«Ընդհանրապես երկրի ներսում նախագահները բոլոր ուժերի կարիքն էլ զգում են: Մենք ԲՀԿ-ի հետ համագործակցելու փորձ ունենք, հուշագիր ունենք: Ոչինչ, որ Տիգրան Ուրիխանյանն ասում է, թե այն ուժի մեջ չէ, դա նրա անձնական կարծիքը թող լինի: Գ.Ծառուկյանը դեռ նման բան չի ասել: Իհարկե, մենք կուզենայինք, որ ԲՀԿ-ն աջակցի: Ի վերջո, մենք պետք է լսենք հասարակության ձայնը: Լավ կլիներ, որ 30 տոկոս ստացած ուժն իր վրա պատասխանատվություն ստանձներ եւ կոալիցիա մտներ, բայց եթե չի ուզում, ոչ պարտադրելու, ոչ էլ խնդրելու կարիք կա»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը` պատասխանելով հարցին` արդյո՞ք նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը ԲՀԿ-ի աջակցության կարիքն ունի, թե՞ ոչ: Իսկ «Եթե ԲՀԿ-ն չպաշտպանի Ս.Սարգսյանի թեկնածությունը եւ հանդես գա սեփական թեկնածուով, դա Ս.Սարգսյանի համար վտանգավո՞ր կլինի» հարցին պատասխանել է. «Ի՞նչ է նշանակում` վտանգավոր կլինի: Կարող է երկրորդ փուլ գնալու իրավիճակ ստեղծվի, բայց միեւնույն է, հաղթանակը ՀՀԿ-ի թեկնածուինն է լինելու, որովհետեւ մեծամասնություն ենք: Եվ ես ասում եմ, որ երբեք չթերագնահատեք հասարակության տված քվեն, ով մեծամասամբ ընտրել է ՀՀԿ-ին եւ նրա առաջնորդ Ս.Սարգսյանին»: