Ժան Պոլ Գետտի II (1892-1976)

10/12/2005

Նավթային մագնատ Ժան Պոլ Գետտին խնայում էր փողը նույնիսկ ուտելիքի վրա, տանը հյուրերի համար տեղադրել էր վճարովի հեռախոս ու մինչեւ կյանքի վերջն ինքն էր լվանում իր գուլպաները: Ամերիկացի նավթային մագնատն աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն էր: Նրա կայսրությունը բաղկացած էր Getti Oil Company-ից ու ավելի քան 200 կոնցեռններից:

Ժան Պոլ Գետտին ծնվել է 1892 թ., ԱՄՆ-ի Միննեսոպոլիս քաղաքում, նավթային մագնատ Ջորջ Գետտիի ընտանիքում: 1913-ին ավարտելով Օքսֆորդի համալսարանը՝ Պոլը սկսում է Օկլահոմայում զբաղվել նավթի վաճառքով եւ մինչեւ 1916-ը վաստակում է առաջին միլիոնը: Նույն թվականին նրա ընկերությունը տեղափոխվում է Կալիֆոռնիա: 1920-ականներին Պոլ Գետտին, բավականին կապիտալ կուտակելով, գնում է մի քանի նավթային ընկերություններ: Ամենաեկամտաբերներից մեկը 1949-ին Սաուդյան Արաբիայում գնված նավթային ընկերությունն էր, որը 1950-ականներին սկսեց նրան բերել միլիարդավոր դոլարների եկամուտ: 1957-ին Պոլ Գետտին հայտարարվեց աշխարհի ամենահարուստ մարդը: Այդ տիտղոսը նա պահպանեց մինչեւ իր մահը: 1968-ին Պոլ Գետտին դարձավ միլիարդատեր:

Պոլ Գետտին բնավորությամբ բավականին էքսցենտրիկ մարդ էր: Նա ամուսնացել է 5 անգամ, եւ այդ ամուսնություններից ծնված բոլոր որդիների հետ նրա հարաբերությունները բավականին բարդ էին:

II աշխարհամարտից հետո Գետտին տեղափոխվում է Անգլիա՝ Սաթթոն Փլեյս: Նրա տունը շրջապատված էր պարիսպներով, այն պահպանում էին Անվտանգության ծառայության մի ամբողջ բանակ ու հատուկ վարժեցրած 20 շուն:

Շատ միլիոնատերերի նման Պոլ Գետտին սկսում է զբաղվել բարեգործությամբ: 1953-ին նա Մալիբուում հիմնադրում է J.Paul Getty Museum-ը, որտեղ ցուցադրվում է նրա սեփական հավաքածուի մեծ մասը: 1974-ին թանգարանը տեղափոխվում է ավելի մեծ տարածք: Իր հարստության մեծ մասը Պոլ Գետտին կտակել է Getty Trust բարեգործական կազմակերպությանը, որն այդ թանգարանի, ինչպես նաեւ` Լոս Անջելեսում 1997-ին կառուցված Getty Center-ի տերն է:

1973-ին, Պոլ Գետտիի ծննդյան օրը, գտնվում է նրա թոռը՝ Ժան Պոլ Գետտի III-ը, որին դրանից 5 ամիս առաջ Իտալիայում առեւանգել էին: Առեւանգողները պահանջում էին 3,2 մլն դոլար: Միլիոնատերը միտք չուներ վճարելու այդ գումարը եւ բանակցությունների մեջ մտնել նրանց հետ: Դա բացատրվում է ազգականների հետ վատ հարաբերություններով ու Գետտիի հայտնի ժլատությամբ: Այդուհանդերձ, երբ թերթերից մեկի խմբագրություն ուղարկեցին թոռնիկի կտրված ականջը, Գետտին սկսեց մտածել փրկագին վճարելու մասին: Սակայն Ոստիկանությունը երեխային հայտնաբերեց ավելի վաղ:

1976-ի հունիսի 6-ին 83 տարեկանում Ժան Պոլ Գետտին վախճանվեց:

Ժան Պոլ Գետտի. ընտանեկան ողբերգություններ

Սըր Ջոնի կյանքը դարձավ հաստատումն այն բանի, որ նույնիսկ շատ փողը չի կարող հանգիստ կյանք ապահովել:

70 տարեկանում Լոնդոնում վախճանվում է ամերիկացի միլիարդատեր սըր Ջոն Պոլ Գետտի II-ը: Երկուշաբթի նրան տեղափոխում են լոնդոնյան հիվանդանոցներից մեկը, իսկ հինգշաբթի առավոտյան նա մահանում է: Հանգուցյալը նավթային մագնատ Ջոն Պոլ Գետտիի 5 որդիներից մեկն էր եւ նրա ժառանգորդը:

Նրա երկրորդ կինը մահացավ թմրադեղի մեծ չափաբաժնից: Երբ նրա որդի Պոլին առեւանգեցին, հայրը՝ Ջոն Պոլ Գետտի ավագը, հրաժարվում էր փրկագին վճարելուց:

Սըր Պոլը, որ 60-ականներին հիպիական շարժման մեջ էր մտել, տեղափոխվում է Մեծ Բրիտանիա, որտեղ թմրադեղերի ազդեցությունից ազատվելու բուժման կուրս է անցնում:

Նա վարում է ճգնակյացի կյանք՝ շարունակելով հսկայական հարստությունը ծախսել ի նպաստ նոր հայրենիքի, ինչի համար էլ 1986-ին թագուհին նրան ասպետի կոչում է շնորհում:

Լինելով ԱՄՆ-ի քաղաքացի՝ նա իրավունք չուներ իր անվանն ավելացնելու «սըր» մասնիկը, բայց 1997-ին նա պաշտոնապես դարձավ Մեծ Բրիտանիայի քաղաքացի:

1970-ականների սկզբին նա բնակվում էր Մեծ Բրիտանիայում: Նրան ասպետի կոչում շնորհվեց արվեստին նվիրաբերված միլիոնավոր ֆունտ ստեռլինգների համար (ամենաքիչը 120մլն):