Տարելից, որ դարձրել են տոն

05/07/2012

Այսօր հուլիսի 5-ն է, օր, որը պաշտոնապես ներառված է Հայաստանի Հանրապետության տոնացույցում` որպես Սահմանադրության օր: Այս տարի կառավարության որոշմամբ «Սահմանադրության տոնը» նշելու համար քաղաքացիներին ամբողջ չորս հանգստյան օր է նվիրվել: Սահմանադրության օրը կամ տոնը մեր տոնացույցի, թերեւս, ամենահակասական, նույնիսկ` ամենավիրավորական տոնն է: Որքան էլ տարօրինակ ու ցավալի հնչի, իրականում հուլիսի 5-ը պետք է նշել ոչ թե որպես Սահմանադրության տոն, այլ տարելից: Երբ տարվա մնացած գրեթե բոլոր օրերին ոտնահարվում են քաղաքացիների սահմանադրական գրեթե բոլոր իրավունքները, առանձին վերցրած մի օր Սահմանադրության կարեւորության, դերի մասին խոսելը դառնում է ծաղր հենց Սահմանադրության ու այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր պետք է պաշտպանված լինեն այդ Սահմանադրությամբ: Ընդ որում, ամենաանհեթեթն այն է, որ Սահմանադրությունը ոտնահարողներն էլ, հուլիսի 5-ին դրա կարեւորության մասին պերճախոս ելույթներ ունեցողներն էլ հենց իշխանություններն են: Հայաստանում ոտնահարվում են քաղաքացու սահմանադրական գրեթե բոլոր իրավունքները, այդ թվում եւ առաջին հերթին` կյանքի իրավունքը: Վահե Ավետյանի հետ կատարվածը դրա ամենաթարմ եւ, ցավոք, ոչ վերջին օրինակն է: Կարելի է հոդված առ հոդված, օրինակներով ու նախադեպերով նշել, թե ամենաշատը սահմանադրական որ իրավունքներն են ոտնահարվում, սակայն դրանք առանձին-առանձին ընդամենը հանցագործություններ են, ամբողջության մեջ` Սահմանադրության անգործություն: Իսկ խորքային պատճառը Սահմանադրության առաջին եւ երկրորդ հոդվածների չպահպանումն է, որը դարձել է Հայաստանում իշխանության պահպանման գրավականը` Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: