Երիտասարդ մնալ ու հաճելի արտաքին ունենալ ուզում են բոլորը, առավել եւս` կանայք: Այն իրականություն դարձնելու համար` ժամանակակից բժշկությունը բազմաթիվ միջոցներ է առաջարկում:
Կնճիռների հարթեցման համար օգտագործվում է բոտուլինյան տոքսինը: Հաճախ կնճիռների հարթեցման ընդհանուր գործընթացն անվանում են «բոտեքս»: Սակայն այն ընդամենն ամերիկյան արտադրության բոտուլինյան տոքսինի անունն է: Կան նաեւ նույն տոքսինի ֆրանսիական արտադրության «Դիսպորտը», գերմանական «Քսիամինը» կամ` չինական «Լանտոքսը»: Հայաստանում պաշտոնապես գրանցված է միայն «Դիսպորտը»: Մասնագետների հավաստմամբ, բոտուլինյան տոքսինը շատ արդյունավետ միջոց է, եւ ճիշտ կիրառելու դեպքում այն կարող է հեքիաթային ազդեցություն ունենալ: «Մեդէսթ» էսթետիկ բժշկության եւ ժամանակակից կոսմետոլոգիայի կենտրոնի գլխավոր բժիշկ Մարինա Շիշմանյանի խոսքով` նման ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել մասնագիտական վերապատրաստում անցած բժշկին, ով աշխատում է ճիշտ բուժամիջոցներով: «Ցավոք, հիմա Հայաստանում շատերը կարող են համարձակվել անել դա: Շատ կան կեղծ մասնագետներ. կոսմետոլոգներն են անում, թվում է, թե շատ հեշտ է: Եթե մասնագետն անցել է համապատասխան վերապատրաստում, պետք է ունենա սերտիֆիկատ: Բացի դրանից, շատ կեղծ միջոցներ կան: Խնդիրներ առաջանում են` պայմանավորված երեք հանգամանքով. առաջինը` մասնագետի սխալն է, երկրորդը` ոչ ճիշտ պրեպարատի օգտագործումը, եւ երրորդը` ոչ մասնագետի միջամտությունը, որը հաշվի չի առնի հաճախորդի բոլոր առանձնահատկությունները»,- նշում է բժիշկը` ավելացնելով, որ անհրաժեշտ է աշխատել բժշկական քարտով եւ ճշտել, թե ինչպիսի՞ առողջական վիճակում է գտնվում հաճախորդը, ի՞նչ հիվանդություններ է ունեցել նախկինում եւ օգտագործո՞ւմ է արդյոք որեւէ դեղամիջոց, որը կարող է հակացուցում լինել գեղագիտական միջամտության համար։ «Բոլոր հանգամանքները պետք է հաշվի առնել, անգամ` զուտ կոսմետիկ-էսթետիկ, օրինակ` ունքերի ձեւը: Շատ անգամ պետք է ավելի քիչ էֆեկտ ստանալ, բայց պահպանել դեմքի բնական արտահայտությունը: Դա չի նշանակում, որ եթե բոլոր կնճիռներն անցնեն, կլինեն գեղեցիկ ու հմայիչ: Ինչ-որ բան պետք է թողնել, որ բնական անհատականությունը չկորչի, եւ չստանալ այն, ինչից վախենում են բոլորը: Պետք է հաճախորդի սպասումները համընկնեն բժշկի պատկերացումների հետ: Իմանալով, թե ինչպիսի ազդեցություն կունենա միջոցը` պետք է զգուշացնենք հաճախորդին, որպեսզի իր երեւակայությունը դուրս չգա հնարավորի սահմաններից: Դա բնական է, եւ պետք է կոնկրետ ասել` սա կանցնի, սա չի անցնի, այսպես կլինի: Եվ եթե ընդհանուր կարծիքի եկանք հաճախորդի հետ, այդ ժամանակ միայն կարելի է սկսել գործընթացը»: Բոտուլինյան տոքսինն արգելափակում է նյարդի եւ մկանի միջեւ եղած հաղորդիչները` սինոփսները, ինչի արդյունքում ազդակները նյարդից մկանին չեն հասնում: «Շատ սխալ հասկացողություն կա, թե իբր մկանը կամ նյարդը կաթվածահար է լինում: Երկուսն էլ նորմալ վիճակում են մնում: Պարզապես ճիշտ կետերում եւ ճիշտ չափաքանակով է պետք կիրառել: Չափաքանակը խախտելու դեպքում կարելի է ստանալ բավականին տհաճ երեւույթ, օրինակ, պտոզ` վերեւի կոպի իջեցում: Եթե դեմքի ներքեւի հատվածում են անում, կարող է անգամ դեմքը ծռվել: Սակայն, եթե ամեն ինչ ճիշտ է արվում, իդեալական գործընթաց է»,- ասում է «Լիտտե» նորարարական բժշկության կենտրոնի առաջատար մասնագետ Հասմիկ Մանգասարյանը: Նրա խոսքով, գանգուղեղային վնասվածքների, ուղեղի ցնցման, դեմքի նյարդի նեւրիտի եւ սնկից թունավորման դեպքում բոտուլինյան տոքսինի կիրառումը հակացուցված է: «Այդ դեպքում օրգանիզմում հակամարմիններ են առաջանում, եւ բուժամիջոցն ազդեցություն չի ունենում: Բացի այդ, կան շատ քիչ թվով մարդիկ, որոնց վրա այն ընդհանրապես չի ազդում: Իմունային համակարգն էլ դեր ունի դրանում»,- ասում է Հ.Մանգասարյանը:
Բոտուլինյան տոքսինը տարիքային խնդիրների լուծման միջոցներից միայն մեկն է, որը կիրառվում է գեղագիտական բժշկության մեջ: Երբեմն համակցվում են նաեւ այլ մեթոդներ, հատկապես` երբ այն մեծ տարիքում է արվում: «Եթե կնճիռը դինամիկից դառնում է ստատիկ, արդեն մաշկի վրա կտրվածքներ են լինում, այդ դեպքում օգտագործվում է որոշ գելերի հետ միասին: Գեղագիտական միջամտությունները մեկ կանոն ունեն. եթե խնդիր կա, լուծվում է: Այնպես չէ, որ արդեն կա խորը կնճիռ, բայց դեռ շուտ է միջամտելը: Եթե մտածում եք դրա մասին, ուզում եք հետագայում ուղղել, պետք է անել այն ժամանակ, երբ նոր է ստեղծվում: Եթե անձն ակտիվ դիմաշարժ ունի, ունքերն անընդհատ կիտած են, որոշ ջղայնություն են հաղորդում եւ կնճիռ առաջացնում, կամ, եթե զբաղվում է այնպիսի գործով, որը լարվածություն է պահանջում, կարելի է մեկ անգամ անել, որպեսզի սովորեցնել հետ մնալ այդ սովորույթից եւ կառավարել միմիկան»,- նշում է «Մեդէսթի» գլխավոր բժիշկ Մ.Շիշմանյանը: Նա ուրախալի է համարում այն փաստը, որ վերջին տարիներին հայուհիները սկսել են ավելի շատ հետեւել իրենց արտաքինին եւ ավելի վաղ տարիքում են դիմում գեղագիտական միջամտության. «Մեզ մոտ էլ կամաց-կամաց ձեւավորվում է այդ մշակույթը, որ ամեն ինչ պետք է ժամանակին անել: Առաջ, երբ նոր էինք սկսել, ավելի տարիքով կանայք էին հետաքրքրվում, եւ, ցավոք սրտի` արդեն որոշ դեֆորմացիոն փոփոխություններով, եւ բավականին դժվար էր: Մյուս կողմից` մարդու տարիքն ունի իր սահմանափակումները, հակացուցումները, եւ շատ քիչ են արվում միջամտություններ: Մեծ տարիքում արդեն կորչում է մաշկի ճկունությունը, նաեւ` փոխվում է մկանների լարվածությունը, եւ շատ զգույշ պետք է լինել: Իհարկե, շատ անհատական խնդիր է, քանի որ կան մաշկի, մկանների տարբեր տեսակներ, բայց, համենայնդեպս, որոշ խնդիրներ կարող են առաջանալ, եւ շատ նվազագույն չափաբաժնով է պետք անել, միեւնույն է, ամեն ինչ չի շտկվի, եւ որոշ վտանգներ կան: Դրանք մահացու չեն, բայց էֆեկտը լավը չի լինի: Եթե ժամանակին արվի, կլինի ավելի բնական: Լավագույն միջամտությունն այն է, որը չի երեւում: Շատ ավելի լավ է, եթե տարիների ընթացքում ձեր դեմքի վրա ոչինչ չի փոխվում, նախկինի պես երիտասարդ ու գեղեցիկ եք, քան խորացնել եւ միանգամից որոշել լուծել խնդիրները»: Մ.Շիշմանյանի խոսքով` այժմ արդեն շատերն են դիմում իրենց 30-35 տարեկանում, երբեմն` ավելի վաղ տարիքում, իսկ Հ.Մանգասարյանի փոխանցմամբ` ընդամենը երկու դեպք է գրանցվել, երբ իրենց դիմել են 23 տարեկան աղջիկներ: Մասնագետներն ասում են, որ բուժամիջոցի ազդեցությունը պահպանվում է վեց ամիս, որից հետո անհրաժեշտ է կրկնել գործընթացը, սակայն, եթե ավելի վաղ են դիմում, նյութի ազդեցությունը կարող է պահպանվել 2-3 տարի: Տարբեր տեսակի բոտուլինյան տոքսինները ներկրվում են արտերկրից` հատուկ պայմաններում: Պահում են սառը տեղում` մոտավորապես +8 աստիճանում, եւ 1 սրվակը սրսկվում է միանգամից` մեկ օրվա ընթացքում: Բացած վիճակում այն չեն պահում: Մեկ ներարկման արժեքը մոտավորապես նվազագույն աշխատավարձի չափ է: «Աչքերի շուրջը կամ միջնամասում առաջացած կնճիռները հարթեցնելու համար կարող է պահանջվել 40.000 դրամ: Կախված քանակից եւ «գոտիներից»` գինը կարող է տատանվել 30.000-150.000 դրամի սահմանում: Ժամանակին դիմելու դեպքում ավելի քիչ ծախսով կարելի է առավելագույն արդյունք ստանալ: Այսօր արդեն ոչ միայն ապահովված, այլեւ աշխատող, պրոգրեսիվ կանայք են դիմում նման միջամտությունների, ովքեր ձգտում են լավ տեսք ունենալ, էմանսիպացված հայուհիներ: Նրանք գիտեն` ինչ են ուզում, եւ բարդույթներ չունեն եւ տանը նստած ինչ-որ խնդիրներ չեն հորինում: Շատ տարբեր մարդիկ, ում մասին չէինք կարող մտածել 6-7 տարի առաջ, հիմա դիմում են մեզ»,- ասում է Մ.Շիշմանյանը: Իսկ Հ.Մանգասարյանն էլ հավելում է. «Եթե կինն ինչ-որ բանից դժգոհ է, ապա պատրաստ է հայթայթել ցանկացած միջոց, որպեսզի իր այդ քրոնիկ սթրեսային վիճակը վերացնի»: