Դեկտեմբերի 3-ին BBC ռադիոալիքն առաջին անգամ եթեր կհեռարձակի Ջոն Լենոնի հետ հարցազրույցը, որ ձայնագրվել է 1970թ. դեկտեմբերին՝ խմբի բաժանումից 8 ամիս անց՝ «Ռոլլինգ Սթոունզ» ամսագրի համար:
Լենոնը հարցազրույցի ժամանակ «Բիթլզի» կյանքը համեմատում է Հին Հռոմի դեկադենտության հետ: Նա ասում է, որ «բիթլերի» շուրջ տիրող միջավայրը՝ փողերով, սեքսով ու թմրանյութերով, իրեն «մինի-Հռոմ» էր հիշեցնում:
Հարցազրույցը վարող Յան Վենները համարում է, որ Լենոնն այս զրույցի ժամանակ առավել քան երբեք անկեղծ էր. «Նա քարը քարին չի թողնում «հրաշալի քառյակի» իմիջից»: Լենոնը պատմում է նաեւ իրենց համերգային շրջագայությունների «մութ» կողմերի մասին. «Եթե մեր երկրպագուհիները կողքներիս չէին լինում, մենք մարմնավաճառուհիներ էինք գտնում»: Լենոնը նաեւ քննադատում է Փոլ Մաքքարթնիին. «Մենք արդեն զզվել էինք Փոլի օգնականը լինելուց Բրայան Էփսթայնի մահվանից հետո»: Նա ասում է նաեւ, որ Մաքքարթնիի հետ իր համագործակցությունը երգեր գրելիս ավարտվել էր դեռ 1962-ին. «Մեր լավագույն երգերը, բացառությամբ ամենաառաջինների, օրինակ՝ «I Want to Hold Your Hand»-ի, գրվել են առանձին»: Ճիշտ է, Լենոնը նաեւ իր հարգանքն է արտահայտել Փոլի նկատմամբ. «Նա ընդունակ է մեծ գործեր ստեղծելու եւ դեռ կստեղծի»:
Լենոնը պնդում է, որ հերոին սկսել է օգտագործել այն պատճառով, որ «բիթլերն» իրեն ու Յոկո Օնոյին վատ էին վերաբերվում: «Դա մեզ մեծ ցավ էր պատճառում»,- ասում է նա հարցազրույցի ժամանակ: Նախկին «բիթլը» խոսում է անձնական կյանքի դժվարություններից. «Հանճար լինելը բոլորովին էլ ուրախ բան չի: Դա ուղղակի տանջանք է»: