Թմրամոլները` դպրոցի բակո՞ւմ

19/07/2012

Սյունիքի մարզի Կապան քաղաքի մի խումբ բնակիչներ ահազանգում են, որ վերջին տարիներին թմրամոլությունը մեծ տարածում է գտել քաղաքում, ինչին նպաստել են նաեւ Կապանով անցնող Իրան մեկնող բեռնատար ավտոմեքենաները: Ըստ խմբագրություն զանգահարած կապանցիների, Կապանում շատացել են նաեւ թմրամոլների հավաքատեղիները, որոնցից ամենանկատելին գտնվում է քաղաքի թիվ 13 դպրոցի հարեւանությամբ: Ըստ բնակիչների` այդտեղ կարելի է տեսնել ներարկիչների աննախադեպ խմբաքանակ: Փորձեցինք խնդրի առնչությամբ տեղեկատվություն ստանալ ՀՀ ոստիկանությունից` արդյո՞ք իրենք նման ահազանգ ստացել են, եւ ընդհանրապես, թվային տվյալներ ունե՞ն քաղաքի թմրամիջոց օգտագործողների մասին: ՀՀ ոստիկանությունից մեզ ասացին, որ իրենք հետամուտ կլինեն հիշյալ ահազանգին, ինչ վերաբերում է թմրամոլների թվին, ապա նշեցին, որ այդ տվյալները կարող է տրամադրել միայն Նարկոլոգիական կլինիկան: Փորձեցինք տեղեկատվություն ստանալ նաեւ Կապանի ոստիկանությունից, որտեղ եւս տեղյակ էին նշված խնդրի մասին: