Հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հայկական բանակի սպա Վահե Ավետյանի նկատմամբ կատարված դաժանությունը, երիտասարդ բժշկի մահը, ապա Ռուբեն Հայրապետյանի` ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին հայտարարությունը, դրան հետեւած արձագանքներն ու գնահատականները վկայում են Հայաստանի հասարակական-քաղաքական մթնոլորտի անառողջության, վտանգավոր աստիճանի անառողջ լինելու մասին:
Ընդ որում, եթե նույնիսկ ողբերգական դեպքերի առիթով հասարակությունը, հանրային միավորները առնվազն մեկ քայլ առաջ են գնում, ապա իշխանությունը ավելի է դեգրադացվում: Իշխանությունն արդեն որերորդ անգամ ցույց է տալիս իր դեմքը` նախ ոճրագործության նկատմամբ հանցավոր լռությամբ ու ոճրագործությունն արդարացնելու թաքնված փորձերով, ապա` այդ ոճրագործությունից առավելագույնս օգտվելու ու քարոզչական տեսարաններ սարքելու կարողությամբ:
Մինչեւ երեկ «Հարսնաքարում» տեղի ունեցածի, ապա Վահե Ավետյանի մահվան մասին հրապարակայնորեն արտահայտվող հատուկենտ իշխանական դեմքերը հասարակությանը, քաղաքական ուժերին մեղադրում էին ողբերգությունը շահարկելու, քաղաքական դիվիդենտներ ստանալու նպատակ հետապնդելու մեջ: Այդ մեղադրանքներում գուցե կար ճշմարտության որոշակի բաժին, ինչը, սակայն, ամենեւին չի նսեմացնում քաղաքացիական հասարակության, հանրային միավորների դերը վերջին օրերին տեղի ունեցած գործընթացներում: Սակայն, երբ իշխանությունը մեղադրում է ուրիշներին ողբերգությունը շահարկելու մեջ, պետք է առնվազն բարոյականություն ունենա, նույնը` ավելի արտահայտված ձեւով չանելու համար: Մինչդեռ Ռուբեն Հայրապետյանի` պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին հայտարարությունը, դրան նախորդած տեղեկատվական արտահոսքերը, ապա մամուլում ու սոցիալական ցանցերում արտահայտված «հիացմունքի ճիչերը» ցույց տվեցին, թե որքան էժանագին ձեւով իշխանությունը օգտագործեց երիտասարդ սպայի մահը ու դրա արդյունքում առաջացած հասարակական ընդվզումը: Ռուբեն Հայրապետյանի հայտարարության մեջ, այսպես թե այնպես, արձանագրված էր, որ մանդատից հրաժարվելու մասին որոշում կայացնելուց առաջ ինքը հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այսինքն` եթե անգամ Հայրապետյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու որոշումը կայացրել է ինքնուրույն, նրան ստիպել են հայտարարել Ս. Սարգսյանի հետ հանդիպման մասին` ցույց տալու համար, որ դա տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի «բարձր հովանու ներքո»: Իսկ որպեսզի այդ տպավորությունը ավելի «ազդեցիկ» լինի, նախագահականի տեխնոլոգները իշխանական կայքերում շատ արագ տարածեցին իշխանական լրատվական կայքերից մեկի լրագրողի «պատահական հարցազրույցը» նախագահականի հետնամուտքից դուրս եկող, ակնհայտորեն ընկճված Ռուբեն Հայրապետյանի հետ: Թվում էր, թե «Մաշտոցի պուրակ» օպերացիայից հետո իշխանական քարոզչամեքենան էժանանալու տեղ այլեւս չի թողել, սակայն իշխանական տեխնոլոգները չկարողացան դիմանալ Ս. Սարգսյանին հերթական անգամ «բարի դատավորի» դերում ներկայացնելու գայթակղությանը: Գնահատականները, որ իշխանությունը զոհաբերեց Ռուբեն Հայրապետյանին, մեծ չափով համապատասխանում են իրականությանը: Բայց դա երեւույթի մակերեսային դրսեւորումն է, քանի որ զոհաբերելով իշխանական բուրգի կամ օլիգարխիկ համակարգի մի մասնիկին, զոհաբերելով այն ձեւով ու մատուցմամբ, ինչպես որ արվում է, իրականում իշխանությունն ավելի ամրապնդվում է: Քանի որ մի կողմից` դառնում է ավելի «ժողովրդավար», ավելի «բարի», հասարակությանն ավելի ընդառաջ գնացող, մյուս կողմից` որակով, գործելակերպով, իշխանությունը պահպանելու մեթոդներով, մնում է բացարձակապես նույնը: Եվ այս հարցում իշխանությունը կարողանում է օգտագործել քաղաքացիական հասարակության դժգոհության ալիքը: Խոսքն այն տեսակետների մասին չէ, որ այս օրերին հնչում են` կապված բողոքի ալիքն իշխանական որոշակի շրջանակներից ուղղորդելու հետ, թեեւ դրանում եւս կարող է ճշմարտության հատիկ լինել: Ոչ էլ խոսքն այն մասին է, որ տարբեր հասարակական կազմակերպություններ-նախաձեռնություններ գործում են իշխանական բուրգի մաս կազմող այս կամ այն պաշտոնյայի հովանավորության տակ եւ նման առթիներն օգտագործելով, աղմուկ բարձրացնելով` իրենց հաշիվներն են մաքրում նույն այդ բուրգի մեկ այլ անդամի հետ: Խոսքն այն մասին է, որ իշխանությունը, այսպես ասած, նպաստելով կրքերի շիկացմանը, ինչ-որ պահի իր ձեռքն է վերցնում նախաձեռնությունը եւ ուղղում է իրեն ձեռնտու հունով: Ճիշտ այնպես, ինչպես եղավ Մաշտոցի պուրակի դեպքում, երբ շաբաթներ շարունակ իշխանությունը նպաստում էր պուրակում կատարվող բողոքի ակցիաների տեղեկատվական տարածմանը, արդյունքում` ալիքն ավելի մեծանում էր այնքան, մինչեւ եկավ Սերժ Սարգսյանն ու արտասանեց արդեն թեւավոր խոսք դարձած «սիրուն չի» արտահայտությունը: Նույնը տեղի ունեցավ նաեւ «Դոմինգո» օպերացիայի ժամանակ, որի արդյունքում էլ իշխանությունն իր քարոզչական ռեսուրսներով նպաստեց Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի դեմ տարվող արշավին, կրկին կրքերը եռացին այն աստիճան, մինչեւ միջամտեց Սերժ Սարգսյանը, եւ Բեգլարյանը հրաժարական տվեց: Ընդ որում, ինչպես նախորդ բոլոր դեպքերում, այդ ժամանակ եւս դա արվեց օրենքի կոպիտ խախտումներով: Բայց իշխանությունը կարողացավ գործընթացը տանել այն հունով, որ «չարի կերպարի պատիժը» հասարակությունն ընդունի ոգեւորությամբ` աչք փակելով օրենքների ոտնահարման վրա: Նույնը կարելի է ասել նաեւ Ռուբեն Հայրապետյանի հետ կատարվածի դեպքում: Իշխանական քարոզչությունն առանց ուղիղ արտահայտությունների` դա ներկայացնում է այնպես, որ Սերժ Սարգսյանը ստիպեց Ռուբեն Հայրապետյանին, եւ միայն դրանից հետո վերջինս հայտարարեց մանդատից հրաժարվելու մասին: Այն դեպքում, երբ զուգահեռաբար շրջանառվում է տեսակետը, թե այդ քայլը բարոյական պատասխանատվության արտահայտություն էր: Եթե խոսքը բարոյականության, այսինքն` խիստ ինդիվիդուալ կատեգորիայի մասին է, ի՞նչ կապ ունի նախագահը դրա հետ:
Այս նախադեպերը, ի թիվս այլ բացասական ազդեցությունների, պարունակում են շատ որոշակի մեկ այլ վտանգ: Գործնականում Հայաստանում իշխանության ցանկացած ներկայացուցիչ կարող է ցանկացած հանցագործություն կատարել, որը «նախագահի միջամտությամբ» կարող է դառնալ «բարի գործի պատմություն»: Այսինքն` իշխանությունը ստեղծել է արդյունավետ մեխանիզմ` օրենքից վեր գտնվելու ու, միաժամանակ, ժողովրդավարի կերպարով հանդես գալու համար: Ընդ որում, քանի որ Հայաստանում արդեն ամեն ինչ հիմնված է քարոզչության վրա, երկրորդական է դառնում այն հանգամանքը, որ դա ավելի շատ միապետությանը, սուլթանությանը բնորոշ հատկանիշ է, եւ ոչ թե ժողովրդավարության դրսեւորում: Հասարակությունը, լայն հասարակությունը դեռեւս նմանատիպ քարոզչության նկատմամբ իմունիտետ չունի, ինչը եւս ընկած է իշխանության քարոզչական քաղաքականության հիմքում:
Կատարվածը նաեւ առիթ է քննարկելու քաղաքացիական հասարակության գործունեությունը, քաղաքացիական հասարակության եւ քաղաքական ուժերի կապը, փոխադարձաբար օգտագործվելու իներցիան: Չվիճարկելով քաղաքացիական հասարակության, տարբեր նախաձեռնությունների գործունեության կարեւորությունը, այդ թվում` «Հարսնաքարում» կատարվածի դեմ ընդվզելու, միավորվելու հարցում, այդուհանդերձ, պետք է արձանագրել, որ այս դաշտում եւս որոշակի խնդիրներ կան, որոնք, թերեւս, ընդհանուր հասարակական-քաղաքական մթնոլորտի արդյունքն են: Քաղաքացիական նախաձեռնությունները, ֆեյսբուքյան տարբեր խմբերը որոշակիորեն որդեգրել են կուսակցություններին բնորոշ գործելաոճ: Այն իմաստով, որ դրանցում եւս հաստատվել է միակարծության մթնոլորտ, այլակարծության տաբու: Մարդը կարող է համակարծիք լինել այս կամ այն նախաձեռնության հռչակած նպատակներին, սակայն ինչ-ինչ հարցերում ունենալ սեփական, մեծամասնությունից տարբերվող դիրքորոշում, որն անմիջապես որակվում է` որպես ծախվածություն, դավաճանություն, իշխանություններին սպասարկելու թաքնված գործողություն: Նույն «Հարսնաքարի» ողբերգությունը, դրան հետեւած գործընթացները, մանդատից հրաժարվելու մասին Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը բազմաթիվ շերտեր ունեցող երեւույթներ են: Սակայն որեւէ տեսակետ, որը տարբերվում է նախաձեռնողների հռչակած «շերտից», անմիջապես արժանանում է հակազդեցության: Դրանում համոզվելու համար բավական է հետեւել ֆեյսբուքյան քննարկումներին, այդ նախաձեռնությունների կողմից փողոցում կազմակերպվող ակցիաներին:
Ներկայումս Հայաստանում որոշակի տրանսֆորմացիոն գործընթացներ են կատարվում, որոնցում քաղաքացիական հասարակության դերակատարումը մեծանում է: Ու որպեսզի չափազանց դրական ու ողջունելի այդ գործընթացն իսկապես կայանա, կարեւոր է քաղաքացիական միավորներին զերծ պահել քաղաքական դաշտում հաստատված արատներից: Ի վերջո, քաղաքացիական հասարակության դերակատարումն այսօր մեծացել է նաեւ քաղաքական դաշտի դեգրադացման պատճառով: «Հարսնաքարն» այդ իմաստով նաեւ կատալիզատորի դեր կարող է կատարել: Այո, իշխանությունը որոշակի քայլերի ստիպված եղավ գնալ, առաջին հերթին, քաղաքացիական ակտիվության պատճառով, սակայն, եթե այդ ակտիվությունը շարունակի գեներացվել միայն «սա մեր հաղթանակն էր» էյֆորիկ կոչերի տրամաբանությամբ, իշխանությունն այդ հաղթանակը ծառայեցնելու է իր համար նոր, գուցե արտաքուստ չերեւացող, բայց ավելի կարեւոր «հաղթանակներ» կերտելու համար:
Գագիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ