Բողրամյան պողոտայում մեզ նորից կծեծեն

07/12/2005 Արման ԳԱԼՈՅԱՆ

Հայրենի ընդդիմությունը հերթական անգամ բաց թողեց երկրում իշխանափոխություն իրականացնելու շանսը: Եվ հիմա քաղաքացիներին Մատենադարանի մոտ «վճռական», «ամենավճռական» կամ «համաժողովրդական», իսկ իրականում ամենասովորական հանրահավաքին հրավիրելով, բայց մի քանի ժամ խոսելուց հետո նորից տուն ուղարկելով, ընդդիմությունն ընդամենը մեկ բան է կատարում` ավելացնում է իրենից հուսախաբվածների առանց այն էլ հոծ բանակն ու փոշիացնում իր ձայները:

Բայց ինչպես ասում են` հույսը վերջինն է մեռնում: Եվ այդ հույսով ուրբաթ օրն ընդդիմությունը մարդկանց հրավիրել է հերթական հանրահավաքին: Սակայն, ըստ որոշ տեղեկությունների, ընդդիմության նման պահվածքը հետեւանք է ընդդիմության ներկուլիսային տարաձայնությունների: Ընդդիմադիր լիդերների մեջ տարաձայնություններ են սկսվել «Ծիրանագույն հեղափոխության» իրականացման քայլերի ուղղությամբ: Ինչպես հայտնի է, նրանց մի մասը կողմ է Բաղրամյան պողոտա շարժվելու եւ այնտեղ վճռական քայլեր իրականացնելու տարբերակին: Իսկ մի մասն էլ դեռ պնդում է վաղուց ի վեր իրեն սպառած «սահմանադրական ճանապարհի» մասին: Սակայն ԱԺ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը համամիտ չէ այն գնահատականների հետ, որ ընդդիմությունն անվճռական է ու ընդդիմության մեջ տարաձայնություններ կան: «Ես պարզունակ եմ համարում այն մոտեցումները, որ ընդդիմությանը փորձում են մեղադրել անվճռականության մեջ: Ընդդիմությունը ոչ թե անվճռական է, այլ կշռադատված քայլերի ու ավանտյուրաների չգնալու կողմնակից է: Մենք Քոչարյանին սպանելու ցանկություն չունենք: Ով նման ցանկություն ունի, ինքը թող գնա, նման քայլ իրականացնի: Իսկ ընդդիմությունը քաղաքական քայլեր պետք է կատարի»,- ասում է Վիկտոր Դալլաքյանը: Որ գործող վարչախումբը խոչընդոտ է ՀՀ բնականոն զարգացման ճանապարհին, ու «հանցավոր վարչախմբից» պետք է օր առաջ ձերբազատվել, այս հարցում, ըստ Դալլաքյանի, ընդդիմադիր բոլոր լիդերներն էլ միակարծիք են: «Բայց ընդդիմության մեջ կան գործիչներ, ու նրանք հիմնավոր փաստարկներ ունեն, որ ինչքան արագ տեղի ունենա հանցավոր վարչախմբի հեռացումը, այնքան լավ կլինի երկրի համար: Նրանց շտապելը պայմանավորված է հայրենասիրական մղումներով: Բայց այդ դեպքում պետք է ժողովրդի աջակցությունը»,- ընդդիմության մեջ եղած հակասությունները փորձում է կոծկել ԱԺ «Արդարություն» խմբակցության քարտուղարը: Նրա խոսքերով` իրենք այսօր ունեն ժողովրդի աջակցությունը: Թեկուզ այն փաստը, որ նոյեմբերի 27-ին մարդիկ բոյկոտեցին հանրաքվեն, ըստ Վ.Դալլաքյանի, արդեն շատ բան է ապացուցում: «Ժողովրդի 90 տոկոսը բոյկոտել է հանրաքվեն: Ժողովուրդը չի մասնակցել հանրաքվեին` այդկերպ բոյկոտելով հանցագործ ռեժիմին: Եվ դա նշանակում է, որ այսօր օպոզիցիան ժողովրդի 90 տոկոսի աջակցությունն ունի»,- ասում է Վիկտոր Դալլաքյանը: Ուստի, մնում է միայն ընտրել հարմար պահը եւ իրականացնել երկրում վաղուց ի վեր սպասված իշխանափոխությունը: «Բայց հիմա կարիք չկա Բաղրամյան պողոտա գնալու: Եթե երկրում իշխանությունը հանցավոր չլիներ, ապա այդ դեպքում հանրահավաքները, երթերը, ցույցերը, պիկետներն ու նմանատիպ մյուս քայլերն արդյունք կունենային: Բայց եթե դու գիտես, որ գործ ունես զինված բանդայի հետ, դու ժողովուրդ ես տանում, ու այդ զինված բանդան էլի ուժ է կիրառելու այս ժողովրդի նկատմամբ, սա ավանտյուրա է, անթույլատրելի է»,- համոզված է Վիկտոր Դալլաքյանը։ «Ապրիլի 12-ին այդ ժողովուրդը շատ ավելի մեծաթիվ էր, բայց ոչ մեկը չէր պատկերացնում, որ ԱԺ-ն հրոսակների համար բազա կդարձնեն, ու այդ հրոսակները կհարձակվեն խաղաղ ցուցարարների վրա: Ես ինքս` որպես մարդ, ժողովրդին էքսպերիմենտի չեմ տանի»: Եվ պարոն Դալլաքյանը վերջին շրջանում կազմակերպված հանրահավաքներին ժողովրդի ցածր մասնակցությունը պայմանավորում է ահաբեկված լինելու հանգամանքով. «Եթե մարդիկ իմանան, որ գալու դեպքում հետագայում պրոբլեմներ չեն ունենա, իսկ ցանկացած ցիվիլ երկրում դա այդպես է, ուրեմն ժողովրդի 90 տոկոսը կգա: Ես համոզված եմ, որ ժողովրդի այն մասը, որ չի գալիս հանրահավաքի, Մատենադարանի հետ է»:

Մատենադարանի մոտ հավաքված մարդիկ այսօր բավական կտրուկ գործողություններ են պահանջում ընդդիմությունից: Պարոն Դալլաքյանը նույնիսկ խոստովանում է, որ երբ զրուցում է մարդկանց հետ, «նրանք մեզ ասում են` մահ կամ ազատություն: Իրենք պատրաստ են դրան, բայց քաղաքական գործիչները պետք է ոչ թե կրակը բորբոքեն, այլ պետք է բացատրեն, որ հանցագործների հետ գործ ունենք: Պետք է ընտրենք ճիշտ պահը: Ինչքան շուտ գա այդ ճիշտ պահը, այնքան երկրի համար լավ կլինի: Բայց գնալ չնախապատրաստված քայլերի, մարդկանց տանել ու վտանգել, դա համարում եմ անթույլատրելի: Ես կարծում եմ, որ այդ տեսակետից մենք շատ պարկեշտ ենք վարվում ժողովրդի նկատմամբ»,- իր տեսակետներն այսպես է հիմնավորում նա: Իսկ երկրում իշխանափոխություն իրականացնելու հարմար պահը մեծապես կախված է եւ ներքին, եւ արտաքին քաղաքական դաշտում տեղի ունեցող գործընթացներից: Այդ դեպքում, ստացվում է, որ քանի դեռ չի եկել «հարմար պահը», ուրեմն անիմաստ է հանրահավաքներ կազմակերպելը: «Եթե հանրաքվեի արդյունքներն այսպես խայտառակ կերպով կեղծելուց հետո մենք ռեակցիա չտայինք, ապա կհարցնեիք, թե ինչո՞ւ չեք բողոքում: Բացարձակապես անիմաստ չի հանրահավաքներ անցկացնելը: Հանրահավաքը քաղաքական պայքարի ձեւ է: Չնայած, ես չեմ բացառում, որ որոշակի փուլից հետո այդ հանրահավաքները դադարեցվեն,- ասում է Վ. Դալլաքյանը եւ որպես պատմաբան` իր ասածը փորձում է հիմնավորել պատմական օրինակներով,- եթե մարդկությունն այն կանխավարկածով առաջնորդվեր, որ անիմաստ է պայքարելը, ապա այսօր էլ ստրկատիրական կարգերում կապրեր: Եթե Սպարտակը առաջնորդվեր այն կանխավարկածով, թե հռոմեացիները ուժեղ են, մեծ երկիր է, ապա այսօր Իտալական հանրապետությունը չէր լինի: Ուրեմն մարդիկ ընդվզել են: Այն, ինչ որ պիտի լինի, չի կարող չլինել»: