Տավուշի մարզի Դովեղ սահմանամերձ գյուղում հայտնվեցի լրիվ պատահաբար: Նույն մեքենայում, որով Նոյեմբերյանի Կողբ գյուղ էի մեկնում, երիտասարդ մի աղջիկ կար` Դովեղից: Վարորդը նախ պետք է նրան տեղ հասցներ: Մինչ այդ` աղջիկը պատմում էր, որ գյուղն այժմ ունի մոտ 450 բնակիչ (թեեւ պաշտոնական տվյալներով` բնակիչների թիվը 670 է): «Գյուղից հեռանում են` ով կարող է: Մնացել են հիմնականում տարեցները եւ ինձ նման մի քանիսը»:
Խմելու եւ ոռոգման ջրի խնդիրը մասամբ է լուծված, թեեւ վարձը գանձում են պարտաճանաչորեն: Ի դեպ, ջրագծի անցկացման համար անհրաժեշտ 700 դոլարը հանգանակել են Ռուսաստանում բնակվող մեծահարուստ դովեղցիները: Աշխատատեղ չկա: Հողի մոտ 70 տոկոսն անմշակ է, քանի որ հակառակորդի դիպուկահարները ցանկացած պահի կարող են կրակել:
Հասանք Դովեղ: Թեթեւ անձրեւ էր մաղում: Գյուղերում թեթեւ անձրեւը «Շերբուրգյան անձրեւանոցներ» ֆիլմի ռոմանտիկայի հետ որեւէ կապ չունի: Անձրեւից գյուղում ճանապարհը միանգամից դառնում է անանցանելի, եւ միայն երկարաճիտք ռետինե կոշիկներով է հնարավոր հաղթահարել ցեխոտ ճանապարհը: Գյուղում գտնվելուս ընթացքում որեւէ կենդանի շունչ չհանդիպեց` մեկ-երկու թրջված հավից բացի:
Այս տարվա ապրիլի 25-ին հակառակորդի դիրքերից 40 րոպե անընդմեջ գյուղը գնդակոծվել էր: Կրակահերթն ուղղվել էր հատկապես մանկապարտեզի եւ դպրոցի շենքի ուղղությամբ: Վարորդին խնդրեցի ցույց տալ դպրոցի շենքը: Դասասենյակներից պարզ երեւում էին հակառակորդի դիրքերը: Դովեղի դպրոցում սովորում է 90 աշակերտ: Առաջին հայացքից 90-ը հնչեղ է թվում: Բավական է այդ 90-ը բաժանել 12-ի (դպրոցներում ուսումնառությունը 12 տարի է), յուրաքանչյուր դասարանում ստացվում է 7-8 երեխա: Դպրոցը, ինչպես բոլոր դպրոցները, ֆինանսավորվում է` ըստ երեխաների թվի:
Դովեղն Ադրբեջանին սահմանակից է 19 կմ երկարությամբ: Ադրբեջանական դիրքերի եւ Դովեղի միջեւ հեռավորությունը 2 կմ է: Եվ մինչ Երեւանի կենտրոնում մեր պաշտոնյաները եւ օլիգարխները շրջում են թիկնապահներով, այս 90 երեխան ողջ տարին գնում են դպրոց` ուղիղ ադրբեջանցիների նշանառության տակ: Միայն չարակամները կարող են ասել, որ երկրի իշխանությունները Հայաստանը` առհասարակ, սահմանամերձ գյուղերը` հատկապես, անտերության են մատնել: Բազմաթիվ որոշումներ, օրենսդրական նախաձեռնություններ ու փաթեթներ կան: Գյուղացիներն անգամ գլխի չեն ընկնում` իրենցով զբաղվող քանի հիմնադրամ ու միջազգային ֆինանսական կազմակերպություն կա` «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ, Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ, Համաշխարհային բանկ, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ (ԻՖԱԴ):
Գյուղացին եւ նրա հոգսերը իշխանությունների ամենօրյա ուշադրության կենտրոնում են: Հենց երեկ հաղորդագրություն տարածվեց, որ ՀՀ փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարարն աշխատանքային այցով եղել է Տավուշում: Նախարարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից պարզ դարձավ, որ Իջեւանի գրադարանի վերանորոգման համար պետբյուջեից հատկացվել էր 53 միլիոն դրամ, «աշխատանքներն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է եւս 30 միլիոնը»: Ինչ խոսք, հնարավոր չէ բացառել, որ Իջեւան քաղաքից արտագաղթողների մի մասը հեռացել է հատկապես այն պատճառով, որ քաղաքի գրադարանը նորոգ չի եղել: Եվ այս ձեռնարկն առիթ կլինի շատ իջեւանցիների համար` վերանայել հայրենիքից անվերադարձ գնալու որոշումը:
ԻՖԱԴ-ի գրասենյակի կողմից նախատեսված է գազիֆիկացնել Ոսկեպար, Ոսկեվան, Բաղանիս, Բարեկամավան, Կոթի, Ջուջեւան համայնքները: Կոթին, Ոսկեպարը, Ոսկեվանը, Բաղանիսը, Բարեկամավանը սահմանամերձ գյուղեր են, ուր վերջին անգամ գազ ունեցել են 1983-84 թվականներին: Սահմանամերձ այս գյուղերը 21-րդ դար են մտել` առանց գազիֆիկացման: Գյուղացիներն իրենց կենցաղը կարգավորել են այնպես, որ գազի անհրաժեշտությունը գրեթե չի զգացվում: Հետեւաբար` գյուղերի գազիֆիկացումը դժվար է համարել այն լուրը, որով սահմանամերձ գյուղի բնակիչները կուրախանան այնքան, որքան ուրախ են այս ծրագրի մեկնարկի համար 2,5 միլիոն դոլարի ներդրում հաջողացրած պաշտոնյաները: Խնդիրն այն է, որ այդ մարդիկ ի վիճակի չեն լինելու վճարել օգտագործած գազի համար: Օրինակ, Նոյեմբերյան քաղաքում գազիֆիկացման խնդիրը լուծված է գրեթե 100 տոկոսով, սակայն նոյեմբերյանցիներին այդ հոգատարությունը չի գոհացրել: Երբ Դովեղից հետո մտանք Նոյեմբերյան, ուր մարզադաշտի հարեւանությամբ բնակվում էր հորաքրոջս որդին` իր մեծ ընտանիքով, դուռը փակ գտա: Այգում, ծառերի տակ անխնամ թափված էր խնձորի, սալորի բերքը… Հարեւաններն ասացին, որ նրանք մեկնել են Ռուսաստան: Մեծ կողպեքով փակ գտա նաեւ հորաքրոջս աղջկա տան դուռը` Կողբ գյուղում:
Այս գյուղերում կողպեքն ավելորդ զգուշավորություն է…