Եկավ, ասաց, գնաց

05/07/2012

ԵԽ նախագահ Հերման վան Ռոմպեյի երեւանյան այցը, ըստ ծրագրվածի, պետք է մեկնարկեր հուլիսի 3-ի երեկոյան, սակայն վերջին պահին ծրագիրը փոխվեց եւ առավել խտացավ ու սահմանափակվեց միայն մի քանի ժամվա հանդիպումներով:

Երեկ Եվրոպական խորհրդի նախագահը Երեւանում մի քանի տարբեր ելույթներ է ունեցել, նախագահ Սերժ Սարգսյանի հետ մասնակցել է համատեղ մամլո ասուլիսի:

«Հայաստանը Եվրոպայում» քաղաքացիական հասարակության համաժողովում Ռոմպեյը հայտարարել է. «Հայաստանը Եվրոպային մոտեցնելու համատեղ ծրագիրը կգործի միայն այն դեպքում, եթե այն ընկալվի եւ աջակցություն ստանա քաղաքացիական հասարակության կողմից: Հայաստանը ճիշտ ուղու վրա է: Թեպետ դեռեւս կան հարցեր, որոնք լուծման կարիք ունեն… եւ հույս ունենք, որ այս ամենը կհարթվի առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ»: Նույն նկատառումները Եվրախորհրդի նախագահը հայտնել է նաեւ Ս. Սարգսյանի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ: Բարեփոխումների գործընթացում նա կարեւորել է երեք ոլորտներ` բարեփոխումների գործընթացը, հաշվետվողականությունը եւ մասնագիտացումը: Մասնագիտացման, ֆինանսական եւ տեխնիկական աջակցություն են ցուցաբերում մի շարք ուղղություններով. կարիք ունենք խորհրդատվության իրավական դաշտի ինստիտուցիոնալ իրավիճակի հետ կապված: Նա ասել է, որ պետք է տեղեկանա այն մտահոգություններին, որ քաղաքացիները ունեն: Բացի այդ, Ռոմպեյը նշել է, որ կշարունակեն քաղաքացիական հասարակության կազմակերպություններին ֆինանսական աջակցություն ցուցաբերել` ժողովրդավարության, մարդու իրավունքների, հասարակության կարեւորագույն դերակատարումը իրական բարեփոխումներին ծառայեցնելու համար: Հայաստանի նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսում Եվրոպական խորհրդի նախագահը հայտարարել է, որ Եվրոպական Միությունը Հայաստանին տրամադրվող օգնությունը կավելացնի 25%-ով` հասցնելով մինչեւ 15 մլն եվրոյի: Վան Ռոմպեյը նաեւ նշել է, որ ողջունում է ՀՀ իշխանությունների բոլոր ջանքերը` ավելի մրցակցային եւ թափանցիկ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար: «Ինչպես ասված էր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջնական զեկույցում, կային որոշակի թերություններ, բայց մենք հուսով ենք, որ դրանք կլուծվեն նախագահական ընտրություններից առաջ»,- ասել է նա: Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի մասին, նա ասել է, որ այն շարունակում է առաջնահերթություն մնալ Եվրամիության համար: «Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար կողմերը պետք է փոխադարձ վստահություն ցուցաբերեն: Իսկապես, մտահոգություն են առաջացնում վերջին շրջանում շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերը: Ես իմ ցավակցությունն եմ հայտնում զոհված զինվորների հարազատներին: Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է կարգավորվի միայն խաղաղ, բանակցային ճանապարհով, միայն այս դեպքում կարելի է ստատուս-քվոյից առաջ անցնել»,- ասել է Ռոմպեյը: «Ուժի կիրառման սպառնալիքները եւ զինված սադրանքները նույնչափ անհարիր են 21-րդ դարի Եվրոպայի համար, որքան ազգատյաց հայտարարությունները, անհանդուրժողականությունը, պատմության վերախմբագրման փորձերը: Մենք ողջունում ենք Եվրոպական Միության պատրաստակամությունը` վստահության ամրապնդման միջոցառումներ իրականացնելու եւ տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հասնելու հարցում»,- երեկ հայտարարել է Ս. Սարգսյանը:

Եվրախորհրդի նախագահը ելույթ է ունեցել նաեւ ԱԺ-ում, որտեղ եւս անդրադարձել է նշված հարցերին` ավելի համապարփակ ձեւով: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը` նա խորհուրդ է տվել վերցնել եվրոպական փորձը: «Մեր հարաբերությունները խորացնելու հարցում ելնում ենք ընդհանուր արժեքներից ու հավակնություններից: Եվրոպան Հայաստանին դիտում է որպես հիմնական գործընկեր միջազգային խաղաղություն եւ անվտանգություն ապահովելու գործում, գործուն մուլտիրատերալիզմ ապահովելու եւ հակամարտությունների խաղաղ կարգավորման գործում` ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի ձեւաչափերով: Այն հավակնությունները, որ ունենք Հայաստանի հետ մեր հարաբերությունները զարգացնելու հարցում, կարդարացվեն միայն այն դեպքում, երբ հիմնված լինեն խաղաղության, կայունության եւ անվտանգության վրա: Իրավիճակը տարածաշրջանում շատ լուրջ մարտահրավեր է ներկայացնում: Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը այս երկրի, այս տարածաշրջանի ահռելի ներուժը կյանքի կոչելու հիմնական գրավականներից ու նախապայմաններից է: Բայց որպեսզի այս դռները բացվեն, շատ բան կախված է կամքի առկայությունից, ոչ միայն քաղաքական գործիչներից, այլ նաեւ քաղաքացիներից, ովքեր համատեղ պետք է դժվար որոշումներ կայացնեն, միասին աշխատեն` պոպուլիստական հռետորաբանությունից փորձելով զերծ մնալ: Եվրոպայի կայացման նախաձեռնությունը ծնվեց այն գաղափարից, որ մենք մեր պատմության գերիներն այլեւս չենք լինի, կհաղթահարենք հակամարտության սպիները եւ վերքերը եւ նախկին թշնամիներ լինելով` համատեղ ապագա կստեղծենք: Եվրոպան կառուցելը սկսեցինք փոքր, կառավարելի քայլերից: Ամենաառաջին քայլն այն էր, որ նախկինում ոխերիմ թշնամիները որոշեցին համախմբել ածուխի եւ պողպատի մեր արտադրությունը. այս ապրանքներով էր սնվում պատերազմական մեքենան նախկինում: Քայլ առ քայլ մեր մայրցամաքում երկրների հասարակությունները մերձեցան: Եվ այն երկրները, որ նախկինում դարեր շարունակ պայքարում ու պատերազմում էին միմյանց դեմ, սկսեցին միասին հանդես գալ: Յուրաքանչյուր փուլն այս ճանապարհի հարուստ էր իր ուրույն մարտահրավերներով: Կան մարտահրավերներ նաեւ հիմա, բայց անհերքելիորեն կարող ենք նշել` այս ճանապարհով է, որ Եվրոպա մայրցամաքում հասանք բարեկեցության եւ խաղաղության»,- ասել է Ռոմպեյը: Խոսելով Հայաստանի ներքին քաղաքականության մասին ու ԵՄ-ի հետ հարաբերություններից` նա կրկին անդրադարձել է ԼՂ հակամարտությանը` ասելով. «Արեւելյան գործընկերության օգուտները հնարավոր չէ լիարժեքորեն քաղել, եթե չլինի կայունություն. կայունություն հարեւանների միջեւ հարաբերություններում` եւ միջնաժամկետ, եւ հեռանկարային նպատակների իրագործմամբ: Գործը առաջ չի գնա, եթե շարունակաբար հակամարտության սպառնալիք լինի տարածաշրջանում, բայց թույլ տվեք նշել, սա իրականություն է, եւ այս իրականության հետ ինչ-որ բան պետք է անել: Եվրամիությունը կշարունակի պնդել, որ Հայաստանը եւ Ադրբեջանը զարկ տան իրենց ջանքերին` ընդհանուր համաձայնության գալու ուղղությամբ: Մադրիդյան սկզբունքները շարունակում են արժեքավոր հիմք ծառայել խաղաղություն հաստատելու համար` համաձայն այն հանձնառությունների, որ ստանձնել են երկու երկրների նախագահները` Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի, այսինքն` Մինսկի խմբի համանախագահների առջեւ: Եվ մենք կշարունակենք հայցել առանց որեւէ նախապայմանների ազատ մատույցները դեպի ԼՂ եւ շրջապատող տարածքներ Եվրամիության համար»: