը համակարգող ծառայություն, որն, ի թիվս վերոնշվածի, պետք է զբաղվի պետական ծրագրերից բխող գործողությունների պլանների մշակմամբ, համապատասխան ծառայությունների կողմից այդ պլանների իրականացման եւ համակարգման աշխատանքներով, իսկ Երեւան, Էջմիածին, Արմավիր, Աբովյան եւ Աշտարակ քաղաքների դեպքում նաեւ շատ կարեւոր է համայնքային ծառայությունների գործողությունների պլանների կազմումը` հայկական ատոմակայանում հնարավոր վթարի դեպքում: Բոլորս գիտենք, որ Հայաստանին սպառնացող երկրաշարժեր պատմության ընթացքում միշտ եղել են եւ հետագայում էլ կլինեն: Ըստ ուժեղ երկրաշարժերի կրկնելիության օրենքի, Հայաստանի տարածքում ուժեղ երկրաշարժերը տեղի են ունենում 30-60 տարի պարբերականությամբ:

Չնայած ՀՀ տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման գծով պետական լիազոր մարմինը Արտակարգ իրավիճակների նախարարությունն է` ի դեմս սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության, սեյսմիկ ռիսկի նվազեցման իրականացմամբ ավելի շատ շահագրգռված են տեղական ինքնակառավարման մարմինները: Հանկարծակի վրա հասնող աղետի դեպքում հենց համայնքային ծառայություններն են, որ կարող են իրենց հստակ գործողություններով նվազեցնել կորուստները, վերականգնել կենսապահովման համակարգը, հաստատել անհրաժեշտ կարգ ու կանոն, կանխել երկրորդային վտանգները, իրականացնել բնակչության հատուկ սպասարկում (տարհանում, անօթեւանների տեղավորում, հուղարկավորում եւ այլն):

Բացի այդ, համայնքային ծառայությունները, որպես սեյսմիկ ռիսկի նվազեցման ծրագրերի շահառուներ, պետք է իրականացնեն համագործակցություն եւ վերահսկողություն համապատասխան լիազոր մարմինների աշխատանքների նկատմամբ` պետական ծրագրերով նախատեսված միջոցառումներն անհրաժեշտ ծավալով եւ որակով իրականացնելու համար:

– Հաշվի առնելով Ձեր փորձն այս ոլորտում, ի՞նչ կառաջարկեք:

– Հատկապես մեծ քաղաքների ինքնակառավարման մարմինները պետք է իրենց կառուցվածքներում ստեղծեն սեյսմիկ ռիսկի նվազեցման աշխատանքների իրականացման եւ վերահսկման համապատասխան ստորաբաժանումներ: Սա բխում է մեր պետության կայուն զարգացման եւ բնակչության անվտանգության հրամայականից: Այդ ստորաբաժանումների ամենակարեւոր գործառույթներից մեկը նաեւ բնակչության սեյսմապաշտպանության վարքականոններին իրազեկման եւ ուսուցման կազմակերպումն է:

Ա. ԱՄԻՐՅԱՆ