2004թ. դեկտեմբերին ԱԺ-ում մի քանի ժամ տեւած դռնփակ նիստում թեժ քննարկումների ու հակասությունների առկայությամբ որոշում կայացվեց Իրաք հայկական զորախումբ ուղարկել: Իսկ երեկ Իրաք զորախումբ ուղարկելու մասին որոշումը մեկ տարով երկարաձգելու մասին հարցը ոչ միայն դռնփակ չքննարկվեց, այլեւ` շատ կարճ ու հանգիստ ընթացք ունեցավ: Բոլորը համաձայն էին, նույնիսկ Արշակ Սադոյանը, որը երկու ձեռքով կողմ էր, որպեսզի հարցի քննարկումն անցկացվի դռնփակ ու պատգամավորները ելույթների միջոցով փորձեն պարզաբանումներ ստանալ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանից, թե ինչու է Հայաստանն ընտրել ոչ թե արեւմտյան, այլ հյուսիսային «շեղվածությունը»: «Կա կարծրացած հյուսիսային կողմնորոշում,- հայտարարեց Ա. Սադոյանը։ -Իսկապես ցավալի է, երբ մեզ որպես խաղալիք օգտագործում են եւ հաճախ պարտադրում են իրենց մոտեցումներն ու որոշումները: Այդ ո՞նց է լինում, որ մենք մեր դատողություններում անընդհատ մեխանիկորեն մեկ քաղաքականություն ենք վարում: Ժամանակն է, որ մենք երբեմն համարձակություն ցուցաբերենք: Ժամանակն է, որ մենք տանենք մեր անկախ քաղաքականությունը, եւ մեր այսօրվա ԱԺ-ն հստակ կողմնորոշվի, որ միայն Արեւմուտքը մեզ հնարավորություն կտա ինչ-որ քայլերում: Իսկ այս ստրկամիտ հյուսիսայինը մեզ համար խիստ վնասակար ու վտանգավոր է»:
Այս առնչությամբ Սերժ Սարգսյանն ասաց. «Որեւէ մեկն իրավունք չունի բռնանալու որեւէ մեկի, մանավանդ` պատգամավորի կամքի վրա: Ես ուղղակի համաձայն չեմ Արշակ Սադոյանի կողմից հնչեցված այն մտքին, թե Իրաք զորախումբ ուղարկելը ողողված էր Հյուսիսից դեպի Արեւմուտք շեղվելուն: Դա դրա հետ բացարձակապես որեւէ կապ չունի: Միգուցե ինքն այդպես է հասկանում, բայց մենք այդպես չենք հասկանում»: Իսկ այն դիտարկմանը, թե, այնուամենայնիվ, փաստ է, որ Ռուսաստանն Իրաք զորախումբ չի ուղարկում, Ս. Սարգսյանը պատասխանեց. «Այո, Ռուսաստանը զորք չի ուղարկել, բայց ունի իր մասնակցությունը: Առանց Ռուսաստանի աջակցության այդ տարածաշրջաններում շատ դժվար է խնդիրներ լուծելը»: Ինչ վերաբերում է այս հարցի առնչությամբ պատգամավորների ցուցաբերած անտարբերությանը, ապա Ս. Սարգսյանն ասաց. «Որովհետեւ այս մեկ տարվա մեր զորախմբի ծառայությունն Իրաքում ապացուցեց, որ որոշումը ճիշտ էր: Չի կարելի առաջ ընկնել եւ ասել, որ այն մարդիկ, ովքեր այն ժամանակ դեմ էին արտահայտվում, հիմք չունեին կամ նրանց մտահոգությունը տեղին չէր: Ո՛չ, ես այդպես չեմ ասում, ուղղակի ասում եմ, որ այս մեկ տարին ցույց տվեց, որ որոշումը ճիշտ էր»: Ս. Սարգսյանի գնահատմամբ, Իրաք զորախումբ ուղարկելով` բարձրացել է Հայաստանի միջազգային վարկանիշը: Ավելին, նրա խոսքերով` դա «անփոխարինելի դաս» է, որտեղ յուրաքանչյուր երկիր ցույց է տալիս իր կարողությունները:
Լ.Ս.