Ծավալներն ընդլայնվում են

19/07/2012

«Հայկական բերքի առաջմղման կենտրոն» (ՀԲԱԿ) ՓԲԸ-ն Երեւանի կոնյակի գործարանի աջակցությամբ իրականացնում է իր կողմից մշակված` Հայաստանում խաղողի քիշմիշային տեսակների այգիների ստեղծման պիլոտային ծրագիրը: Ծրագրի նպատակն է` 5-7 տարիների ընթացքում մինչեւ 5000 հա քիշմիշային խաղողի այգիների հիմնումը եւ արտերկրի շուկաներում մեծ պահանջարկ ունեցող բարձրարժեք հայկական քիշմիշ խաղողի արտահանման ծավալների ընդլայնումը: Հողային եւ հիդրոպոնիկ եղանակներով արմատակալների ստացման համար մաքրասորտ այգիներից գարնանը մթերվել են 400.000-ից ավելի խաղողի մաքրասորտ քիշմիշային տեսակների կտրոններ: Ծրագրի շրջանակներում կատարվում են նաեւ խաղողի քիշմիշային տեսակների ապրոբացիոն, սելեկցիոն եւ գենետիկական նույնականացման ու անձնագրավորման աշխատանքներ: Ծրագրի իրականացման աշխատանքներին մասնակցում են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, Պետական ագրարային համալսարանը, Երեւանի պետական համալսարանը եւ «Տեռաս դե Արմենիա» ընկերությունը: Այս տարվա աշնանը տնկարաններից կստացվեն 200-250.000 բարձր որակի մաքրասորտ արմատակալներ: «ՀԲԱԿ-ը բանակցություններ է վարում հողատերերի եւ այգեգործների հետ` մաքրասորտ արմատակալներով ժամանակակից ագրոտեխնոլոգիաների կիրառմամբ խաղողի այգիների ստեղծման համար: Մենք կսատարենք ներդրողներին ծրագրի շրջանակներում այգիների հիմնման, պատրաստի արտադրանքի շուկայահանման եւ այլ աջակցություն ստանալու գործում: Խաղողի քիշմիշային տեսակների արտադրական ծավալների ավելացմանը զուգընթաց` կներդրվեն իրացման եւ արտահանման երաշխավորված մեխանիզմներ»,- ասել է ընկերության ներդրումների տնօրեն Ալեքսան Առաքելյանը: