Հարցազրույց նախկին դատավոր, իրավաբան, «Պրեզումցիա» իրավաբանական գրասենյակի ղեկավար Պարգեւ Օհանյանի հետ
– Ձեր կարծիքով` ի՞նչ արմատներ կարող է ունենալ Վճռաբեկ դատարան-Փաստաբանների պալատ վեճը։ Ի՞նչը կարող էր հանգեցնել մարմինների միջեւ փոխադարձ հրապարակային վիրավորանքներին:
– Նախ` փաստաբանների համբերության բաժակն է լցվել, մյուս կողմից էլ` ավելի համարձակ են դարձել, ինչը հօգուտ բոլորիս է: Փաստաբանը պետք է համարձակ լինի եւ չպետք է լինի այնպիսին, ինչպիսին եղել է խորհրդային տարիներին` շողոքորթ, դատարանի կցորդ, որն ուզում է ընդամենը ինչ-որ բան փախցնել-տանել` իր հոգսերը հոգալու համար, եւ այսօր էլ շատերը հենց այդպիսին են: Բայց նրանք` էժան փաստաբաններն էլ են պետք, որոնք 5000 դրամով մի բողոք կգրեն, որոնց հետո չի էլ մտահոգում, թե ինչ կլինի հետագայում: Իհարկե, նրանք չեն, որ այսօր ակտիվություն են դրսեւորում: Իսկ խնդիրն իսկապես շատ խորն է եւ հեռվից է գալիս, մեկ հարցազրույցում այն տեղավորել դժվար կլինի:
– Իսկ ինչո՞ւ հենց այսօր, մի՞թե խնդիրը նոր է ծագել:
– Պահը հասունացել է: Իհարկե, խնդիրն արդեն հին է եւ փտած: ՀՀ Սահմանադրությունը դատական իշխանության մեջ է ներառել նաեւ Դատախազությունը, որը ճիշտ չէ: Մյուս խնդիրը, որն է՛լ ավելի կարեւոր է՝ մեր դատաիրավական համակարգի չարորակ ուռուցք նախաքննությունն է: Այն գալիս է դեռեւս 30-ականներից, երբ նախաքննության մարմինը Դատախազության «քավորությամբ» կամ հսկողությամբ, ըստ էության, ինքնադատաստան էր իրականացնում, եւ այսօր էլ այդպես է: Առաջին հայացքից կարող է թվալ, թե հեռանում ենք թեմայից, բայց սա նեղ մասնագիտական զրույց է, որտեղ պետք է գալ սկզբից եւ հերթով: Այսպես, նախաքննությանը տրված է դե ֆակտո, եւ ինչ-որ տեղ էլ, անշուշտ, դե յուրե լիազորություն` իրականացնելու արդարադատություն: Օրինակ, գործ հարուցելու, կալանավորելու, մեղադրանք առաջադրելու, անգամ կարճելու: Մարդն ասում է` «Ես մեղավոր չեմ, ուզում եմ մտնել դատարան եւ արդարանալ», սակայն քննիչն ասում է. «Դու մեղավոր ես, բայց ես գործը կարճում եմ, կամ գտնում եմ, որ չպետք է գործն ուղակել դատարան»: Կա՛մ ապացույցները բավարար չեն, կա՛մ համաներում է եղել, կա՛մ իրադրության փոփոխության հետեւանքով անձն արդեն հանրության համար վտանգավոր չէ, անձը վերականգնել է վնասները, ուստի գործուն զղջում է տեղի ունեցել, եւ այլ հիմքերով գործում է սեփական հայեցողությամբ: Ամեն դեպքում, մենք ունենք փաստացի դեպքեր, օրինակ, 2008թ. մարտի 1-ի դեպքերի հետ կապված, երբ Մյասնիկ Մալխասյանին մեղադրում էին հանցագործության մեջ` պնդելով, որ նա մեղավոր է, եւ նրան, չգիտես` ինչ հիմքով, կալանքի տակ էին պահում: Այսինքն` քննիչը գործում է Դատախազության «քավորությամբ», եւ որեւէ դրական միտում չի նկատվում, միայն կոսմետիկ հարցեր են շտկվել: Ուստի, ես վստահ եմ, որ նախաքննությունը պետք է վերացվի որպես նախնական քննության փուլ: Ու թեեւ ես նույնպես Դատախազության համակարգի ծնունդ եմ, բայց այդ կարծիքին եմ. դատարանից բացի, ոչ ոք չպետք է իրականացնի արդարադատություն: Իսկ անձը, որը դեռեւս ունի անմեղության կանխավարկած, այսօր քննիչի թեթեւ ձեռքով կալանավորվում է, ինչը հանդիսանում է քրեական պատիժ, սակայն դեպքերի գերակշիռ մասում դա արվում է անհիմն: Սա կարեւոր խնդիր է: Դատավորն էլ, դե, քանի՞ գլուխ ունի, որ «թարսվի» մի ամբողջ համակարգի հետ: Անգամ մեկ մերժումը շատ հիվանդագին է ընդունվում Դատախազության կողմից: Դուք նայեք` ո՞վ է դատարանում մեղադրողին եւ փաստաբանին հավասար նայում: Մեղադրողը խորհրդային իներցիայով համարվում է առավել բարձր, բացառությամբ, եթե փաստաբանը «դուխով» ու մի քիչ էլ «կլյաուզնիկ» է` լավ առումով: Դատախազը շատ դեպքերում նույնիսկ նկատողություն է անում դատարանին, ասում է, թե ինչ պատժաչափ պետք է կիրառվի: Սա էլ` երկրորդ խնդիրը: Դրան էլ հավելենք այն, որ օրենքը մեղադրողի վրա է դնում ծանրացնող հանգամանքների պարզման պարտականությունը: Բայց ո՛չ, դատախազը դա էլ է որոշում: Ուստի, ի՞նչ է մնում անել փաստաբանին: Վերջինս հայտնվում է նվաստացուցիչ վիճակում: Դե, թող դատավորը փորձի մի փոքր պակաս պատիժ տալ, խնդիր կառաջանա: Պատկերացրեք` ի՞նչ վիճակում է փաստաբանը, մանավանդ, եթե «դուխով» չի, ինչպես այսօրվա մի քանի փաստաբաններ, որոնք իրենց նյարդերի եւ գիտելիքի հաշվին կարողանում են դատարանին զգաստացնել:
– Փաստաբանի կերպարը ՀՀ դատական համակարգի հետ հարաբերություններում առանձին դիտարկելիս` ի՞նչ պատկեր է ստացվում:
– Փաստաբանը զբաղվում է անձի ներկայացուցչությամբ՝ գրում է հայցադիմում, հարուցում է միջնորդություններ, հանդես է գալիս դատարանում, եւ այլն: Նախնական փուլում նա անարդարություններ տեսնելով` չի կարողանում ոչինչ անել, քանի որ, ըստ օրենքի, փաստաբանը իրավունք չունի գործի նյութերին ծանոթանալու` մինչեւ ավարտման փուլը: Այս երեւույթի անունը գաղտնիություն է, բայց ի՞նչ գաղտնիություն, չէ՞ որ դրանք պետական գաղտնիքի կամ ազգային անվտանգության հարցեր չեն: Այդպիսով` նա իրավունք է ստանում գործելու, միջնորդություններ հարուցելու: Այստեղ կրկին սկսվում է արհամարհվածության սցենարը. քննիչը` գտնելով, որ միջնորդությունն անհիմն է, առանց պատճառաբանության` երկու տողով մերժում է այն, ու վերջ: Տուժում է թե՛ քննության օպերատիվությունը, թե՛ հավասար մրցակցությունը, եւ այլն: Փաստաբանն անգամ տեխնիկապես, անգամ էթիկայի կանոններում իրեն հավասար չի զգում: Դատախազի նկատմամբ դատավորը երկյուղած է, իսկ փաստաբանի նկատմամբ՝ հաճախ անհարգալից: Մանավանդ երիտասարդ փաստաբանների դեպքում, նրանց հեգնում են` ասելով, օրինակ` «իսկ դուք համոզված ե՞ք, որ այդպես է, դուք փաստաբա՞ն եք», եւ այլն: Այսպես էլ կայացվում է անարդար դատավճիռ կամ վճիռ: Բայց տեսեք, ինչո՞ւ փաստաբանն առաջին ատյանի կամ Վերաքննիչ դատարանի նկատմամբ չարությամբ չի լցվում, քանի որ հույս ունի, որ Վճռաբեկ դատարանն արդար կգտնվի եւ կբեկանի վճիռը, կվերականգնի արդարությունը: Այո, փաստաբանները շատ դեպքերում լռում են, փոխանակ հենց առաջին ատյանի դատարանի կայացրած ապօրինի վճռի դեմ բողոքարկեն ոչ միայն Վերաքննիչ, այլեւ միաժամանակ դիմեն Արդարադատության խորհուրդ. նրանք կուլ են տալիս, մարսում են ու վերջ: Ուստի, խնդիրը երկկողմանի է: Դատարանը փաստաբանին պետք է դիտի ոչ թե` որպես փաստաբան-ձեռնարկատիրական գործունեություն իրականացնողի, այլ` պաշտպան-դատավարության մասնակցի: Ընդ որում, եթե հաշվի առնենք, որ Վճռաբեկ դատարանը երկրի ներսում գրեթե Աստծուն հավասար մարմին է, որի ձեռքում է գտնվում մարդկային ճակատագրեր որոշելը, ուստի այն պետք է առավել խիստ եւ անաչառ լինի եւ դասի բոլորին հավասար սանդղակով, ոչ թե բոլոր բողոքները մերժի ընդունել: Նա պետք է հնարավորություն տա:
– Իսկ Ձեր իրավաբանական գրասենյակի պրակտիկայում ինչպիսի՞ն է դրությունը:
– Լավ հարց է: Գիտեք, մեր գրասենյակը գործում է արդեն 7 տարի, սակայն ոչ մի բողոք Վճռաբեկ դատարանը դեռեւս չի ընդունել վարույթ: Լավ, ուրեմն, Պարգեւ Օհանյանը` նախկին դատավոր, իրավաբան, դասախոս, պրակտիկ մասնագետ, իր գրասենյակով չկարողացա՞վ գոնե մի գործով մտնել Վճռաբեկ դատարան: Աբսուրդ է: Մենք վերցնում ենք գործեր, որոնց համար վստահ ենք, որ պետք է ընդունեն, կազմված է գրագետ, կոռեկտ եւ լիարժեք, սակայն տեսեք, թե ինչ է ստացվում: Այ, այսպիսի վիճակ է: Այդ դեպքում թո՛ղ բացատրեն խտրականության շարժառիթները: Կարող եմ բերել այնպիսի փաստեր, երբ ոչ իրավաբան, անգրագետ մեկի բողոքը դատարանն ընդունել է վարույթ, իսկ Օհանյանինը՝ ոչ: Վճռաբեկ դատարանն անխոցելի, անպատժելի մարմին է, քանի որ նույն ինքը` դրա նախագահը, Արդարադատության խորհրդի նախագահն է: Այնպես որ` Փաստաբանների պալատի բողոքը չեմ կարող համարել անհիմն, այն արդարացված է այսպիսի պայմաններում: Ընդ որում, Վճռաբեկ դատարանի մերժումներում պատճառաբանությունը պարզ չէ, ինչ-որ բան պատճառաբանում են, բայց հասկանալի չէ, պարզ չէ, թե որն է հիմքը, իրենց ասում են` վերադարձրո՛ւ, նրանք էլ վերադարձնում են: Ես հիմա լիովին հեռացած եմ համակարգից եւ այդ կյանքից՝ իմ ամառանոցում, թռչունների, բուսականության եւ իմ հոգեւոր գրականության հետ եմ, եւ երբ վերադառնում եմ իրավիճակի վերլուծությանը, ցավալի է լինում արձանագրել այսպիսի փաստեր:
– Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ մեկօրյա գործադուլից որոշ ժամանակ անց տեղի ունեցավ Փաստաբանների պալատի եւ ՀՀ նախագահի մակարդակով հանդիպում, որում կարծես թե ստացվեց լուծում նախագահի հանձնարարականի տեսքով`զբաղվել Փաստաբանների պալատի եւ դատարանի խնդիրների լուծմամբ բարձր մակարդակով եւ համատեղ աշխատանքի օգնությամբ:
– Ողջունում եմ, եթե այդպես է, եթե ակտիվ ու պայքարող փաստաբաններ կան, ուրեմն խնդիր չկա: Սա է հարցը: Պետք է ամեն ինչի մասին շատ բարձրաձայնել, շատ ասել, որ տեղ հասնի, ասել լուրջ, հիմնավոր, ոչ թե գոռալ ու վիրավորել միմյանց:
– Անդրադառնանք այն 4-5 նախադեպային որոշումներին, երբ փաստաբաններն իրենց վստահորդներից գումարներ էին վերցրել` դատավորին փոխանցելու համար` ցանկալի լուծում ստանալու նպատակով: Ուստի, խնդիրն արդյո՞ք միայն դատարանի աշխատանքի մեջ է: Դատարանի պնդումներն այն մասին, թե փաստաբանները բիզնեսմեն են, գուցե արդարացվա՞ծ են: Ժամանակը չէ՞ արդյոք, որ փաստաբանների թիվը Հայաստանում կրճատվի, եւ մնան որակյալներն ու պահանջվածները:
– Չեմ ուզում կաշառքով աշխատող փաստաբանների եւ փաստաբանների ընդհանուր քանակի կրճատման մասին խնդիրները միմյանց կապել: Ես կողմ չեմ դրան: Պետք է լինի մրցակցություն, պետք է մարդիկ էլ կարողանան տարբերել լավին ու վատին: Թող լինեն, դատապարտելի չէ, հակառակը` թող նա էլ աշխատի-վաստակի: Կա փաստաբան` միայն հայցադիմում է գրում ու վաստակում է 5000 դրամ, փաստաբան էլ կա, ով մեկ բողոք գրելու համար 100.000 դրամ է վերցնում:
– Իսկ եղե՞լ է դեպք, երբ տուգանել եք փաստաբանին` դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար:
– Այո, տուգանել եմ, մեղադրող էլ եմ տուգանել, իսկ ինչո՞ւ չտուգանել, եթե արժանացել է դրան: Կադաստրի պետի տեղակալի էլ եմ տուգանել, նորմալ է: Բայց եթե հարցում անցկացնենք, թե դատարանի ողջ պրակտիկայի ընթացքում քանի մեղադրող է ենթարկվել տույժի, կտեսնեք, որ մեկ տասնյակի էլ չեն հասնի նման դեպքերը: Վատը սա է:
– Ձեր կարծիքով` ի՞նչ պետք է անել, որպեսզի վերոթվարկված խնդիրները կարգավորվեն:
– Նախ, ինչպես ասացինք, պետք է վերանա նախաքննության մարմինը, եւ դրա որոշ իրավասություններ պետք է փոխանցվեն հետաքննության մարմնին, որոշները` դատարանին: Ապա պետք է նորից «տնկվի» դատաիրավական համակարգի ծառը` վերացնելով «նախաքննություն» կոչվող հոռաշիվը: Մենք կարող ենք ընդամենը Վրաստանի մոդելը ներդնելով` հասնել շոշափելի հաջողության, բայց, չնայած փոփոխություններին եւ ջանքերին, դոփում ենք տեղում: Մենք ամեն ինչ բարդում ենք օրենքի վրա` բաց թողնելով այն հանգամանքը, որ այստեղ առկա է մարդու` քաղաքացու, եւ պաշտոնյայի գործոնը, որի չշտկվելու եւ չբարելավվելու դեպքում` լավ օրենքն էլ չի փրկի: Իսկ փաստաբաններն այս համակարգին կից աշխատող անբաժանելի մաս են, որոնց իրավունքները եւ կարգավիճակը պետք է լինեն պատշաճ ու հարգված. գոնե պետք է դատարանի կողմից հավասար ընկալվեն` մեղադրողի եւ ցանկացած այլ պաշտոնյայի համեմատությամբ: Ահա եւ վերջ: