Մեծ Բրիտանիայի դեսպանատունը երեկ հրապարակեց Հայաստանում հավատարմագրված Եվրոպական Միության (ԵՄ) անդամ երկրների՝ ՀՀ սահմանադրական փոփոխությունների նոյեմբերի 27-ի հանրաքվեի վերաբերյալ հաղորդագրությունը: ԵՄ-ն ողջունում է Հայաստանի կառավարության դրական դերը սահմանադրական բարեփոխումների գործընթացում եւ, միեւնույն ժամանակ, իր մտահոգությունն է հայտնում նոյեմբերի 27-ին կայացած հանրաքվեի ընթացքում «քվեաթերթիկների լցոնման ու քվեարկության մասնակցության տվյալների աղավաղման եւ տեղական դիտորդների նկատմամբ ահաբեկության կիրառման մասին հաղորդագրություններով: Նման գործողությունները կանխելուն թերանալը կասկածի տակ է դնում Հայաստանի նվիրվածությունը ժողովրդավարությանը եւ գործընթացների թափանցիկությանը»,- նշված է հաղորդագրության մեջ: ԵՄ-ն նաեւ խրախուսում է ՀՀ կառավարությանը, հատկապես` Կենտրոնական ընտրական հանձնաժողովին` «լրջորեն հաշվի առնել կեղծիքների մասին պնդումների ուղղությամբ մանրամասն հետաքննություն անցկացնելու Եվրոպական խորհրդի դիտորդների առաջարկը, եւ կոչ է անում Հայաստանի կառավարությանը հավաստիացնելու, որ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն: Ողջ ընտրական գործընթացի պատշաճ անցկացումը շատ կարեւոր է Հայաստանի ժողովրդավարական վարկանիշի համար` հատկապես նկատի ունենալով 2007թ. խորհրդարանական եւ 2008թ. նախագահական ընտրությունները: Այս համատեքստում ԵՄ-ն կողջուներ Հայաստանի կառավարության որոշումը` հրավիրելու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին դիտարկելու հանրաքվեն»: Եվրոպական Միությունն անդրադառնում է նաեւ ընդդիմադիր կուսակցությունների՝ հանրաքվեին մասնակցությանը. «ԵՄ-ն կողջուներ նաեւ Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունների մասնակցությունը հանրաքվեին եւ ափսոսանք է հայտնում ընտրական հանձնաժողովներից իրենց անդամներին հետ կանչելու նրանց որոշման կապակցությամբ»: ԵՄ-ն նաեւ բոլոր կողմերին կոչ է անում ապահովել, որպեսզի հանրահավաքները շարունակեն խաղաղ բնույթ կրել: