Նաեւ գաղափարի օլիգարխիա

10/07/2012

Այս օրերին Հայաստանում ամենաակտուալ թեման դարձել է օլիգարխիայի դեմ պայքարը: Բնականաբար, այն առաջին հերթին ուղղված է ընդդեմ «Հարսնաքարի» սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի, սակայն շարունակվելու, գեներացվելու դեպքում ուղղվելու է ընդհանուր առմամբ օլիգարխիայի դեմ: Թե որքանով այդ պայքարը հաջողությամբ կավարտվի` այս պահին դժվար է ասել: Ակնհայտ է, սակայն, որ դա անխուսափելի ճանապարհ է, որով պետք է անցնի Հայաստանը, եւ որքան շուտ անցնի` այնքան լավ կլինի պետության ու հասարակության համար: Ընդհանրապես օլիգարխիան Հայաստանում ներկայանում է սահմանափակ թվով մեծահարուստների, մոնոպոլիստների, ամենաթողության մթնոլորտում ապրող ու հարստացող դեմքերի հետ, որոնք այդպիսին են դարձել իշխանության հովանավորությամբ ու, բնականաբար, ծառայում են իշխանությանը: Բայց օլիգարխիան միայն օլիգարխներն ու մոնոպոլիստները չեն, օլիգարխիան մտածողության տեսակ է, կենսակերպ, որով արդեն ապրում են ոչ միայն երեւացող օդիոզ օլիգարխները, այլեւ նրանց հովանավորողներն ու, որքան էլ տարօրինակ հնչի, նրանց դեմ առերեւույթ պայքարողները: Հայաստանում, բացի արտաքուստ երեւացող ու տնտեսական գերշահույթների հետ նույնացվող օլիգարխներից, կա օլիգարխիայի եւս մի տեսակ, որին պայմանականորեն կարելի է անվանել մտքի, մտածելու կամ գաղափարի օլիգարխիա, որը օլիգարխիա է քաղաքական դաշտում: Իշխանության որեւէ ներկայացուցիչ չի համարձակվում որեւէ միտք արտահայտել, եթե դա նախապես ճշտված չէ իշխանության վերնախավի հետ: Բազմաթիվ են եղել օրինակները, երբ որեւէ կարեւորագույն հարցի վերաբերյալ հանրապետական ողջ վերնախավը ծպտուն չի հանել, մինչեւ այդ մասին չի արտահայտվել նախագահ Սերժ Սարգսյանը, կամ մինչեւ նրա տեսակետը չի փոխանցել որեւէ խոսնակ: Նույն վիճակն է նաեւ ընդդիմության դաշտում. Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած մտքից որեւէ շեղվող անմիջապես հայտարարվում է որպես դավաճան եւ ծախված: Իրավիճակը չի տարբերվում նաեւ իրեն այլընտրանք հռչակած ԲՀԿ-ում, որտեղ Գագիկ Ծառուկյանի ասածներից, «հասկանալի պատճառներով», շեղվելու իրավունք ունի միայն Վարդան Օսկանյանը: Նույնը «գաղափարի մենաշնորհն» է նաեւ մեծ ու փոքր այլ ընդդիմադիր ու իշխանական քաղաքական ուժերում: Դժբախտաբար, նույն երեւույթը աստիճանաբար ուրվագծվում է նաեւ քաղաքացիական, հանրային շարժումների դեպքում, սոցիալական ցանցերում: Նրանց հռչակած գաղափարներից տարբերվող կարծիք հայտնելը, հակադրվելը եւս որակվում է որպես դավաճանություն: Այստեղ էլ աստիճանաբար ձեւավորվում է ֆեյսբուքյան «Like»-երի մոնոպոլիա, լավագույն դեպքում` օլիգոպոլիա: Արդյունքում` ստացվում է, որ լայն իմաստով Հայաստանի քաղաքական դաշտը, արդեն նաեւ` քաղաքացիական նախաձեռնությունները հիմնված են մի քանի անհատների, լավագույն դեպքում` խմբերի մտքի, մտածողության ու գաղափարների վրա, որոնք, բնականաբար, այնքան հեշտ է մանիպուլյացիաների ենթարկել, որքան ապրանքների գները` օլիգոպոլիկ տնտեսության պարագայում: Այսինքն` մրցակցության բացակայությունը, որի դեմ պայքարում են բոլորը, առկա է նաեւ պայքարի օջախներում: Իրականում մրցակցության բացակայությունն ածանցյալ է հանդուրժողականության բացակայությունից, ավելի ճիշտ կլինի ասել` չգոյությունից: