ՀՀ Հանրային խորհրդի երեկվա նիստում քննարկվեցին փոքր եւ միջին բիզնեսի (ՓՄՁ) զարգացմանը վերաբերող հարցեր:
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանի խոսքով` վերջին 2-3 տարիների ընթացքում բիզնես միջավայրում նկատելի է «իրական առաջխաղացում»: Վերջին ժամանակներում ՀՀ Կառավարությունը փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը հռչակել է գերակա ուղղություն եւ ըստ իշխանության ներկայացուցիչների` արվում է ամեն ինչ այդ ճյուղը զարգացնելու եւ այլ երկրների հետ մրցակից դարձնելու ուղղությամբ: Սակայն փորձը ցույց է տալիս, որ ոչ միայն սկսնակ ձեռնարկատերերի համար բարենպաստ պայմաններ չեն ստեղծվում, այլեւ չկա սկսնակ ձեռնարկություններին հարկերից ազատելու մեխանիզմը: Ըստ էության, վերջին տարիների ցուցանիշներն այս իմաստով ոգեւորիչ չեն, քանի որ նոր ձեռնարկություններով արդյունաբերության ոլորտը չի համալրվում, ընդհակառակը` հները վաճառվում են: Փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները, ճարահատյալ, դադարեցնում են իրենց գործունեությունը: Այս իմաստով ծիծաղելի էին հնչում Էկոնոմիկայի փոխնախարարի մեկնաբանությունները. «Իրոք, խնդիրները շատ են, սակայն բոլոր պաշտոնյա անձինք, քաղաքական գործիչներն իրենց ելույթներում հաճախ են նշում այն, որ փոքր եւ միջին բիզնեսի զարգացումն անմիջականորեն կապ ունի մեր երկրի տնտեսական եւ արդյունաբերական զարգացման հետ: Այդ մասին ասում ենք ոչ միայն մենք, այլ նաեւ միջազգային կազմակերպությունները, որոնց հետ մենք համագործակցում ենք: Հատկանշական է, որ այսօր ավելի լավ է, քան մեկ-երկու տարի առաջ»,- նշեց Կ. Մինասյանը: ՀՀ-ում բիզնեսի ներկայացուցիչներն այնքան են հնչեցրել իրենց խնդիրների մասին, մասնակցել ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին կամ այս կամ այն նախարարին, վարչության պետին կից ստեղծված այս կամ այն խորհուրդների քննարկումներին, որ այլեւս հոգնել են «պարապ» խոսակցություններից: Անընդհատ խորհրդակցություններ են անցկացվում, իրավիճակներ են ուսումնասիրվում, ու իրական քայլեր չեն նախաձեռնվում: ՀՀ Հանրային խորհրդում կազմակերպված քննարկումն էլ այդ «ոչինչ չասող ու ոչինչ չտվող» քննարկումների շարքից էր, որի իմաստը ներկաներից ոչ ոք այդպես էլ չհասկացավ: Թերեւս, միայն ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին էր հայտնի այդ քննարկման իմաստը` ձեւ տալ, թե գործ են անում, իմաստավորել Հանրային խորհրդի, դրա աշխատակազմի գոյությունը: Դրա վկայությունն էր երեկվա քննարկմանը ներկա փոքր եւ միջին ձեռնարկությունների ղեկավարների անտարբեր ներկայությունը: Թեթեւ արդյունաբերության ոլորտի «ՏՈՍՊ» տրիկոտաժի ֆաբրիկայի ղեկավար Սուրեն Բեկիրսկին իրենց ոլորտից կոնկրետ խնդիր ներկայացրեց, մասնավորապես` վարկավորման խնդիրը: «Ձեռնարկատերերը վերցնում են վարկ, հետո հարկայինին մասնաբաժին ենք վճարում վարկավորման գումարից: Ստացվում է` տոկոսով գումարները ձեռնարկատերերը վերցնում են հարկայինի համար»,- շատ կոնկրետ նշեց Սուրեն Բեկիրսկին: Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն` ի պատասխան գործարարի հարցադրման, ասաց, որ բարձրացված հարցերը կքննարկվեն Հանրային խորհրդին կից ստեղծվելիք փոքր եւ միջին բիզնեսին աջակցող խորհրդում, որը համակարգելու է ՀԽ Ֆինանսատնտեսական եւ բյուջետային հանձնաժողովը: Ահա այսպես, ազդարարվեց եւս մեկ` խորհրդին կից խորհրդի մասին:
Ե.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ