– Ինչպե՞ս եք մեկնաբանում այն հանգամանքը, որ ԲՀԿ-ից ընդամենը 7 պատգամավոր են ստորագրել «Հարսնաքարի» գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության տակ: Մինչդեռ ՀԱԿ-ը խորհրդարանում նրանց հետ համագործակցության հույսեր է կապում:
– Մենք ընտրում ենք ոչ թե փոխադարձ մեղադրանքներ փոխանակելու, այլ համագործակցելու ռազմավարությունը: Եվ դա հավասարապես վերաբերում է բոլոր այն երեք քաղաքական ուժերին, ում հետ մենք համագործակցում ենք խորհրդարանում: Նաեւ ասեմ, որ 4 ոչ կոալիցիոն խմբակցություններ ակտիվորեն մասնակցեցին «Հարսնաքարի» դեպքերի շուրջ ծավալված գործընթացներին, եւ սա իսկապես հնչեց` որպես նախազգուշական զանգ: Մենք հետեւողական ենք լինելու, եւ վստահ եմ, որ հասնելու ենք արդարադատության իրականացմանը:
– Ինչո՞ւ այդ գործընթացների ժամանակ չեն շոշափվում նաեւ նախկինում տեղի ունեցած մյուս դեպքերը, որոնք կապվում են ԲՀԿ-ի ու նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանի կամ բազմաթիվ այլ պաշտոնյաների անունների հետ:
– Բացարձակապես ցանկություն չունեմ ներքաշվել տեսական խոսակցությունների մեջ: Մեր գործողությունները շատ կոնկրետ են եւ պայմանավորված են Հայաստանում շատ կոնկրետ քաղաքական իրավիճակով: Եվ շեղելու բոլոր փորձերն ընդամենը նշանակում են, որ ինչ-որ մեկին այս պրոցեսը չի բավարարում: Հիմա հասարակությունը շատ հստակ կենտրոնացել է մի ուղղությամբ եւ արձանագրում է հաջողություններ: Եկեք սա հորով-մորով անենք, իսկ մնացած բոլոր հարցադրումները միշտ ցանկացած քաղաքական ուժ կարող է ունենալ: Հիմա կա կոնկրետ քաղաքացիական շարժում, կոնկրետ հարցադրումով, եւ պետք է հասնենք կոնկրետ հանգուցալուծման: Եկեք չշեղվենք եւ ուղիղ գնանք դեպի մեր նշանակետը:
– Բայց այս դեպքում էլ կարծես թե այդ գործընթացը սեւեռված է միայն Ռուբեն Հայրապետյանի դեմ:
– Եթե համարում են, որ պետք է սեւեռվել այլ ուղղություններով, թող սեւեռվեն, ոչ ոք չի խանգարում: Ով ունի կպչուն մտքեր, թող սեւեռվի, բայց մենք այսօր պատասխանում ենք շատ կոնկրետ հասարակական հնչեղություն ունեցող հարցի` մենք այսօր անում ենք այն, ինչ մեզանից ուզում է հասարակությունը:
– Իսկ Կոնգրեսի համար դժվար չէ՞ համագործակցել ԲՀԿ-ի հետ, այն դեպքում, երբ այդ խմբակցության մեջ է, օրինակ, մարտի 1-ի արյունոտ դեպքերի հետ առնչություն ունեցած` Ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը: Ի վերջո, ՀԱԿ-ն էր Փաստահավաք խմբին տրամադրել փաստաթուղթ, որի համաձայն` այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին, Գ.Ծառուկյանին Պաշտպանության նախարարության պահեստից տրամադրվել է զինվորական համազգեստ: Ընդ որում, 950 կոստյումից մոտ 300-ը, ըստ այդ փաստաթղթի, բաժին է հասել ԲՀԿ ղեկավարին: Կասկած կար, որ այդ կոստյումները հագել են այդ պաշտոնյաների` մարտի 1-ի իրադարձություններին մասնակից թիկնապահները:
– Մենք մարտի 1-ի դեպքերի քննության ամենավճռական, ամենաարմատական պահանջատերն ենք, եւ եթե ինչ-որ գործ այդ ուղղությամբ արվել է, արվել է Կոնգրեսի շնորհիվ: Մենք ամենահետեւողականն ենք եղել Մարտի 1-ի գործի բացահայտման համար, 5 զեկույց ենք հրապարակել, առաջարկել ենք պետական փոխհատուցում մարտի 1-ի զոհերի հարազատների եւ վիրավորների համար: Դրա մասին ամենավերջին անգամ ես խոսել եմ ԱԺ նիստում` մեղադրելով Կառավարությանը, որ այդ հարցն անգամ չի փորձել ընդգրկել իր ծրագրում: Մենք այդ խնդիրն այնքան սկզբունքային, նաեւ երկխոսություն սկսելու համար որպես նախապայման դրեցինք, որ ստիպեցինք իշխանություններին նորից վերսկսել դրա քննությունը: Դա, իհարկե, նրանց կողմից ընդամենը հնարք էր: Մեկ տարի հետո հայտարարեցին, որ որեւէ նորություն չեն արձանագրել: Եվ եթե Մարտի 1-ի գործի բացահայտման հետ կապված ավելացնելու բան ունենանք, կավելացնենք, իսկ իրավական վերջնական պատասխանատվության բոլորը կենթարկվեն միայն այս իշխանությունների հեռանալուց հետո: Այսինքն` լինելով ընդդիմություն, չունենալով պետական լծակներ, ունենալով միայն հասարակական ազդեցության այս հնարավորությունները` ինչ որ մեր հնարավորությունների սահմաններում էր, մենք արել ենք: Եվ հրապարակայնորեն շարունակելու ենք հետապնդել այս խնդիրը, լինել մարտի 1-ի դեպքերի արդարադատության պահանջատեր մինչեւ վերջ: Ինչ որ ասել ենք, ոչ մի խոսքից ետ չենք կանգնելու: Իսկ եթե համագործակցում ենք քաղաքական ուժերի հետ, դա անում ենք նաեւ այն նպատակով, որ Հայաստանում, ինչքան հնարավոր է, շուտ լինի իշխանափոխություն, որը կստեղծի մի իրավիճակ, որտեղ հնարավոր կլինի բոլոր հանցագործներին օրենքով բերել պատասխանատվության դաշտ:
– Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ իշխանության մաս կազմած ԲՀԿ-ի հետ հնարավո՞ր է իշխանափոխություն իրականացնել կամ Մարտի 1-ի գործը բացահայտել, ինչը ակնկալում է ՀԱԿ-ը:
– Ես կարծում եմ, որ այն` ինչ ես ձեզ ասացի, արդեն պարունակում էր նաեւ այս հարցի պատասխանը: