«Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը չի կարող օգտագործվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը փոխելու նպատակով»,- երեկ Երեւանում հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ովքեր կոչ են արել կողմերին` գործել միջազգային օրենքին եւ տարածքում թռիչքների ներկայիս պրակտիկային համապատասխան: Նրանք հայտնել են, որ կողմերն իրենց եւս մեկ անգամ վստահեցրել են, որ մերժում են ցանկացած սպառնալիք կամ ուժ քաղաքացիական ավիացիայի նկատմամբ եւ զերծ են մնում հարցը քաղաքականացնելուց: Երեկ համանախագահներին ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանը, նրանք հանդիպել են նաեւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, որից հետո ազդարարելով իրենց տարածաշրջանային այցի ավարտը` հանդես են եկել հայտարարությամբ, որում եւս մեկ անգամ արձանագրել են, որ եւ Բաքվում, եւ Ստեփանակերտում, եւ Երեւանում իրենց բոլոր հանդիպումներում վերահաստատել են իրենց երկրների` Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը խաղաղ եղանակով լուծելու այն դիրքորոշումը, ինչը համանախագահող երեք երկրների ղեկավարները շեշտել են Լոս Կաբոսի` հունիսի 18-ի հայտարարությամբ: Համանախագահներն արտահայտել են նաեւ խորը մտահոգություն` հրադադարի խախտումների եւ ռազմատենչ հռետորաբանության առիթով: Համանախագահները տեղեկացրել են նաեւ, որ նախատեսում են առաջիկայում առանձին հանդիպումներ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ` նախապատրաստելու համար նրանց համատեղ հանդիպումը սեպտեմբերին, որը, ըստ նախնական տեղեկությունների, կարող է կայանալ Նյու Յորքում: