ԲՀԿ-ի ԱԽՔ-ը

14/07/2012

Ինչպես եւ սպասվում էր, երեկ տապալվեց «Հարսնաքարի» գործով ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու` Հայ ազգային կոնգրեսի կամ այդպես ներկայացվող նախաձեռնությունը: Անհրաժեշտ 44 ստորագրության փոխարեն` դրա տակ ստորագրեց ընդամենը 21 պատգամավոր: Հիմնական ինտրիգը, ինչպես եւ սպասվում էր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության դիրքորոշումն էր, որը, նույնքան սպասելի կերպով, արտահայտվեց ընդամենը 7 պատգամավորական ստորագրությամբ: Այս նախաձեռնությունն, ընդհանուր առմամբ, հերթական կատալիզատորն էր` պարզելու համար, թե որքանով է «այլընտրանքային» իրեն այդպիսին հռչակած ԲՀԿ-ն: Պարզվեց այն, ինչ առանց այդ ստորագրահավաքի էլ ակնհայտ էր: Խնդիրը, սակայն, տվյալ դեպքում ԲՀԿ-ն չէ, այլ ՀԱԿ-ը, ավելի ճիշտ` այն ջանասիրությունը, որով վերջինս նետվում է ԲՀԿ-ի գիրկը: Անցած տարվա աշնանից մեկնարկած «քաղաքագիտական վերլուծությունից» հետո ԲՀԿ-ականները առանձնապես տոգորված չեն ՀԱԿ-ից իրենց ուղղված հաճոյախոսություններին պատասխանելու հարցում եւ լավագույն դեպքում արձագանքում են սառը անտարբերությամբ: Զավեշտը հասել է այնտեղ, որ ՀԱԿ-ի ներկայացուցիչները` Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, իրենք են հաշվում ԲՀԿ-ի ու Գագիկ Ծառուկյանի շահերը, ինքնաբուխ լծվում են այդ շահերի սպասարկման գործին` առանց գոնե երեւացող փոխադարձության: Ու անգամ ԲՀԿ-ի հետ օրգանապես կապված դաշնակցականներն այս նախաձեռնության առնչությամբ նշում էին, որ եթե նույնիսկ այն չհավաքի անհրաժեշտ ստորագրությունները, գոնե պարզ կդառնա, թե «ով է իրական ընդդիմություն, ով` այլընտրանք»: Իսկ նույն ՀԱԿ-ը, որը, թվում էր, որ գոնե երեկվա նախաձեռնությունից հետո պետք է իրերը կոչեր իրենց անուններով, շարունակում է ԲՀԿ-ամեծար քաղաքականությունը: «Մենք ընտրում ենք ոչ թե փոխադարձ մեղադրանքներ փոխանակելու, այլ համագործակցելու ռազմավարությունը: Եվ դա հավասարապես վերաբերում է բոլոր այն երեք քաղաքական ուժերին, ում հետ մենք համագործակցում ենք խորհրդարանում»,- երեկ այսպես է գնահատել ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը նախաձեռնության տակ ընդամենը 7 ԲՀԿ-ականի ստորագրելու հանգամանքը: Այսպիսով, ՀԱԿ-ն աստիճանաբար վերածվում է ԲՀԿ-ի արբանյակի, եւ կարծես հեռու չէ այն օրը, որ այն ԲՀԿ-ի համար կունենա նույն նշանակությունը, ինչ «Օրինաց Երկիրը»` ՀՀԿ-ի համար: ՕԵԿ-ն էլ 2008 թվականի մարտի 1-ից հետո հայտարարեց, որ ՀՀԿ-ի հետ հարաբերություններում «ընտրում են ոչ թե փոխադարձ մեղադրանքներ փոխանակելու, այլ համագործակցելու ռազմավարությունը»: